Ամառվա ընթացքում գրականության ընթերցանության ցանկում առաջին տեղում անվանի գրող, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Շիրվանզադեի (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան) «Քաոսն» էր։ Եթե անկեղծ՝ իրականում գրքի մասին մինչև ընթերցելն էլ բազմիցս լսել էի, ընկերներս ու շրջապատը պարբերաբար պատմում էին այդ գրքի մասին, խոսում էին, թե ինչպիսի ծավալուն ու խորիմաստ ստեղծագործություն է և անդադար կրկնում. «Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր» ։ Եվ երևի թե հենց այդտեղից է առաջացել մոտիվացիան ընթերցելու հայ դասական գրականության ամենահայտնի արձակներից մեկը՝ «Քաոսը»՝ ի վերջո պարզելու համար, թե դա ընդհանրապես ինչի մասին է։ Ի դեպ, պետք է կիսվեմ ձեզ հետ իմ կյանքից մի հետաքրքիր պատմությամբ. ընդհանրապես գիրք ընթերցելիս, որին հատկացված ժամանակը հիմնականում ինձ մոտ քիչ է, սիրում եմ կենտրոնանալ, հասկանալ ամեն պարբերության իմաստը, սակայն հենց այս արձակը (մոտ 500 էջ) ես ընթերցել եմ ռեկորդային կարճ ժամանակահատվածում, ինչն ինձ համար իրապես նոր ձեռքբերում էր։
Յուրաքանչյուր մարդ բաղկացած է երկու տարրերից. մեկը գործողն է, մյուսը՝ քննողը։
Շիրվանզադեի այս գլուխգործոցն այն եզակի ստեղծագործություններից է, որը ես համարում եմ պարտադիր ընթերցանություն. յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է խորանալ հասարակության, հատկապես՝ հայ, տարրերի միջև փոխհարաբերությունների հոգեբանությանը պետք է ծանոթ լինի վեպին, քանզի այն ճշգրտորեն ու շատ մանրակրկիտ բացատրում, նկարագրում, բնութագրում է ամեն մի կերպարի ներքին աշխարհը, հոգեբանությունը։
Եթե Սահյանն հանճար է նրանով, որ կարողանում է մեկտեղել, միախառնել բնությունն ու մարդուն, եթե Չարենցին սիրում են, քանի որ կարողանում է մարդուն ստիպել վերլուծել ինքնուրույն, եթե Սևակը մարդկանց սովորեցնում է սիրել, գնահատել ու արժևորել, ապա Շիրվանզադեն սովորեցնում է մեզ բոլորիս ապրել։ Եվ այս նախադասությունը թող չթվա վառը երևակայության արտացոլանք, սա իրականություն է։ Այն դեպքերը, իրողությունները, որը հեղինակը կարողանում է մի քանի էջով մանրամասն ներկայացնել, նույնիսկ ընթերցողին ստիպել բուն միտքը գտնել ամենապարզ տեղում, արժանի են գովասանքի ու մեծարության։ Ես համոզված եմ, որ Ալեքսանդր Շիրվանզադեն հայ դասական գրականության ու ընդհանրապես ամբողջ գրականության մտավորական մասի ամենակնառու ներկայացուցիչներից է՝ իր ստեղծագործությունների խորիմաստության շնորհիվ։
Քաոսը ես չեմ պատրաստվում պատմել, պարզապես ցանկանում եմ հայտնել կարծիքս ու վերաբերմունքս այդ վեպի նկատմամբ։ Քաոսն ընթերցելիս, լինեմ անաչառ, զգացել եմ ինձ մոտ աշխարհայացքի ու գիտակցության փոփոխություն։ Ինչքան էլ, որ դեպքերը ծավալվում են մեզնից դարեր առաջ, ինչքան էլ որ ուրիշ վայրում և ուրիշ մարդկանց միջև, միևնույնն է վեպը պահպանում է իր արդիականությունը։ Իսկ ինչո՞ւ է պահպանում, մի՞թե մարդիկ չեն փոխվել դարերի ընթացքում։ Միանշանակ փոխվել են, թե՛ արտաքնապես, թե՛ ներքնապես, սակայն մարդկանց էությունը ՉԻ փոխվել, մնացել է նույնը։
Համադամ խորտիկներից ձանձրացած ստամոքսը երբեմն հասարակ բուսեղեն կերակրի պահանջ է զգում։
