Իրավունքի աղբյուրներն այն հիմքերը կամ հիմունքներն են, որոնք ապահովում են իրավական նորմերի գոյությունը և դրանց պարտադիր բնույթը, այլ բառերով ասած՝ իրավունքի նորմերի գոյության և ամրագրման ձևերը կոչվում են իրավունքի աղբյուր։

Իրավունքի աղբյուրն այն ձևն է, որով պաշտոնապես դրսևորվում, ամրագրվում են իրավական նորմերը, և որից մենք գիտելիքներ ենք քաղում, իմանում ենք իրավունքի նորմերի բովանդակության մասին։

Ներպետական իրավունքի հիմնական ձևեր կամ աղբյուրներ են համարվում՝

  • օրենքները,
  • նորմատիվ ակտերը,
  • միջազգային պայմանագրերը,
  • կրոնական աղբյուրները,
  • սահմանադրությունը,
  • դատական նախադեպերը,
  • իրավական սովորույթները,
  • և այլն։

Հայաստանում, բացի միջազգային իրավունքից, իրավունքի հիմնական աղբյուրը նորմատիվ իրավական ակտն է։

Իրավունքի ներպետական աղբյուրների տեսակները՝

  • Իրավական սովորույթ,
  • Նորմատիվ իրավական ակտ /օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր/,
  • Դատական նախադեպ։

Սովորույթը երկար ժամանակ փաստական կիրառման հետևանքով ձևավորված վարքագծի կանոն է։ Պետության կողմից որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց ճանաչված սովորույթը կոչվում է իրավական։ Այն իրավունքի աղբյուր է։

Բազմաթիվ իրավական սովորույթների, որոնք պետության կողմից ճանաչվել են, այն պատճառով են, որ քաղաքացիական հարաբերություններն այնքան լայն են ու բազմակողմ, որ ամեն ինչ իրավական ակտերով ու օրենքներով կարգավորելի չէ։ Ամեն դեպքում, գործում են այնպիսի ոչ իրավական նորմեր, որոնք ևս կարգավորիչ դեր են ունենում, օրինակ՝ բարոյական, որոնք ոչ մի օրենսգրքում ամրագրված չեն։ Դրանք կարող են կիրառվել, կարող են չկիրառվել՝ կախված հայեցողությունից։

Նախադեպը կոնկրետ իրավաբանական գործով այն դատական որոշումն է, որին պետությունը տալիս է համապարտադիր նշանակություն։