<<Միրհավ>> պատմվածք

1․ Բնութագրի՛ր Սոնային՝ հիմնավորելով ասածդ պատմվածքից բերված հատվածներով։ 

Ելնելով սյուժեից՝ կարելի է ենթադրել, որ Սոնան միամիտ է, ինչ-որ տեղ ազատատենչ, դյուրագրգիռ, զգայուն և հուզական։ Պատմվածքը ցույց է տալիս, որ Սոնան, ի հեճուկս այն համոզման, որ Դիլան դայն ամուսնացած է, միևնույնն է չի կարողանում դիմադրել նրա գայթակղություններին և հարաբերության մեջ է մտնում Դիլան դայի հետ։ Սոնան, ըստ էության, նաև քայլերը չհաշվարկող էակ է, սակայն, հաշվի առնելով այն, որ նման դեպքում կրքերը շատ ու շատ դժվար է զսպելը, նույնիսկ երբ կողակիցը վաղեմի ընկերն է, ապա Սոնայի հանդեպ մեղադրանքները մեղմանում են։

2․ Ինչպիսի՞ն է Դիլան դային։ 

Դիլան դայը, անշուշտ, համառ է, իր ուզածին հասնող, սակայն ևս քայլեր չհաշվարկող։ Դիլան դայիի մեջ ինձ դուր է գալիս այն, որ թեկուզև այդպիսի դեպքից հետո նա կարողանում է ճշգրիտ կշռադատել, կարողանում է փիլիսոփայել և խորին հասկանալ խնդիրն ու իր կատարած արարքը։ Դիլան դայը շատ է մտորում, շատ է մտքեր ածում, սակայն դա որոշակիորեն հակասում է նրա՝ քայլերը չհաշվարկելուն կամ թերի հաշվարկելուն։ Դիլան դայը, նստելով արտում և խորհելով, ընթերցողին կարողանում է ներթափանցել ամբողջ սյուժեի մեջ, կարողանում է այնպես անել, որ կյանքը թվա դժբախտ՝ փոքր, չմտածված արարքի մասին։ Դիլանն ունակ է ընթերցողին ներքաշել իր պատմության մեջ, դարձնել դրա ականատեսն ու վկան, ինչ-որ տեղ նաև՝ մասնակիցը։

3․ Ինչի՞ մասին է պատմվածքը։

Պատմվածքն ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի անհուն զգացողության արտացոլման մասին է։ Եվ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ պատմվածքը սկսվում է ինչ-որ մարդուց, ով նստել է ինչ-որ արտում և խորհում է՝ հիշելով իր վերապրած զգացողությունները։ Պատմվածքը սիրո մասին է, այն սիրո, որը երբեք չդարձավ հավերժական։ Պատմվածքը նաև մարդկային տկարության, անզորության մասին է սիրո նկատմամբ։ Եթե կա իրական սեր, դա կարևոր է, ոչ մի պատնեշ չի կարող խանգարել։ Եվ այս պատմությունն հենց դրա մասին է. աղջիկ և տղա իրար հետ մեծացել են, հաց կիսել, խաղեր խաղացել, լավ ու վատ օրեր միասին անցկացրել, սակայն օրերից մի օր տղան, միգուցե իր կամքին հակառակ, միգուցե ծնողների որոշմամբ /պատմությունը լռում է/ ամուսնացել է մեկ այլ աղջկա հետ, որին գուցե երբևիցե չի սիրել /դա ևս հնարավոր չէ ասել/, բայց այն որ տեսնելով Սոնային արտում նա ենթագիտակցաբար վերհիշում է իր մանկությունն ու խորասուզվում կրքերի մեջ։ Եվ այստեղ, անկեղծ ասած, չգիտես էլ ում մեղադրես, կարծես, բոլորն էլ անմեղ են, իսկ այդ դրվագն ուղղակի մեկմեկի սիրո արտահայտման և փոխկապակցվածության զգացողության մասին է։ Պատմությունը նաև անվերադարձ սիրո մասին է. Սոնային Դիլան դայը վիրավորեց մինչև սրտի խորքը, և նա այդպիսով հեռացավ՝ թողնելով հուշեր, դառը-քաղցր զգացողություններ, լաց և հուսահատություն…

