Աշնանային ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանակում հասարակագիտական մասնախումբը, «ՊլատֆորմԴոկ» հարթակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է Արցախյան վավերագրական ֆիլմի ցուցադրություն.
Ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցել այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Մայր դպրոցի Փոքր դահլիճում՝ 13:00-14:30 ընկած ժամանակահատվածում։ Վավերագրական ֆիլմը պատմում էր մի փոքրիկ արցախցու՝ 11-ամյա Վրեժի մասին, ով ապրում էր մի հրաշագեղ գյուղում՝ իր հարազատների հետ, և երազում էր դառնալ ատամնաբույժ։ Ահա թե ինչպես է բնութագրվում ֆիլմը «ՊլատֆորմԴոկ» հարթակի կողմից.

«Հասուն կյանք մտնելու պատմություն է, որի դեպքերը ծավալվում են հետխորհրդային Կովկասի լեռներում` մի քանի սերունդ տևած պատերազմի ֆոնին։ Պատմության կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` վայրի բադերի ու ոսկեթև մեղուների հետ, և երազում ատամնաբույժ դառնալ։ Նրա անուշ եզերքում, սակայն, սփռված են նախորդ պատերազմներից մնացած ականները` գծանշելով աշխարհի կողմից դեռ չճանաչված մի երկիր։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Հայրենի գյուղից հեռու Վրեժն իր օրերն անցկացնում է հաղթանակի անհամբեր սպասումով, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում. հայերը պարտվում են պատերազմում։ Դեռ կանգուն հայրենի գյուղը վերադառնալով՝ Վրեժն ականատես է դառնում ավերածությունների, փոխված ուժային հարաբերակցության և հայրենասիրական կրթության, որը երեխաներին նախապատրաստում է հնարավոր նոր մարտերի։ Վրեժը պետք է սովորի պատերազմի օրենքները… Բայց նա կարո՞ղ է իր երիտասարտ ուսերին կրել մի ամբողջ ազգի սպասելիքները։ Ֆիլմն Արցախի ժողովրդի կտակն է, որտեղ հույսը և փորձությունները սերնդեսերունդ կոփել են նրա տոկոնությունը»։
Նյութը վերցված է «Տունս քաղցր ա» ֆիլմի պաշտոնական կայքից.
Ի՞նչն է գրավում դիտողին
Ֆիլմն ինքն իրենով հետաքրքիր է, և առաջին իսկ րոպեներից թույլ է տալիս դիտողին հասկանալ իրավիճակը, կանխագուշակել ֆիլմի ընթացքը։ Գիտեք, նման ֆիլմերի վերաբերյալ, անկեղծ ասած, կարծիք հայտնելը թերևս ամենաբարդ գործերից է, բայց ես այնուամենայնիվ կփորձեմ՝ զսպելով հուզմունքս։


Ինքս երբեք չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, բայց այնտեղ լինելն ու այդ լեռների մեջ հանգիստս անցկացնելը եղել են միշտ իմ երազանքների շարքում։ Պատեհ-անպատեհ փորձել եմ գոնե աչքի ծայրով հիանալ այդ գեղատեսիլ բնությամբ՝ իր վեհորեն երկինք խոյացող ձյունապատ լեռներով ու անծայրածիր անուշաբույր բուրաստաններով։
Ֆիլմը տարբերվող է, այն նման չէ մեզ հայտնի շատ ու շատ ֆիլմերի։ Այս ֆիլմն առաջին անգամ դիտող մարդն ակնկալում է, որ տեսնելու է ռազմական գործողություններ, անմեղ բնակչության գլխին թափվող անթիվ-անհամար հրթիռներ ու ռումբեր, սակայն ոչ, ի հեճուկս պատկերացումների, այս ֆիլմը մեծամասամբ Արցախում բնակվող գրեթե յուրաքանչյուր խաղաղ կյանք երազող մարդու կենցաղի ու նիստուկացի մասին է, որն անշուշտ, պարուրված է հուզմունքով, լացով, ամենօրյա հոգեբանական տանջանքներով և անդադար աղոթքներով, և իհարկե, վերջապես խաղաղ ապրելու անհուն տենչանքով։
Անկեղծ պետք է խոստովանեմ, ինչքան էլ, որ ֆիլմը չի հետապնդում որևէ մեկին ճնշելու նպատակ, միևնույնն է, մարդ չի կարողանում այն դիտել մինչև վերջին րոպեն՝ առանց արցունքների։ Ինչպես նշեցի, ֆիլմում ներկայացված են փոքրիկ տղայի կենցաղը, առօրյան, դպրոցական և անձնական կյանքը, ընտանիքը, ամենօրյա հոգսերն ու աշխատանքները, զբաղվածությունն ու ատամնաբույժ դառնալու ուղղությամբ իր մտորումներն ու որոշակի քայլերը։ Եվ հենց դա է մինչև սրտի խորքը խոցում մարդուն։ Եթե նման ֆիլմը նկարահանված լիներ աշխարհի որևէ այլ անկյունում, որն ի տարբերություն Արցախի, խաղաղ պայմաններում է ապրում, ապա ֆիլմը կբնութագրվեր որպես սովորական ոչ մի բանով չտարբերվող առօրյա կյանքի պատմություն։ Սակայն քանի որ դիտողը գիտի, թե այն որտեղ է նկարահանված և ինչպիսի բարդ պայմաններում, կամա-ակամա մտորում է, թե ֆիլմի ասելիքը որն է լինելու։ Ասելիքն էլ, ինչ ասած, աղոտ է ու խաբուսիկ։ Ոմանք կարող են մտածել, որ այն մարդկանց տանջանքների մասին է, մյուսները՝ Արցախի դիմակայության, ոմանք էլ՝ պարզապես հերթական մի վավերագրական հոլովակ։





Կարճ ասած՝ ֆիլմը կարելի է նայել մինչև վերջ, կազմել որոշակի կարծիք, որը պարտադիր չէ, որ համընկնի մեծամասնության կարծիքի հետ։ Պարզապես, ամեն մարդ տարբեր ձևով է ընկալում գաղափարը։ Ես՝ որպես քիչ, թե շատ ֆիլմեր դիտած մարդ, արցախյան պատերազմներ հայրիկ, քեռի ու պապիկներ ուղարկած, երիտասարդ տարիքը հաշվի չառնելով հայրենիքի արժանապատվությունը բարձր պահել ցանկացած ու ցանկացող, կփորձեմ այսպես արտահայտվել. ֆիլմը կարելի էր այլ ձև ներկայացնել, որպեսզի ամբողջ միջազգային հանրությանը սա ևս մեկ անգամ բացատրեր և գործնականում ցույց տար, թե իրականում ինչ տեղի ունեցավ Արցախում և ինչի պատճառով այն ընկավ։ Կարելի էր ստեղծել մի այնպիսի կինոնկար, որ դիտողին գրավի, կլանի իր մեջ և մինչև վերջին վայրկյանը դուրս չթողնի։ Կարծում եմ՝ որոշ ձգձգված կադրեր, խաղեր, առիթներ ու դրվագներ ավելորդ էին ու այնքան էլ չէին համապատասխանում ֆիլմի բովանդակությանը կամ գոնե վերնագրից ենթադրող պատկերացումներին։ Կարելի էր փորձել այնպես ներկայացնել իրավիճակը, որ բոլորին միանգամայն հասկանալի լիներ։ Եվ վերջ ի վերջո, նման ֆիլմ նկարահանելիս պետք է հաշվի առնել այդ տարածաշրջանի բնակչության կարծիքն ու համոզմունքը՝ կապված վերջնարդյունքի հետ։ Լիովին վստահ եմ, որ շարունակ քննարկումների, բանավեճերի, կառուցողական մթնոլորտում անցկացվող քննադատական դիսկուրսների արդյունքում ավելի գրավիչ, հետաքրքիր ու բովանդակալից կինոնկար կստացվեր։ Վերջինս սուբյեկտիվ կարծիք է։
Բայց, այնուամենայնիվ, բոլորս էլ ցավում ենք այսօրվա համար, անտարակույս, և բոլորիս իղձը մնում է նույնը՝ մի օր տեսնել Արցախն ազատ ու անկախ, պարզ ու խաղաղ երկնքով …
Արցախցիները՝ որպես վաշտ, և ես՝ որպես իրենց հրամանատար
Դրախտավայր Արցախ
Տու իմ երկիր իմ դրախտավայր,
Իմ համ ու հոտ, իմ տեղ ու տոն
Տու իմ Արցախ։
Մատաղ ինիմ քու ճիրերիդ
Ծաղկած կնանչած ընտռներիդ,
Զմրուխտ կեցած քու լեռներիդ,
Մեջին վխտացող քու կյխտրներիդ։
Քեզ եշիմ ու հիանամ,
Վետդ շնչիմ ու լիանամ։
Լիքնս քու վանքերավ, եկեղեցիներավ ու նախշուն խաչքարերավ։
Ժողովուրդիդ հետի աշխատասեր՝ կապ չոնե վե՛չ քիշեր, վե՛չ ցիրեկ, գործա անում, հա գործ անում։
Առանց գործի կարում չի, գործ ընելիս էլ թիմբիլանում չի։
Նի յա մտնում խաղողի այգին, եշումա խաղողին արևին տակին, հետո քինամա թուզնեն կողքը, պատար հետօ էլ նուռնեն կողքը․․․
Մհենգ գիդում չում տու իմ Արցախ, քզանավ ուրխանամ, թա՞ հպարտանամ։
Էս հարցի շուրջ շատում մտածալ, վերջումնել մի պենում հասկացալ՝ վեր վեշթա ուրխանամ կամ հպարտանամ, այլ քզանավ լիանամ ու շեն կենամ։
Ախ, տու իմ դրախտավայր ԱՐՑԱԽ։
Լուսինե Գրիգորյան, Մարտակերտ, Արցախ
2024 թվականի ամռանը ես և կրտսեր եղբայրս մեկնեցինք ճամբար և թե՛ բախտի բերմամբ, թե՛ պատահմամբ, ես նշանակվեցի արցախցիների վաշտի հրամանատարի օգնական, ավագ։ Սկզբից շատ էին տարատեսակ մտորումները, ակնկալիքները, սպասելիքները շփումների, նոր հարաբերությունների վերաբերյալ։ Իմ ծառայության առաջին օրը մենք ընկերացանք, դարձանք միմյանց համար վստահելի մարդիկ, իրար թևութիկունք, ինչն ինձ շատ ոգևորեց։ Մենք դարձանք ամուր թիմ, ուժեղ վաշտ, որը նաև թվաքանակով էր ամբողջ ճամբարում առաջիններից։
Գիտեք, տասն օրը քիչ չէ մարդուն լավ ճանաչելու համար, և իրապես դժվար էր այդպիսի մարդկանց հետ բաժանվելը։ Հաշվի չառնելով և մի կողմ դնելով որոշ հարցերում սկզբունքային տարաձայնությունները, կարծիքները, դիրքորոշումները՝ մենք կարողացանք մեզ լավ դրսևորել, մեկմեկու հանդեպ ձեռք բերվեց վստահություն, ինչն էական նշանակություն ունեցավ։ Մենք մրցույթների ժամանակ քանի անգամ նվաճեցինք առաջին հորիզոնականները, գործեցինք որպես մի թիմ, որպես մի բռունցք և մի խելք, և հենց դա դարձավ մեր հաղթանակների գլխավոր գրավականն ու նախադրյալը։
Ազատ ժամանակ մենք շատ էինք շփվում, շատ էինք խոսում ու կիսվում տպավորություններով, կարծիքներով, հուշերով ու հիշողություններով … հուզվում էինք, ուրախանում, վշտանում, հպարտանում։ Դժվար է այդպիսի թեմաներից խոսելիս պահպանել էմոցիաների հավասարակշռությունը։ Այո՛, որոշ դեպքերում ունեցանք հակասություններ, հաղթեցին էմոցիաները, ոչ թե սառը դատողությունն ու կշռադատությունը, բայց ի վերջո, մենք կարողացանք իրար հասկանալ, ասել է՝ ճիշտ հասկանալ։ Հիշում եմ, թե ինչպես էինք գիշերները հերթապահություն իրականացնում միասին, ինչպիսի դժվարություններ էինք տեսնում։
Մեր հերթապահության օրը ես ամբողջ ճամբարի հերթապահն էի։ Նախօրեին պլանավորել էինք, թե ով որ դիրքում է հանդես գալու և ինչպիսի գործառույթներ է իրականացնելու։ Եվ ես իրոք հպարտանում էի, որ դժվար պահերին կար միասնական գիտակցություն, բայց իհարկե, ոչ միշտ էր այն աշխատում։ Հիշում եմ, թե ինչպես էինք գիշերը խարույկի շուրջ տարբեր զրույցների բռնվում՝ քունը հաղթահարելու նպատակով, խոսում էինք, շրջում, ամբողջ ճամբարի տարածքով պտտվում, կարգուկանոնը հսկում, միմյանց հետ հաց կիսում, խարույկն ակտիվ վիճակում պահելու համար փայտ ու կաղին հավաքում։
Առաջին հայացքից կթվա թե պատմում եմ ինչ-որ ռազմական գործողությունների ժամանակ մտերիմ մարդկանց փոխհարաբերությունների և միմյանց օգնության հասնելու պատրաստակամության մասին, բայց ոչ այդ ամենը ճամբարի առօրյայից էր, այն առօրյայից որը մեկընդմիշտ դաջվեց իմ մեջ և այլևս երբեք չի հեռանա։
Եվ վերջում, կցանկանամ պատմել վերոնշյալ բանաստեղծության մասին, որը գրել է 15-ամյա Լուսինե Գրիգորյանը, ով ծնունդով Մարտակերտից է։ Այս բառերի մեջ այնքա՜ն իմաստ կա, մնում է ոմանք այդ իմաստն ամբողջ իր էությամբ ընկալեն։ Այնքա՜ն ցավ կա այս տողերի մեջ, որ ասելու չի։ Այնքա՜ն հպարտություն կա, որ նկարագրելի չի։ Այնքա՜ն կարոտ կա, որ խոսելու չի։
Նախապես ներողություն չափից շատ էմոցիաներ արտահայտելու, և շնորհակալություն ուշադրության համար …