Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավագ դպրոցի ընթերցասրահում Աշնանային ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանում «Գիտության շաբաթ» փառատոնի և «Պատուհան դեպի գիտություն» հասարակագիտական նախագծի շրջանակներում հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում փաստաբան, «Simonyan & Partners» իրավաբանական ընկերության իրավաբան Աշոտ Սիմոնյանի հետ.
Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ավագ դպրոցի իրավագիտությամբ հետաքրքրված տարատարիք սովորողները, պատմության և հասարակագիտության դասավանդողները, այլ անձինք։
Քննարկման նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում։
Քննարկումը մեկնարկեց իրավաբանության և իրավագիտության ծագման ու զարգացման վերաբերյալ փոքրիկ պատմական ակնարկներով։ Բանախոսը խոսեց Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասին, նրա՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված հոդվածների մասին։ Սովորողների հարցերին պատասխանելով՝ պատմում էր, թե իր կարիերայի ընթացքում ինչպիսի բարդությունների է բախվել և ցայսօր բախվում, ներկայացնում էր, թե ինչպիսի պատասխանատու և լուրջ աշխատանք է իրենից ներկայացնում իրավաբանությունն ու փաստաբանությունը։ Քննարկումն ավելի ակտիվացնելու և ինտերակտիվ դարձնելու համար՝ պրն. Սիմոնյանը պարբերաբար հարցեր էր ուղղում իր մասնագիտության վերաբերյալ լսարանին, որպեսզի սովորողները կարողանան իրենց սեփական դիրքորոշումն ու տեսակետերը հայտնել։





Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ մարդու իրավունքների պաշտպանությանը դատավճռի ընթացքում, այդ համատեքստում խոսվեց վաղեմության ժամկետի կարևորության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ուրույն նշանակության մասին։ Պրն. Սիմոնյանի հետ քննարկումը շատ հետաքրքիր անցավ, և սովորողները ոգևորված լսեցին, հարցեր ուղղեցին, ինչպես նաև աներկբայորեն նորանոր գիտելիքներ ձեռք բերեցին բարդագույն մասնագիտություններից երկուսից՝ իրավաբանությունից, փաստաբանությունից։
Շնորհակալություն ենք հայտնում իրավաբան, փաստաբան Աշոտ Սիմոնյանին՝ նման կարևոր թեմայով ընթերցասրահում ավագ դպրոցի սովորողների հետ քննարկում անցկացնելու համար։
Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի