Ս. թ. հոկտեմբերի 9-11-ը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին զեկուցումով հանդես է եկավ շուրջ 100 մասնակից ՀՀ առաջատար գիտահետազոտական հաստատություններից և արտերկրից (Վրաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Իրան, Մեծ Բրիտանիա և այլն)։

Գիտաժողովն աշխատանքները ծավալեց հետևյալ ուղղություններով՝

  • Հայոց պատմություն
  • Հայաստանի հարակից երկրների պատմություն, կովկասագիտություն
  • Ազգաբանություն/ մշակութային մարդաբանություն
  • Հնագիտություն
  • Մշակութաբանություն
  • Արվեստի պատմություն և տեսություն

Միջազգային գիտաժողովի երկլեզու ծրագիր-օրակարգը

…Գոյության իմաստը հասկացել են նրանք, ովքեր Ցեղի հավերժության ընկալումով՝ իմաստավորել են իրենց անցավոր ներկան եւ գիտակցել մահով անմահանալու աստվածային ճշմարտությունը:

Գարեգին Նժդեհ

Օր Ա. ծանոթացում ծրագրին

Առաջին օրը մեկնարկեց գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությամբ. հայտնի ավանդույթի համաձայն հնչեց Երևանի պետական համալսարանի հիմնը, ելույթով հանդես եկան ռեկտոր պրն. Հովհաննիսյանը, պատմության ֆակուլտետի դեկան պրն. Գաբրիելյանը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձը փոխանցեց նախագահի խորհրդական պրն. Դումանյանը։ Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց սրճի ընդմիջումը, որի ընթացքում գիտաժողովի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու միմյանց հետ, փոխանակվելու վերջին թարմ նորություններով, կիսվելու կարծիքներով, ակնկալիքներով ու զգացողություններով։

Մեր պատվիրակությունն ակտիվ մասնակցում էր թե՛ առաջին, թե՛ մյուս երկու օրերի նիստերին, հետաքրքիր, կարևոր ու ուսուցողական գրառումներ էր կատարում, հարցեր բարձրացնում, կարծիք փոխանակում պրոֆեսորների հետ։

Քանզի ակնկալվում է, որ նման կարևոր գիտաժողովի լուսաբանում-ամփոփումը լինելու է երկար, ուստի ես յուրաքանչյուր օրը կներկայացնեմ կետ առ կետ, հակիրճ կնշեմ յուրաքանչյուր զեկուցողի աշխատությունից հատվածներ, կարևոր արձանագրումներ, կփորձեմ իմ կարծիքն ու վերաբերմունքն արտահայտել, ինչպես նաև հետաքրքիր դրվագներ պատմել։ Նշեմ, որ մեջ կբերեմ այն զեկուցողներին, որոնց հետ հանդիպմանն անձամբ ներկա եմ գտնվել /բանն այն է, որ խմբի սովորողները ներկա են գտնվել այն նիստերին, որոնց ցանկացել են/։ Այսպիսով, առաջին օրվա զեկուցողներն էին.

1. Բորիս Գասպարյան. «Հայաստանի քարի դարի արդի փուլաբաժանումը: Ձեռքբերումներն ու հիմնախնդիրները»

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկային հնագույն տեխնոլոգիաները ոչ թե Աֆրիկայում, այլ հենց Հայկական լեռնաշխարհում են ծնվել և զարգացել»։ Զեկուցման ժամանակ ցուցադրվեցին եզակի նմուշներ, որոնք հայտնաբերվել էին Արենիում և Նոր Գեղիում։ Նմուշների շարքում կենցաղային գործիքներն էին, կենդանիների կմախքների մասերը, հագուստներն ու կոշիկները։ Հայտնաբերվել էին նաև ձկնորսական ցանց, գինու հորեր, պատրաստման տեխնոլոգիաներ։

2. Գևորգ Խուդինյան. «Հայագիտության գործառույթները գլոբալիզացիայի դարաշրջանում»

Հայագիտությունը գիտությունների մի ամբողջ համալիր է։ Ազգային շահը պետք է լինի պետության գիտակցված պահանջմունքը։ Զեկուցողը թվարկեց հայագիտության պահպանման տեսանկյունից պետության այսօրվա 4 գլխավոր խնդիրները. ա/ ինքնաճանաչողություն, բ/ ինքնապահպանություն, գ/ ինքնավերարտադրողականություն, դ/ ինքնաիմացություն, և այս շարքին ավելացրեց նաև ե/ քաղաքակրթական գործառույթը։

3. Արման Եղիազարյան. «Հայագիտության զարգացման խնդիրների շուրջ (հայեցակարգային դիտարկումներ»

Պրն. Եղիազարյանը կարևոր շեշտադրումներ արեց կապված ԵՊՀ-ում անցկացվող և անցկացվելիք մրցույթների, դրամաշնորհների, միջոցառումների մասին։ Պատմեց, որ տարին երեք անգամ հայագիտության զարգացման համար գրքերի տպագրությանն ուղղված երեք մրցույթ է կազմակերպվում, հայագիտական հրատապ թեմաներով գիտաժողովներ են կազմակերպվում։ Կարևորեց հայ կադրերի ու հայագետների դերը պետության կայացման գործում։

4. Պավել Ավետիսյան. «Հայ հնագիտության ներկան և հեռանկարը։ Հայացք ներսից»

Այսօր հենց հնագիտությունն է, որ ապահովում է տարածաշրջանի և հայոց պատմության մեծ մասն ընդգրկող ժամանակահատվածի /պատմության/ ուսումնասիրման աղբյուրագիտական հենքը և գիտական տեսլականը։ Զեկուցողը մի հռետարական հարց բարձրացրեց, որի շուրջ պետք է խորհել. ինչպե՞ս գիտությունը փոխհարաբերվի հասարակության հետ։ Ըստ բանախոսի՝ պեղված վայրերը չպետք է վերածվեն արգելոց-թանգարանների, այլ՝ ազգային պարկերի, որտեղ կանցկացվեն փառատոններ ու միջոցառումներ, որպեսզի հասարակությունը կարողանա իր սեփական աչքով տեսնել դարերից ի վեր կառուցված հուշարձանները։

5. Գայանե Շագոյան. «Ազգագրությունից մշակութային մարդաբանություն. Հայաստանում սոցիալական գիտակարգերի խնդրի շուրջ»

Սոցիալական գիտությունները ծնվում են ի պատասխան սոցիալական պահանջների։ Պետք է հասկանալ, թե մենք ի վերջո ինչ ենք ուզում և ինչի ենք ձգտում։

6. Հայկազ Հովհաննիսյան. «Հայագիտության զարգացման հիմնական առանձնահատկությունները Ռուսաստանում (19-րդ դար)»

Պետք է ընդունենք, որ հայագիտության ստեղծումն ունի քաղաքական նպատակներ։ Հետաքրքիր է, բայց հայագիտությամբ ամենաշատ հետաքրքրվողներից է եղել հզորագույն ռուս կայսրերից Պետրոս Ա Մեծը։

Այնուհետև կարճ զեկուցումներով հանդես եկան արտասահմանում գտնվող հայ գիտնականները. պրն. Արմեն Աբկարյանը ներկայացրեց Զապել Ա-ին և Կիլիկյան հայկական թագավորության էվալյուցիան, իսկ տիկին Պէթթի Քիլէրճեանը՝ արևմտահայերեն դարձվածքների ուսուցման կարևորությունը նոր սերունդ դաստիարակելու գործում։

Այսպիսով, գիտաժողովի առաջին օրը եզրափակեցինք այսպես։ Խոսեցինք տարբեր գիտնականների, գիտությունների թեկնածուների ու դոկտորների, դոցենտ-պրոֆերոսների հետ, քննարկեցինք արդիական թեմաներ, փոխանակվեցինք տարատեսակ կարծիքներով, միմյանց ավելի լավ ճանաչեցինք։

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ:

