Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ընթերցասրահում Աշնանային ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանում «Գիտության շաբաթ» փառատոնի և «Պատուհան դեպի գիտություն» հասարակագիտական նախագծի շրջանակներում հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիպում պատմաբան, քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար Հայկ Նազարյանի հետ։


Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ավագ դպրոցի պատմության ընտրությամբ գործունեության խմբերի տարատարիք սովորողները, պատմության և հասարակագիտության դասավանդողները, հետաքրքրված այլ անձինք։
Քննարկման նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում։
Պրն. Նազարյանի հետ հանդիպումը մեկնարկեց Հայաստանի առաջին հանրապետության ծագման և գործունեության վերաբերյալ պատմական ակնարկներով։ Սկզբից բանախոսը ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններում է անկախացել 20-րդ դարի հայաստանյան առաջին պետականությունը, խոսեց, թե ինչպիսի մարտահրավերների ու խոչընդոտների է բախվել իր պետականության կերտման գործում։ Քննարկան ընթացքում կարևոր անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների շահերին:
Մեր հանդիպման թերևս ամենակարևոր մասը, այն է՝ Հայաստանի երրորդ հանրապետությունն ու նրա ապագան, մեկնարկեց նախորդ պետության հետ զուգահեռներ անցկացնելով։ Մենք՝ սովորողներս, ուշադիր լսում էինք և փորձում էինք վերլուծել և շաղկապել ներկայիս դրության հետ։ Պետք է հատուկ ընդգծեմ, որ բանախոսի ներկայացրած թեման շատ կարևոր էր, արդիական հետաքրքիր, բազմաբովանդակ։ Ոչ պակաս կարևոր էր նաև ներկայացումը, այն է՝ իրողությունների հաջորդականության ճիշտ ներկայացումն ու սովորողների կողմից դրա ճիշտ ըմբռնումը։ Այսպիսով, խոսեցինք հարևանների՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության արդյունքում ստացած օգուտների, որոշների կրած վնասների մասին։ Սովորողները քիչ, թե շատ կարողացան հասկանալ, թե արյունահեղ պատերազմներից ո՞ր գերտերություններն ու տերությունները շահեցին, և որ ո՞ւմ էր ձեռնտու նման ավարտը կամ գուցե շարունակականությունը։ Մեծ անդրադարձ եղավ նաև տարբեր պետությունների՝ աշխարհաքաղաքականության մեջ դեր զբաղեցնելու թեմային։






Եվ իհարկե, ժամանակ հատկացվեց նաև քննարկելու հայաստանյան իրականության ներկայիս վիճակը։ Մենք արդեն հանդիպման վերջում հարցեր ուղղեցինք բանախոսին և փորձեցինք այդ կերպ պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետության ապագայի հեռանկարների մասին։
Շնորհակալություն ենք հայտնում պրն. Նազարյանին նման կարևոր բանախոսություն վարելու, սովորողների հետ պետության անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար։ Այսօր հենց այդպիսի թեմաներն են արդիական, և որն ավելի կարևոր է, այդպես ենք մենք ճանաչում և կարողանում հաշվարկել մեր քայլերը՝ որպես ինքնուրույն ժողովուրդ՝ որպես ինքնիշխան պետություն։