Հոկտեմբերի 18-ին Ավագ դպրոց-Հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներով այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոն՝ «Էդիպ արքա» ողբերգությունը դիտելու։
Կարճ նկարագրություն
Էդիպի ճակատագիրը բաղկացած է երկու մասից՝ անգիտակցաբար կատարած հանցագործություն և գիտակցաբար ընդունած պատիժ։ Ինքը` Սոֆոկլեսը, Էդիպի պատմությունը անվանում է կյանքի ընդհանուր օրենքի օրինակ. ցանկացած հաջողություն խաբկանք է։ ԵՎ այդ խաբկանքից հետո անխուսափելիորեն գալու է «մայրամուտի» ժամանակը, ինչպես և արևն է մայր մտնում։ Այդպիսին է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը։
Ծրագրի նախապատրաստական աշխատանքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով դասավանդող Մարգարիտ Սարգսյանի բլոգ։
Այսպիսով, ներկայացմանը նախապես պատրաստված էինք գնացել, ուսումնասիրել էինք Էդիպ արքայի կյանքն ու գործունեությունը, փորձել էինք ամեն մեկս ինքնուրույն վերլուծել նրա հոգեկան վիճակը և համեմատել էդիպյան սինդրոմի հետ, որն անվանվել է հենց հերոսի պատվին։
Արվեստագետի կոչումն է լույսով ողողել մարդկային հոգու խորքերը:
Շուման
Ներկայացումը կատարում էր մի շատ պրոֆեսիոնալ դերասանուհի Ժաննա Հովակիմյանը, որի տաղանդը դեռ շատ է գովվելու ու փառաբանվելու։ Ես, անկեղծ ասած, առաջին անգամ էի նման ձևաչափի ներկայացման մասնակցում, և սկզբից դա ինձ համար մի քիչ անսովոր էր, տեղ-տեղ՝ տարօրինակ, բայց ես արագ ընտելացա։ Ինձ շատ գրավեց և դուր եկավ պրոֆեսիոնալ դերասանական խաղը. այն, որ դերասանուհին կարողանում էր պարզապես ցատկել մի հույզից մյուսը, արագորեն ու աննկատելիորեն փոխել կերպարները, ձայնի ու շարժումների տոնայնությունը, միայն թույլ էին տալիս ոգեշնչվել, ավելի հուզված դիտել ներկայացումը և վերջում անդադար ծափահարել ու գովաբանել արվեստը։

Ես շատ ուրախ էի, որ կարողացա դիտել ներկայացումն ու իմ սովորական գրաֆիկին ավելացնել մշակութային կոմպոնենտ։ Մենք՝ սովորողներս, վերջում մոտեցանք դերասանուհուն, շնորհակալություն հայտնեցինք փայլուն խաղի համար, ինչպես նաև մեր հրավիրեցինք մեր թումանյանական քառյակի վրա հիմնված պիեսի՝ «Արևելքի եդեմներին» ներկայացմանը։
Եվ այս ամենից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ բան է արվեստը, ինչպես այն կարող է արտացոլվել և բեմականացվել։ Ես վերհիշեցի այն զգացողություններն ու տպավորությունները, որոնք առաջին անգամ ունեցել էի ընթերցելիս։ Պետք է ասեմ, որ դիտելիս այն կարծիքն էր մոտս, որ այն ինչ հիմա ծավալվում է իմ առջև ինձ խորթ է ու անծանոթ, և ես դա չեմ կարդացել։ Իսկապես, որ, արվեստը չի ճանաչում ո՛չ չափ, ո՛չ էլ սահման …
Տեղեկությունը վերցված է tomsarkgh.am կայքից