Դ. Ի. Պիսար

Օր Բ. ինտեգրում

Պատահական չէ, որ այս ենթագլուխն անվանել եմ ինտեգրում։ Գիտաժողովի երկրորդ օրվա մեր գլխավոր խնդիրը համապատասխան նիստերի ընտրությունն էր ու դրանց մասնակցությունը, ավելի կոնկրետ՝ ինտեգրումը, թե՛ միջավայրին, թե՛ շրջապատին։ Յուրաքանչյուր նիստ տևում էր 2-2:30 ժամ և այդ ընթացքում հասցնում էին ելույթներով հանդես գալ շուրջ 8 գիտնական-ակադեմիկոսներ։ Երկրորդ օրվա առաջին նիստը հայոց պատմության թեմայով էր։ Բանախոսներն էին.

1. Ազատ Բոզոյան. «Միջեկեղեցական փոխհարաբերություններ հայոց եկեղեցու եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական կենտրոնների միջեւ (փուլաբաժանման խնդիրներ)»

Բանախոսը կարևոր շեշտադրումներ արեց և կարևորեց հայ հզորագույն թագավորներից Պապի պետականաշինման ուղղված բարեփոխումները, մասնավորապես այն, որ թագավորի կարգադրությամբ կաթողիկոսներն այսուհետ Կեսարիայում չէին թագադրվում։ Բանախոսը խոսեց միջեկեղեցական փոխհարաբերությունների մասին, պատմեց, թե ինչպիսի հարաբերություններ են ստեղծվել Հռոմի ու Երևանի միջև այդ վերոնշյալ բարեփոխման արդյունքում։

2. Մհեր Քումունց. «Պատմական Սյունիքի տեղանունների ուրարտական ենթաշերտը (ստուգաբանական փորձեր)»

Պրն. Քումունցը մասնակիցներին ներկայացրեց ուրարտերենի՝ հայկականի և հայոց լեզվի վրա մեծ ներգործության մասին։ Գործնականում ժխտեց այն թյուր կարծիքը, թե ուրարտերենն աղերս չունի հայերենի հետ։ Որպես ապացույց նա ներկայացրեց Սյունիքի մարզի այժմ էլ գործող բնակավայրերի տեղանունները, որոնց ենթաշերտերից մեկն հենց ուրատերենն է։ Այդպիսի բնակավայրերն էին Ըղվերձը, որը կազմված է ըղ /աղ/ և վերձ /հորձանուտ/ բառերից, Գորիսը, որը պատմականորեն համընկնում է Ռուսա Ա-ի կողմից գրավված և վկայությունների արդյունքում մեզ հասած «ձորերի երկիր» տեղանվան հետ։ Զեկույցից մենք ճիշտ եզրակացություն արեցինք՝ պետք չէ ուրարտական մշակույթը տարանջատել հայկականից։ Ի դեպ, սրճի ընդմիջման ժամանակ սովորողները գիտնականի հետ հետաքրքիր մի զրույց ծավալեցին, խոսեցին հայերեն ներթափանցած ուրարտական բառերից, խոսեցին Ուրարտական կայսրության հզորության մասին և այլն։

3. Պավել Հակոբյան. «Տրդատ Մեծի ժամանակաշրջանի բնույթը Ագաթանգեղոսի մեկնություններում /ռուսերեն/»

Այս զեկույցը ներկայացվեց ռուսերենով։ Բանախոսը խոսեց Տրդատ Գ Մեծի երեք կերպարների մասին՝ լեզվաբան, պատմաբան, մկրտիչ։ Հայ թագավորի վերափոխումը կենդանու համընկնում է Բաբելոնի արքայի և նրա վերափոխման հետ։ Ագաթանգեղոսն իր աշխատությամբ ցանկացել է ցույց տալ, որ հայոց պատմությունը քրիստոնեության պատմության մի մասն է։

4. Օվսաննա Խաչատրյան. «Ձեռագրի հիշատակարանը որպես պատմական սկզբնաղբյուր»