4․ Ի՞նչ համեմատություններ է գործածում հեղինակը <<Միրհավ>> պատմվածքում։ Դու՛րս գրիր քեզ համար ամենից տպավորիչ համեմատությունները։

Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,― տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով…

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր։

<<Ալպիական մանուշակ>> պատմվածք

Բակունցի «Ալպիական մանուշակը» նվիրված է Չարենցի կնոջ՝ Արփենիկի հիշատակին։ Սակայն այն արտացոլում է Բակունցի հուշերը իր կյանք ներխուժած այլ կնոջ՝ Ժենյա Գյուզալյանի մասին։

1. Բնութագրի՛ր՝

նկարչին — նա խորասուզված էր իր արվեստի մեջ. անընդհատ ու անդադար նկարում էր, ստեղծագործում, փորձում էր ամեն մի մանրուք, ամեն մի մանրամասնություն ներկայացնել սպիտակ թղթի վրա։ Պետք է ասել, որ նա շատ նրբանկատ էր, գործի վրա կենտրոնացող, իր գործի իսկական մասնագետ։ Նա կարողանում է մասնագիտորեն փոխանցել մարդկանց զգացմունքներ, էմոցիաներ, տարբեր տրամադրություններ իր նկարներով,

հնագետին — հնագետը, ինչպես նկարիչը, խորասուզված էր իր գործի մեջ։ Իրենցից յուրաքանչյուրը տեսնում էր այն, ինչ պետք էր իրեն։ Ինչ վերաբերում է մարդկային բնավորությանը՝ նա բարի էր, համեստ, շատ խելացի, ինչ-որ տեղ պարզունակ մարդ, ձգտում է իր ուսումնասիրություններով «բացահայտել աշխարհը»,

հնձվորին — նա աշխատասեր է, իր գործին նվիրված։ Նա օրնիբուն աշխատում էր, արտերում հոգնում, քրտինք թափում, բայց, այնուամենայնիվ, դա չի կարող ազդել նրա մարդկային վերաբերմունքի ու բնավորության վրա, իսկ նա իր ընտանիքի հետ ստեղծագործության վերջում վարվեց այնպես, ինչպես իրեն թույլ չի տա որևէ իրեն հարգող տղամարդ։ Նույնիսկ չիմանալով բուն պատճառը, կամ ավելի կոնկրետ՝ չիմանալով բուն նախորդող իրողությունը, նա պարզապես մի հարվածով վիրավորեց իր կնոջն ու երեխային, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

հնձվորի կնոջը — անսահման բարի, հոգատար, համեստ, քաղաքավարի, դաստիարակված մի կին, տենչում և ձգտում է ազատության։ Հնձվորի կինը թողնում է հայ ավանդական տիպիկ կնոջ տպավորություն՝ ելնելով իր զբաղմունքներից, վերաբերմունքից։ Եթե ենթադրենք, որ ինչ-որ անծանոթ հնձվորների խումբ որոշի մուտք գործել մի կնոջ տուն, ապա վերջինիս գործողությունները քիչ, թե շատ պարզ են ու կանխատեսելի։ Սակայն կինը վարվում է դույզն-ինչ տարօրինակ, ընդունում է իր հարկի տակ անծանոթներին։ Եվ դրանում է կայանում նրա հեզությունը, նա շատ բարի ու համեստ է, ինչպես որ նշեցի արդեն։ Բայց մեկ-մեկ այդ չափից դուրս հեզությունն ունենում է վատ հետևանքներ …

2. Ի՞նչ է կյանքը նկարչի համար։

Նկարչի համար կյանքը կայանում է մատիտով հուզմունքներ, զգացմունքներ և տրամադրություններ փոխանցելու մեջ։ Նա փորձում է անընդհատ որսալ պահը, վերցնել մատիտը և ստեղծագործել, գեղեցիկ նկարել՝ վայրերից ու քարերից մինչև մարդիկ ու երեխաներ։ Իր համար կյանքը արվեստ է, մի ուրույն արվեստ։ Նկարչի համար կյանքն արվեստ է, իսկ արվեստը՝ կյանք …

3. Ի՞նչ է խորհրդանշում հետևյալ պատկերը․ << Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան>>։

Միգուցե հետևյալ տողը ցանկանում է ասել, որ շատերի համար կյանքն անհոգ, անդարդ, հարթ ու հանգիստ մի ժամանակահատված է։ Այստեղ կարելի է բազում բացատրություններ առաջ քաշել, սակայն ես կարծում եմ, որ հետևյալ տողի բուն միտքն այն է, որ նկարիչը կյանքը տեսնում էր միայն մի կողմից, միայն լավ ու դրական կողմից՝ դաժանաբար արհամարհելով վատ կողմը՝ խանդը, չարիքը, մարդկանց տմարդի վերաբերմունքը։ Գունավորը, ծիրանագույնը, այս ամենը խորհրդանշում են պայծառ կյանքը՝ իր բոլոր-բոլոր գույներով։ Այսպես էր նկարագրված նաև անուշաբույր մանուշակը։ Սակայն տարբերությունն այն է, որ մանուշակի դեպքում, ի հեճուկս նկարչի, արտացոլվում են նաև նրա պայքարն ու մաքառումները կյանքի համար /չմոռանանք՝ նա քարերով էր շրջապատված և կարծես ցանկանում էր դուրս ծլկել այնտեղից/։ Այսինքն՝ բուն միտքն այն է, որ շատ մարդիկ կյանքը տեսնում են մի հարթության վրա, իրենց համար կա միայն ոգեշնչում, արվեստ, գեղեցկություն, սակայն չկա չարիք, մարդկային դաժան վերաբերմունք, մի խոսքով՝ մեդալի հակառակ կողմը. կա նաև հակառակ պնդումը՝ մարդիկ տեսնում են այն, ինչ իրենց է պետք։ Բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան. հստակ ներկայացվում է, թե բզեզն ինչպես է աշխարհը տեսնում։

4. Ի՞նչի կրողն է, մարմնացումն է հնագետը։

«Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։ Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը»։

Հնագետն իր առջև նպատակ է դրել բացահայտել հայաստանյան բարձունքները, Հայկական լեռնաշխարհ չքնաղ բնությունը՝ համատեղելով իր ուսումնասիրությունների հետ։ Ի տարբերություն նկարչի՝ նա կյանքը չի տեսնում մի հարթության վրա, սակայն ամեն դեպքում չի պատրաստվում կամ չի կարողանում որևէ գործողություն նախաձեռնել այդ խավարը մարելու համար։ Նա կյանքը տեսնում է նյութական իրերի մանրուքների, մանրամասնությունների մեջ, նրա համար կյանքի գեղեցկությունը անցյալն է։ Նրա համար կյանքը անդադար բացահայտում է, անվերջ արկած։ Մի խոսքով՝ հնագետը մարմնացումն է մի մարդու, ով խորապես գիտակցում է պահի վճռականությունն ու լրջությունը, սակայն վերջին պահին փորձում է հանգիստ գտնել այլ վայրում՝ որոշելով չդիմադրել, չպայքարել և չհաղթել, այլ ուսումնասիրել, հետազոտել, բացահայտել։

5. Ի՞նչի կրողն է, մարմնացումն է հնձվորի կինը։

Հնձվորի կինը հեզության, հոգատարության և մարդասիրության մարմնացումն է։ Բայց ամենից առաջ պետք է ընդգծել, որ նա հենց անմեղ տուժվածների մարմնացումն է, որը դարձել է իր իսկ սեփական բարեգործությունների արդյունքում։

Վրանի կինը արտացոլում է ալպիական մանուշակը՝ անպաշտպան, բայց միաժամանակ եզակի գեղեցկությունը, որն արտահայտվում է, թե՛ արտաքնապես, թե՛ ներքնապես, և որին տրորում է անտարբեր ոտքը։

6. Ինչու՞ է պատմվածքը վերնագրված <<Ալպիական մանուշակ>>։

Ըստ իս՝ վերնագրված է այդպես, քանի որ արտացոլում է տանջանքներն ու կտտանքները մի նուրբ գեղեցկության, որը պայքարում է սեփական կյանքի համար։

Երկրորդ տարբերակ. մտածում եմ՝ այսպես է վերնագրված, քանի որ, ինչպես ալպիական մանուշակին, այդպես էլ՝ աշխարհը տարբեր մարդիկ տարբեր են տեսնում, և պատվածքը հենց ցանկանում է մանուշակի օրինակով ցույց տալ, թե ինչքան բազմազան ու իրարից բոլորովին տարբեր են աշխարհն ու մարդիկ։

7. Ի՞նչ հակադրություններ ես տեսնում պատմվածքում։

Առաջին հակադրությունը գեղեցկությունն է ընդդեմ բռնության, երկրորդը՝ ազատությունն ընդդեմ անազատության, երրորդը՝ լույսն ընդդեմ խավարի։ Այս ամենը քիչ, թե շատ փոխկապակցված են միմյանց հետ և միասնաբար կազմում են ամբողջ ստեղծագործության հենասյունը։

8. Հեղինակին ու՞մ կերպարում ես տեսնում։

Ընդունելով, որ այս պատմվածքի բուն թեման, այն է՝ ընտանեկան բռնությունը, խանդը, նախանձը ու ընդհանրապես ընտանիքի խնդիրները շատ են լուսաբանված թումանյանական ստեղծագործություններում, կարելի է որոշակիորեն պնդել, որ հեղինակը ոգշնչվել է Մեծն բանաստեղծից։ Հեղինակը, հաշվի առնելով նրա քաղաքական կողմնորոշման պատճառով իշխանությունների կողմից արտաքսումը, տանջանքները և վերջ ի վերջո ծրագրավորած սպանությունը, այս համատեքստում հայտնվում է ալպիական մանուշակի կերպարում։

9. Ի՞նչ զգացիր պատմվածքը կարդալիս։ Ի՞նչը քեզ հուզեց։

Անշուշտ, ինձ շատ հուզեց ընտանեկան բռնությունը, այն է՝ մի գեղեցիկ ու նուրբ անհատի նկատմամբ։ Պատմվածքը ընթերցելիս՝ զգացի ինչ-որ անսովոր ջերմություն, կարծես հեղինակի հետ երբևիցե հանդիպած լինեի, նրա ոճին ծանոթ։ Անառարկելի է, որ Բակունցը մեծություն է, իսկական հանճար, որ կարողանում է ուրույն ձևով մատուցել գործողությունների ընթացքը, շաղկապել իրար նախորդող և հաջորդող իրողությունը, ընթերցողին ամբողջ պատմվածքի ընդամենը մեկ տողով անուղղակի ներկայացնել ընդհանուր գաղափարը։ Ես շատ գնահատեցի մարդ-բնություն կապը, որն այստեղ ներկայացված է բավականին մանրամասն։ Որոշ տեղերում, հեղինակի ու հերոսների հետ միասին, ուրախանում էի իրենց հաջողությունների, տխրում՝ դաժան կյանքի համար։ Պատմվածքը հյուսված է այնպես, որ վերջում մարդ չհասկանա, թե ինչ կարդաց, և ես այդ զգացումն ունեցա։ Ես պարզապես չհիշեցի, թե սկզբում ինչ էի ընթերցել և վերջում ինչ եզրակացության հանգեցի։ Ես այստեղ է կայանում նրա մեծությունը …

10. Դու՛րս գրիր (ընդգծի՛ր) հավանածդ տողերը, արտահայտությունները, համեմատությունները։

  1. Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան:
  2. Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։
  3. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։
  4. Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։
  5. Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ…
  6. Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։
  7. Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…