Ընդհանրապես ստեղծագործություն գրելիս հեղինակի բուն նպատակը ո՞րն է։ Գուցե՞ կարևորագույն միտքը մի նախադասությամբ փոխանցելը, որը պարուրված է տասնյակ զանազան, ինչ-որ տեղ խառնիճաղանճ մտքերով ու արտահայտություններով, գուցե՞ ընթերցողին մանրակրկիտ ներկայացնել այն միջավայրը, որտեղ որ ծավալվում են վեպի իրողությունները, այն հասարակությունը, որի շրջանակներում են դրանք տեղի ունենում, թե՞ այն մարդիկ, որոնք այդ նույն հասարակության գլխավոր տարրերն են և որոնք որ զարգացնում են սյուժեն։ Վերոնշյալն Ալեքսանդր Շիրվանզադեի տաղանդի հակիրճ նկարագրությունն էր …

Հեղինակը մի հետաքրքիր կերպով է ներկայացնում հասարակություն, ինչպես նաև նրա բաղկացուցիչ տարրերը, օրինակ՝ մտավորականներին, սովորական մահկանացուներին, որով ցանկանում եմ կիսվել։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսի հոգեբանություն ուներ նրանցից յուրաքանչյուրը, ինչպիսի առաջնահերթություններ, ինչ-որ տեղ մտահոգություններ, ապա ուշադրություն դարձրեք ներքոհիշյալ նախադասություններին, որոնք շոշափում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ընտանեկան փոխհարաբերությունները, գենդերային անհավասարությունը, փողի հոգեբանությունը։ Դրանցից որոշները շատ պարզ ու դիպուկ են արտահայտում միտքը, իսկ որոշներն էլ՝ անուղղակի ու աղոտ։ Վերջում կառաջարկեմ համեմատականներ տանել ներկայիս իրադրության հետ։ Վստահ եմ՝ կհասկանաք, որ դրանք շատ են, ցավոք։
- Հոգևորականն ուրիշների փողերով ազգասիրությունն է անում։
- Ինչո՞ւ միայն հայ կինը լուռումունջ դիմանում է ամուսնու անառակություններին և չի ուզում նրան պատժել։
- Երբեք Ալիմյանների տունն այդքան անկոչ հյուրեր չէր ընդունել, որչափ Մարկոս աղայի մահվան քառասունքից հետո։
- Ամենից առաջ եկավ թեմական առաջնորդը և դարձյալ խոսեց եկեղեցու կարիքների մասին։
- Ովքե՞ր են կազմում հասարակական կարծիքը. այդ մոսիկոները՞, պապաշաները՞։ Այդ մարդիկ միայն մի բարոյական հաճույք ունեն՝ դատել ուրիշներին և ծաղրել։
Գիտեք, թե ի՞նչն է ամենաէականն այս վեպում։ Թեև շատերը պնդեն, որ դա միտքն է, դա խորհուրդն է, կամ գուցե իրողությունները, բայց ես կառաջարկեմ կենտրոնանալ հերոսների, իսկ ավելի կոնկրետ՝ հերոսների քանակի վրա։ Ընթերցելու ժամանակ ես հաշվել եմ մոտավորապես 35 հերոսի, որոնցից բառացի յուրաքանչյուրն ունի անհատականություն, սեփական ինքնություն, վարվելակերպ, տարբերվող շնորհք ու դաստիարակություն, գործողությունների կատարման տրամաբանական բացատրություն, ուրույն հոգեբանություն, արտաքին տեսք, կենսական միջոցներ, կոմունիկացվելու հնարավորություններ։ Եվ սա է Ալեքսանդր Շիրվանզադեին դարձնում հանճարեղ, ինչո՞ւ, որովհետև նա կարողանում է այնքան շեշտակի ու կատարելապես հասկանալի բացատրել այդ մարդկանցից ամեն մեկի ով լինելը, որ ընթերցողը նույնիսկ վերջում, երբ արդեն ավարտված է միտքը, այդպես էլ չի հասկանում ու չի հավատում, թե ինչպես կարողացավ յուրաքանչյուր հերոսի հետ ապրել ու հարաբերվել ամբողջ սյուժեի ընթացքում, չի հասկանում, թե ինչպես մի հերոսը կտրականապես փոխվեց վեպի վերջում։
Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում։
Ինչ վերաբերում է հասարակությանը, այն բազմաշերտ է, բազմատարր, ընդգրկում է իր մեջ և՛ բուրժուազիայի ներկայացուցիչների, որոնց շուրջ, ի դեպ, շարահյուսվում է ամբողջ պատկերը, և՛ հասարակ մահկանացուների, որոնց վարքը թողնում է սպասել ավելին, և՛ կողմնակի անձանց, ովքեր մեկ հայտնվում են, մեկ՝ անհետ կորչում, մեկ՝ հանկարծակի ծնվում։ Կարևորն այն է, որ հեղինակը կարողանում է փոխանցել այդ հասարակության մթնոլորտը, ի նկատի ունեմ՝ փոխհարաբերությունները, թե ինչպես են դրանք տեղի ունենում։ Կարողանում է ճշգրտորեն ներկայացնել մարդկային հույզերը, էմոցիաները, զգացողությունները, հասարակական հիմնախնդիրները, ունակ է շատ մանրակրկիտ պատկերել հերոսների ներքնաշխարհը։
