«Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում» մոդուլի շարունակությունը. մաս երկրորդ։ Առաջին մասը՝ հղմամբ։
Մաս 2՝ Գրել վերլուծական հոդված՝ օգտվելով նշված ուղղություններից
- Որպես ՀՀ քաղաքացի, ճամփորդող սեբաստացի գնահատեք զբոսաշրջության ոլորտի խնդիրները, ներկայացրեք զարգացմանն ուղղված ձեր ճանապարհային քարտեզը
- Ինչպե՞ս են աշխատում զբոսաշրջային ընկերությունները ոլորտի զարգացման համար
- Կրթահամալիրային ճամփորդությամբ ուսուցուման դերը
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:
Րաֆֆի
Մինչև գնահատականներ տալը, առաջարկում եմ ծանոթանալ իմ ճամփորդություններին (բացի Արատեսից), որոնց ես մասնակցել եմ տարիների ընթացքում։
- Անկախության օրն՝ Արմաղան լեռան բարձունքին
- Ուսումնահայրենագիտական ճամփորդության ամփոփում. գրքի քննարկում Հորս բնակավայրի պեղավայրում
- Դեպի Իջևան ուսումնահայրենագիտական ճամփորդության ամփոփում
- Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով Թալին-Աշնակ ճամփորդության ամփոփում
- Բարձունքի հաղթահարում՝ Մեծ Շարայի լեռ — ամփոփում
- Ճամփորդություն դեպի Գութանասար
- Ճամփորդություն դեպի Բյուրական և Ամբերդ ամրոց
- Դեպի Դավալվա սար
- Ճամփորդություն դեպի Սուրբ Կարապետ վանք
- Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար
Վերոնշյալ թվարկված ճամփորդությունները ներկայացվում են այն նպատակով, որ այցելուները կարողանան գնահատել և արժևորել ճամփորդությունները, ինչպես նաև հասկանան «Ճամփորդել որպես գործնական գիտելիք» սկզբունքն ու դրա կիրառելիությունը։






Ընդհանրապես զբոսաշրջության, ապա նաև նրա բաղադրիչների, այն է՝ ենթակառուցվածքները, գներն ու սակագները, հանգստի վայրերը և այլնի մասին, որպես ՀՀ քաղաքացի, ակտիվ ճամփորդող սեբաստացի, կարող եմ ասել հետևյալը. ամեն ինչ զարգանում է, ինչը չի կարող չուրախացնել։
Չնայած, իհարկե կան բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ, և յուրաքանչյուր ղեկավարություն, որը ստանձնում է պատասխանատվությունը դրանք վերացնելու, պետք է առերեսվի իրականության հետ։ Իմ սեփական փորձից կբերեմ որոշ օրինակներ, կբնութագրեմ խնդիրներ, որոնք էականորեն կավելացնեն զբոսաշրջիկների քանակը, ինչպես նաև կկրկնապատկեն սպասարկման ոլորտի ու ծառայությունների որակը։
Ճամփորդեք բավական հեռու, դուք կհանդիպեք ինքներդ ձեզ։
Դեյվիդ Միտչել
Խնդիր #1. ենթակառուցվածքներ
- Ինչքան էլ, որ տարեկան 500 կմ ճանապարհներ վերանորոգվում ու կառուցվում են, միևնույնն է դրանց հետ զուգահեռ ավելանում են նոր խնդիրներ կապված ասֆալտի դիմացկունության, որակի հետ։ Պետք է աշխատել դրանք վերացնել, որպեսզի ճանապահները դառնան ավելի հարթ, խորդուբուրդ մասերն էլ հարթվեն։
- Հանրապետության տարածքում ունենք շատ ու շատ հուշարձաններ ու այլևայլ համալիրներ, թե՛ կրոնական, թե՛ մշակութային, դեպի որոնց տանող ճանապարհները բացարձակապես ասֆալտապատ չեն։ Կարծում եմ՝ եթե ասֆալտապատվի ու համապատասխան ֆինանսների առկայության դեպքում տարածքում ստեղծվեն սննդի օբյեկտներ, կայանատեղիներ, ապա դա դրականորեն կազդի զբոսաշրջության զարգացմանը։