Տիկին Խաչատրյանը պատմեց համար 1237 հիշատակարանի մասին, որն այժմ պահվում է Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի Մխիթարյան միաբանության համալիրում։ Ըստ շատ վկայությունների՝ այն գրվել է անձամբ Մխիթար Գոշի ձեռքով, սակայն ոճի անհամապատասխանելիության պատճառով որոշ կասկածների տեղիք է տալիս։

5. Քնար Հարությունյան. «Հայերեն ձեռագրացուցակների աղբյուրագիտական արժեքն ու ձեռագրերի նկարագրության արդի խնդիրները»

Բանախոսը պատմեց ձեռագրացուցակների ստեղծման, կազման, զարգացման մասին՝ նշելով, որ Մատենադարանում այժմ պահվում է 11.000-ից ավել վերականգնված ձեռագրացուցակ։ Նման կարևոր ձեռագրացուցակներով հետաքրքրության, դրանց վերաբերյալ հետազոտությունները և ուսումնասիրությունները խթանելու լավագույն միջոցներից է թվայնացումը, որն այժմ էլ ակտիվորեն ի կատար է ածվում։ Զեկուցողն անդրադարձավ նաև ձեռագրի կառուցվածքին, որի բաղկացուցիչ մասերն են արտաքին տվյալները, բովանդակությունն ու հիշատակարանի բաժինը։ Շատ կարևոր նշանակություն ուներ բանախոսի արտահայտությունը, թե Մատենադարանի դռները բաց են երիտասարդ հետազոտողների առջև։

6. Վարդան Մխիթարյան, Գոհար Ղամբարյան. «Աշխարհաքաղաքական գործընթացներն Եվրոպայում (XVII դարի կեսերին). Հայաստանի քարտեզներն Օսմանյան կայսրության տրոհման ֆրանսիական նկրտումների ծիրում»

Բանախոսների հիմնական թեման ֆրանց-թուրքական հարաբերություններն էին։ Հետաքրքրական է, որ Ֆրանսիան առաջին քրիստոնեական պետությունն էր, որը պայմանագիր կնքեց իսլամական Օսմանյան կայսրության հետ։ Առանց չափազանցնելու այդ պայմանագիրը գործեց շուրջ 250 տարի մինչև որ զորավար Նապոլեոն Բոնապարտը ներխուժեց Եգիպտոս։

Նիստ երկրորդ

1. Էդիկ Մինասյան. «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ուսումնասիրության վիճակն ու խնդիրները»

Վերծանելով արխիվային փաստաթղթերը՝ պետք է գրել Հայաստանի երրորդ հանրապետության ամբողջական պատմությունը։

2. Գևորգ Հարությունյան. «Հայկական հարցի միջազգայնացման խնդիրը 19-րդ դարի հայ հասարակական մտքի որոշ ներկայացուցիչների գնահատմամբ»

Պրն. Հարությունյանի զեկույցի առանցքում ընկած էին Հայաստանի միջազգային դերն ու նշանակությունը։ Նա պատմեց, թե ինչպիսի դժվար ճանապարհներով է անցել Հայաստանն իր անկախության ճանապարհին։ Պատմեց նաև հայ մտավորականության՝ հայկական երրորդ պետության ստեղծման ու կերտման վերաբերյալ դիրքորոշումները։

3. Վանիկ Վիրաբյան. «Հայաստանի Հանրապետությունում եւ Անդրկովկասում Իտալիայի ռազմաքաղաքական ներկայացուցչության գործունեությունը 1919-1920 թթ.»

Կարևոր արձանագրումներից այն է, որ Իտալիան 1920-ականներին համաձայնեց տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

4. Աշոտ Հայրունի. «Հայ-ռուսական հարաբերությունները 1920 թ. գարնանը եւ ամռանը հայկական կողմի ձախողումների համատեքստում»