Ես արժևորում եմ այն, որ հեղինակը ռեալիստ է, չի տառապում անիրական անուրջներով ու երազներով, չի աղավաղում պատկերը ու չի արտացոլում մարդկանց իրենց լավագույն ժամանակաշրջանն ապրելիս։ Թույլ է տալիս նա ընթերցողին խորանալ իրադրության մեջ, հասկանալ իրավիճակն ամբողջ կոնտեքստում, վերլուծել ինքնուրույն և առաջարկել լուծումներ կամ խորհուրդներ։
Մի խոսքով՝ վերստին պարտավորում եմ արձանագրել. այս արձակ վեպը պարտադիր ընթերցանության մաս է և վերջ։ Եթե ցանկանում եք հասկանալ՝ ինչպես հարաբերվել մարդկանց հետ, ինչպես հասկանալ բարեկամների իրական մտադրություններն ու քողարկված մոտիվները, ուստի կարդացեք Շիրվանզադե։ Շիրվանզադեն մյուս հայ գրողներից, ովքեր ծնվել են նույն դարաշրջանում, սակայն իրենց վեպերում որոշ չափով մտցրել են ուրախություն, հրճվանք, տեղ-տեղ տխրություն, սկզբունքայնորեն է տարբերվում։ Իսկապես, այստեղ սկզբունքի հարց է, և մարդն է որոշում, թե իր լսարանին ինչպես ներկայացնել իրավիճակը՝ թաքցնել ճշմարտությունը պերճախոսությունների հետևում, թե՞ գտնվել անաչառ ու պատմել այն, ինչ իրականում կա։ Մենք այսօր էլ ունենք և՛ իրականության ներկայացման, և՛ իրականության ըմբռնման խնդիր։
Շիրվանզադեի ոճի մեկ այլ յուրահատկությունն այն է, որ նա ջարդում է կարծրատիպերը, տրորում է հայ հասարակության մեջ հնուց ի վեր մնացած շատ տեղերում անհասկանալի, ոչ ճիշտ բարքերը, սովորություններն ու անտեղի հավատալիքները։ Եթե մարդկանց մեջ դաջված է այն, որ եթե մարդը ինչ-որ մեկին դավաճանում է, ապա նրա ճակատին մեկընդմիշտ կպնում է դավաճանի պիտակը։ Եվ հենց դա է սովորեցնում Շիրվանզադեն՝ վերլուծել, երկկողմանի դիտարկել հարցը, հասկանալ, թե ո՞ր գործողությունները հանգեցրին նման հետևանքների։ Հեղինակը բառացիորեն ասում է. «հասկացի՛ր և վերլուծի՛ր ինքդ, ես քեզ տրամադրում եմ սցենարը»։ Օրինակի համար, եթե շատերի մոտ մտքում այն կարծրատիպն է, թե բարեկամները միշտ լավն են ցանկանում, միշտ պատրաստ են օգնության հասնել, հեղինակն ասում է. «իսկ ո՞ւր էին բարեկամները, երբ Ալիմյաններն իրենց կյանքի ամենածանր պահերն էին ապրում»։ Հեղինակը, պարզ խոսքերով ասած, թույլ է տալիս մեզ հերոսներին դիտարկել թե՛ լավ, թե՛ վատ տեսանկյունից՝ ապահովելով մեզ անթիվ-անհամար տեղեկություններ ու տվյալներ։ Նա ասում է. «սա քո կերպարն է, ահա նրա լավ, ահա նրա վատ կողմերը, դե վերլուծի՛ր»։ Եվ հենց այս քննադատական մտածողությունն է, որ մենք պիտի մեզ մոտ զարգացնենք։


Եվ վերջում կցանկանամ անդրադառնալ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Քաոս» սերիալին։ Այն գունեղ է, միախառնվելով այժմյան իրականության հետ՝ այն շատ մանրակրկիտ ներկայացնում է դեպքերը, հերոսներին, նրանց մտահոգությունները, իրողությունների զարգացումները, եղբայրների ու ընտանեկան փոխհարաբերությունները, հասարակության հոգեբանական պատկերը։ Իմիջիայլոց, դերասանները ևս շատ համապատասխանում են իրենց դերերին. այստեղ է նկատվում իրական պրոֆեսիոնալիզմը։
Ես պարզապես շնորհակալություն կհայտնեմ հեղինակներին, ռեժիսորներին նման հիասքանչ կինոնկար պատկերելու համար։ Պիտի ընդգծեմ՝ նաև սերիալով կարելի է հասկանալ Շիրվանզադեի վեպի իրական իմաստը։