«Ոչ քրիստոնէութիւնս հայութեանս կը զոհեմ, ոչ ալ հայութիւնս՝ քրիստոնէութեանս»:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանության հիմնադիրն է։ Մի միաբանության, որն իր բազմադարյա գործունեությամբ դրել է արդի հայ մտավորական շարժման սկիզբը։ 

Մխիթար Սեբաստացին ծնվել է Օսմանյան կայսրության Սեբաստիա քաղաքում, 1676 թվականի փետրվարի 7-ին։ Նրա աշխարհիկ անունը Մանուկ էր, իսկ Մխիթար դարձել է Հայ առաքելական եկեղեցու ուխտն ընդունելիս։ 1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելում է Սբ. Էջմիածին, հետո անցնում Սևանա կղզի, ուր նրան հայտնվում է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվում է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթությաուն ստանալուց հետո նա դավանափոխ է լինում, համարելով, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կառույց, ի զորու չէ բավարարելու իր իմացական ձգտումները և միանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, տեղափոխվում Եվրոպա և կաթոլիկ եկեղեցու ներսում հիմնում բենեդիկտյան վանականների բացառապես հայկական միաբանություն, որը հետագայում հայտնի է դառնում իբրև Մխիթարյան միաբանություն։ 

Մխիթար Սեբաստացի — Թադէ Այնթաբյանի բլոգ

Լինելով կրթություն ստացած մարդ և գիտնական՝ Մխիթարը տասնամյակներ շարունակ աշխատել է հայերեն առաջին համապարփակ բառարանի ստեղծման վրա, որի առաջին հատորը տպագրվել է միայն իր մահից հետո։ Իր հիմնած հաստատությունը հետագայում մոտ 100 տարի շարունակ՝ 18-19-րդ դարերում, ծառայել է որպես հայկական գիտության և ուսման հիմնական կենտրոն։ Դրա հռչակը տարածվել է Եվրոպայով, Ասիայով, այն հովանավորել են Հնդկաստանի հայ վաճառականները, իսկ օտարազգի մտավորականները, օրինակ՝ Լորդ Բայրոնը, ուղևորվել են Վենետիկ՝ այնտեղ ուսանելու նպատակով։ 

Մխիթարի կողմից թողնված, ժառանգված ավանդը, հայոց լեզվի և գրականության վերազարթոնքի հիմքը հետագայում կերտելու էին ժամանակակից հայ ինքնությունն ու ոգին, ինչը, անշուշտ, ամուր պատվանդան էր դառնալու ապագա ազգային ազատագրական շարժումների համար և ոգեշնչելու էր հայ ազատագրականներին՝ հասնելու իրենց բաղձալի երազանքին։

Վենետիկի Հանրապետությունն առաջարկում է Մխիթարին բնակվել Վենետիկին հարող մի գեղեցիկ կղզյակում, որտեղ և հետագայում հիմնվում է և մինչ օրս իր գործունեությունն է ծավալում Մխիթարյան միաբանությունը։

Նյութի համար օգտագործվել են auroraprize.am, dasaran.net կայքերի տեղեկությունները.