Պրն. Հայրունու զեկույցը մասնակիցներին թերևս ամենաշատը գրավեց ու հետաքրքրեց, քանի որ ուղղված էր առաջին հանրապետության մշակած և վարած քաղաքականությանը, ինչպես նաև դրա արդյունքում ի հայտ եկած ձախողումներին։ Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը շատ մանրակրկիտ ներկայացրեց հանրապետության այդ ժամանակվա վիճակը, մաշվող պոտենացիալ քայլերն ու նրանց արդյունավետությունը։ Մեծ անդրադարձ եղավ առաջին հանրապետության երրորդ վարչապետ Օհանջանյանի կառավարության բացթողումներին, խոսվեց հայ-թուրքական առաջին բանակցությունների փորձերի, հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունների մասին։ Ցավոք, պետք է ընդունենք, որ այո՛, ունեցել ենք բացթողումներ՝ անհեռատես քաղաքականության պատճառով։

Լուրերի անդրադարձը գիտաժողովին

5. Ֆելիքս Մանուկյան. «Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտոր Յ. Ս. Ղամբարյանի մասոնական գործունեությունը»

Ոչ պակաս կարևոր էր Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր պրն. Մանուկյանի զեկույցը։ Նա խոսեց ԵՊՀ առաջին ռեկտորի կյանքի և գործունեության հետաքրքիր պատառիկների մասին, ներկայացրեց Ղամբարյանի հարաբերությունները ռուսական գիտական էլիտայի և մասնավորապես՝ Կովալյեվսկու հետ։ Գիտնականը խորհուրդ տվեց ավելի մանրամասն ուսումնասիրել առաջին ռեկտորի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև հարաբերությունները տարբեր շրջանակների հետ։

6. Դավիթ Գասպարյան. «1914-1920 թվականների հայոց պատմությունը եւ 1910-1930-ական թվականների գեղարվեստական հայ գրականությունը»

Զեկուցողի ելույթը կենտրոնացած էր հեղափոխական գրողների գործունեությունների վրա։ Պարոն Գասպարյանը մանրամասն պատմեց Չարենցի ռադիոպոեմների և դրանց արժեքի մասին, ներկայացրեց անվանի գրող, հրապարակախոս Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Քննարկման արդյունքում բանախոսի կողմից խորհուրդ տրվեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Ակսել Բակունցի, Վահան Տերյանի, Գուրգեն Մահարու ստեղծագործությունների բովանդակություններին։

7. Քրիստինե Հովհաննիսյան. «Պատմությունը եւ պատմագրությունը Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում»

Չարենցի ստեղծագործությունների տրամաբանության փնտրտուքները հեղինակը հանձնում է ընթերցողին՝ ասելով. «ինքդ գտի՛ր ճշմարտությունը»։ Չարենցը, ի հեճուկս հասարակության շրջանում տարածված թյուր կարծրատիպերի, չի ժխտում պատմական Հայաստանի գոյությունը, այլ ընդհակառակը՝ բարձրացնում է նրա դերը։ Չարենցը ժխտում էր մեր մտքում իբրև զառանցանք ու միֆ գոյացող Երկիր Նաիրին։ «Երկիր Նաիրի» վեպն իսկապես մարգարեական է, քանի որ պարունակում է այդպիսի տարրեր ու կանխատեսումներ։ Չարենցը գնահատում էր հողի իրական արժեքը և պնդում էր, որ հենց հայրենիքի հիման վրա է կառուցվելու իրական հայրենիքը՝ Հայաստանը։

Այսպիսով, երկրորդ օրն էլ անցավ շատ արդյունավետ։ Ընդմիջման ժամանակ հնարավորություն ունեցանք ավելի մանրամասն քննարկել զեկույցները, փոխանակվել կարծիքներ, հանդես գալ առաջարկություններով։

Օր Գ. հրաժեշտ

Իսկապես որ արագ անցան այս երեք օրերը։ Մենք արդեն ընտելացել էինք, ադապտացվել, մեզ համար խոչընդոտ այլևս չէր հանդիսանում երկու ժամ նիստերին մասնակցելն ու գրառումներ անելը, ժամանակ առ ժամանակ նաև հարց բարձրացնելը։ Մենք արդեն սովորել էինք, թե ինչպես պետք է նման մակարդակում հարաբերվել մարդկանց հետ։ Այս օրվա մեր նիստերի մասին քիչ կխոսեմ, քանի որ բավարար ժամանակ ես ինքս չեմ ունեցել մասնակցելու համար։ Պարզապես ներկայացնեմ, թե ինչպիսի թեմաներ են շոշափվել նիստերի ընթացքում.

