Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաք Երևանում Newmag հրատարակչության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց FrancoFest 2024 փառատոնը, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ գրքի շնորհանդեսներ, համերգներ, ֆիլմերի պրեմիերաներ, ցուցահանդեսներ, գրքերի պանելային քննարկումներ, թատերական ներկայացումներ և այլն: Ինչպես խորագրից երևում է, փառատոնը նվիրված էր ֆրանկոֆոնիային։

Ընդհանրապես, Newmag հրատարակչությունը հայտնի է իր գրքի և արվեստի փառատոններով, որոնք գրեթե ամեն սեզոնին անցկացվում են։ Սեբաստացիներից շատերը, որոնք հետաքրքրված են ու ներգրավված մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնակցում են նման փառատոնների ու միջոցառումների և այնուհետև կիսվում իրենց տպավորություններով։ Ես իմ ուսուցչուհու՝ Մարգարիտ Սարգսյանի հետ մասնակցել եմ նաև WinterFest 2024 փառատոնին, որի լուսաբանումը կարող եք ընթերցել այստեղ: Վերջին տարվա կտրվածքով տեղի ունեցած փառատոնների ընթացակարգերին կարող եք ծանոթանալ ստորև.

«Գոնկուր Հայաստան» մրցանակը հիմնելու առիթով հատուկ փառատոնի համար Երևան էին ժամանել Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։ Հարկ է նշել նաև, որ նման կարևոր միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Պրն. Օլիվյե Դեկոտինյին։

Այսպիսով, FrancoFest 2024-ն անցկացվում էր Երևանի Congress հյուրանոցում (Իտալիայի փողոց 1)։ Օրակարգը հագեցած էր տարատեսակ շատ միջոցառումներով, քննարկումներով, մշակութային համարներով.

  • 12:00՝ Բացման արարողություն և Gouncourt d’Armenie ազգային ժյուրիի շնորհանդես,
    Համերգ. Կոմիտասի անվան ազգային քառյակ
  • 13:00՝ Գրքի շնորհանդես.
    Մոհամեդ Մբուգար Սառ «Հիշողության թաքստոցում» (Prix Gouncourt 2021)
  • 14:00՝ Գրքի շնորհանդես.
    Ամելի Նոտոմբ «Թշնամու հարդարանքը»
  • 14:30՝ Թատերական ընթերցում.
    Վարշամ Գևորգյան և Կառլեն Մուրադյան / Հատված «Թշնամու հարդարանքը» վեպից
  • 15:00՝ Գրքի շնորհանդես.
    Անյես Մարտեն Լյուգան «Թելից կախված երջանկություն»
  • 16:00՝ Գրքի շնորհանդես.
    Մելինե Մանուշյան «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»
  • 16:30՝ Համերգ.
    Լիլիթ Բլեյան / հեղինակային երեկո
  • 17:00՝ Ֆիլմի պրեմիերա.
    Լաերտ Վաղարշյան «Այսօր արևոտ օր է» (վավերաֆիլմ Միսաք Մանուշյանի մասին)
  • 19:00՝ Գրքի շնորհանդես.
    «Կյանքը Շառլի աչքերով. Ազնավուր անտիպ»
  • 19:30՝ Համերգ.
    Սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետ / Ազնավուրյան մեղեդիներ
  • 20:00՝ Փակման արարողություն
  • 20:30՝ Համերգ.
    Ուլիս Ման
  • 21:00՝ Հետփառատոնային երեկույթ

Զուգահեռ երկրորդ սրահում տեղի էին ունենում այլ մշակութային միջոցառումներ։

Այժմ կցանկանամ որոշակիորեն շեղվել գրքերի շնորհանդեսներից ու պանելային քննարկումներից և կենտրոնանալ ոչ պակաս կարևոր մի մենակատարման վրա։ Ժամը 16:30 մեկնարկեց Լիլիթ Բլեյանի հեղինակային կատարումը, որն ուղեկցվեց մասնակիցների ծափողջյուններով։ Տիկին Բլեյանի կատարումը, աննման ձայնը, գեղեցիկ տեսքն իսկապես գրավում էին մասնակիցներին։ Շատ ուրախ ու հպարտ եմ, որ մենք՝ սեբաստացիներս, ևս կարողանում ենք մեր ուրույն ներդրումն ունենալ այսպիսի միջոցառումներում։

Իսկ երեկոյան ժամերին ցուցադրվեց ֆրանսահայ հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ֆիլմի պրեմիերան, որի մի հատվածը մենք մեծ հետաքրքրասիրությամբ ունկնդրեցինք։ Այնուհետև տեղի ունեցան մի շարք համերգներ։

Այսպիսով, շատ գեղեցիկ ու արդյունավետ օր ունեցանք, որն ուղեկցվեց ականջահաճո հնչյուններով, ժպիտներով, ծափերով ու գովասանքի խոսքերով. փառատոնի մասնակիցները, այդ թվում նաև արտասահմանից ժամանած հյուրերը վերջում միմյանց հետ կիսվում էին իրենց տպավորություններով ու զգացողություններով, պատմում էին, թե ինչպիսի հրաշալի երեկո անցկացրին ոչ պակաս հրաշալի քաղաքում …

Եկեք ընդունենք, որ նման միջոցառումներն իրոք կարևոր են, քանի որ այդպես մենք կարողանում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի մշակույթ ունենք և ինչպես ենք այն ներկայացնում։ Ընդհանրապես, պետք է նշել, որ մշակութային փառատոնների արդյունքում խթանվում է երիտասարդության ներգրավվածության մակարդակը, և՛ որպես կամավոր, և՛ որպես հյուր, աճում է մարդկանց հետաքրքրասիրությունը գրքերի, համերգների նկատմամբ, ինչը չի կարող պարզապես չուրախացնել։ Այդ կերպ մարդկանց մեծ հնարավորություններ են տրվում ինքնարտահայտվելու, կարծիք հայտնելու, հարց բարձրացնելու և այլն։

Լուսանկարները վերցված են Newmag-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Տիգրան Հայրապետյան գրադարանի էջից։