  • Սոցիոլոգիա, մարդաբանություն,
  • Դամբարանները՝ մուսուլմանական մշակույթում,
  • Վիմագրություն, արձանագրություններ, դրանց վերծանումը,
  • Միջնադարյան թաղումների նշանակությունն ու ծիսական արարողակարգը։

Այսպիսով, սիրելի բարեկամներ, այս կարևոր պետական նշանակություն ունեցող գիտաժողովն էլ հասավ իր տրամաբանական ավարտին։ Մենք՝ սովորողներս և ուսուցիչներս, կլանված ունկնդրում ու գրառումներ էինք անում, փորձում էինք հիշել, մեր մտքում վերլուծել ամեն մի կարևոր խոսք և հայտարարություն։ Ընդմիջումների ու այլ պատեհ առիթների դեպքում ծանոթանում էինք և օրվա նիստերի, դրանց բովանդակության ու առօրեական թեմաներից էինք խոսում գիտնականների, պրոֆեսորների հետ։

Մարդ որքան ավելի շատ է իմանում, այնքան նա ավելի ուժեղ է:

Մաքսիմ Գորկի

Իսկ վերջ ի վերջո, ի՞նչ տվեց ինձ այս եռօրյա ոչ ֆորմալ կրթությունը։ Անշուշտ, գիտելիքների մի հսկայական պաշար. ես իսկապես սկսեցի առարկաներին ավելի ճիշտ նայել և ավելի ճշգրիտ բացատրություններ ու վերլուծություններ անել։ Ես կարողացա ինձ մոտ խթանել լսելու, հարց տալու, հարաբերվելու, խնդրի շուրջ դիրքորոշում, տեսակետ հայտնելու և պաշտպանելու հմտությունը։ Այս ամենի արդյունքում կարողացա նորանոր կապեր ձեռք բերել, ծանոթանալ տարբեր գիտական աստիճաններ ունեցող պրոֆեսորների, ակադեմիկոսների հետ, ծանոթանալ նրանց կյանքին ու գործունեությանը։ Վստահաբար, այդտեղից էլ շատ բան ունենք սովորելու։ Իմիջիայլոց, մի ուրույն հետաքրքրություն էր իրենց ներկայացնում գիտնականների բանավեճերին հետևելը. բոլորիս էլ քաջ հայտնի են սովորական վեճերը տարբեր թեմաներով, լինեն դրանք քաղաքական, թե պատմական, բայց գիտնականների բանավեճերն ու խոսակցություններն ավելի գրավիչ էին, ու մենք ավելի մեծ ուշադրությամբ էինք լսում։ Ես իսկապես հպարտանում եմ, որ մեր պետությունում կան հանճարներ, այսպես ասած՝ ուղեղներ, որոնք միշտ նոր բան են ուսումնասիրում, ամեն օր կարդում են ու վերլուծում, հետո հանրությանը ներկայացնում։ Այսպիսի մարդկանց շնորհիվ է նաև, որ մեր պետությունը ծաղկում է ու զարգանում։

Գիտնականների մասին շատերի մոտ ձևավորված կարծիքը փոխվեց, մարդիկ սկսեցին ավելի ճիշտ պատկերացում կազմել գիտնականի՝ թե՛ որպես մարդու, և թե՛ որպես կերպարի, Հայաստանն աշխարհին ներկայացնողի վերաբերյալ։ Կարողացան մոտիկից ծանոթանալ այդ կարևորագույն ինստիտուտի հետ, որը որպես անկյունաքար է ծառայում պետականաշինման և հայրենասեր ու հայրենագետ երիտասարդության կերտման գործում։ Եվ վերջապես աշակերտ-մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու համալսարանական կյանքին, որը նրանք մուտք են գործելու տարիներ հետո։ Շնորհակալություն ուշադրության համար …

Լուսանկարները՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Վարդան Կարապետյանի ֆեյսբուքյան էջից