- Այս մի կետը դժվար է իրականացնել, սակայն կարելի է փորձել. յուրաքանչյուր շատ այցելվող վայր ունի իրեն հատուկ խանութները, որտեղից կարելի է գնել հուշանվերներ, նվերներ և այլ իրեր։ Հայաստանի տարածքում, գաղտնիք չէ, որ կան բազամթիվ լքված, կիսավեր ամրոցներ, տաճարներ, վանքեր, որոնք ունեն դարերի պատմություն, սակայն ոչ դարավոր խնամք։ Կարծում եմ՝ եթե դրանք վերանորոգվեն և համապատասխանորեն գովազդվեն որպես տեսարժան վայր, ապա զբոսաշրջիկներն անպայմանորեն կուղևորվեն այնտեղ՝ բացահայտելու նոր գողտրիկ վայրեր (ամեն դեպքում, շատերը հոգնում են նույն վայրերն այցելելուց)։
- Նախորդ կետին որպես հավելում՝ ասեմ, որ եթե գործեն համապատասխան ցուցատախտակներ, ցուցանակներ, որոնց վրա գրված կլինի այդ տարածքի կամ կոթողի պատմությունը, նրա մասին հետաքրքիր փաստերը, դրանք ևս ուշադրություն կգրավեն։

Խնդիր #2. աղբ, բարձիթողի վիճակ
- Ինչքան էլ, որ անընդհատ ու անդադար քարոզվում է, որ պետք է չնետել աղբ ու անպետք իրեր գետնին, միևնույնն է հասարակությունում գտնվում են այնպիսի անհատներ, որոնք իրենց համարում են «օրենքից դուրս» և շրջանցում են համընդհանուր չգրված օրենքները։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցում լինել ռադիկալ և մաքսիմալ բարձրացնել տուգանքի չափը, որպեսզի հասարակությունը տեղ-տեղ վախենա իր դարավոր հողի վրա գցել պլաստիկ, աղբ և այլն։
- Սրա հետ մեկտեղ պետք է ավելացնել աղբամանների /ցանկալի է տեսակավորված/ թիվը և նշանակել հատուկ կադրեր, որոնք կհետևեն գործընթացին, կարձանագրեն յուրաքանչյուր օրենքից դուրս պահվածք ու վերաբերմունք։ Սրանք ևս պահանջում են ահռելի ջանքեր ու հսկայական ներդրում։
- Մեծաթիվ վանական համալիրների տարածքները բարեկարգված չեն, չկա մշտական վերահսկողություն։ Խոտերի բարձրությունը, աստիճանների անհարմարությունը դժվարացնում է զբոսաշրջիկների տեղաշարժը։
Խնդիր #3. բնակչություն
- Ո՞վ պետք է ավելի լավ ծանոթ լինի ինչ-որ կոթողի վայրին կամ տեղանքին, իհարկե մոտակայքում ապրող բնակիչը, եթե իհարկե այդ օբյեկտը քիչ թե շատ ճանաչված վայր է։ Զբոսաշրջիկներին պետք է գրավի տեղի բնակչությունը և մասնավորապես նրանց ընդունելությունն ու հյուրասիրությունը։ Այդ կերպ կավելանան շանսերը պոտենցիալ զբոսաշրջիկների ուշադրություն գրավելու։
- Գյուղերում, բնակավայրերում պետք է բացվեն հատուկ խանութներ, թանգարաններ, աշխատեն հատուկ կադրեր, որոնք կապահովեն տեղեկատվության յուրացումն ու տարածումը, ինչպես նաև կպատմեն զբոսաշրջիկներին իրենց գյուղի կամ բնակատեղիի առանձնահատկության մասին, կներկայացնեն պատմությունն ու արձանագրված փաստերը, մի խոսքով՝ կներկայացնեն նախ իրենց, հետո՝ կոթողը։
- Վերոնշյալ անելու համար նախևառաջ պետք է բնակիչները տեղյակ լինեն սեփական ավանդույթներից, սովորույթներից ու հարակից կոթողների պատմությունից։
Խնդիր #4. ինստիտուցիոնալացում
- Մշակութային ու պատմական արժեքների, տնտեսության կայունության և զարգացման, միջազգային գործընկերության և համագործակցության, իրավական վերահսկողության նկատառումներից ելնելով՝ զբոսաշրջությունը պետք է ինստիտուցիոնալացվի, անշուշտ, գործակցելով մասնավոր սեկտորի ու բիզնեսների հետ։
- Զբոսաշրջության ինստիտուցիոնալացումը ապահովում է ոլորտի կայունություն, բարձրացնում պետության տնտեսական բարելավման հնարավորությունները և պահպանում է երկրի մշակութային արժեքները:
Խնդիր #5. լավ գովազդ
- Այո, սա այն ոլորտն է, որը պետք է հնարավորինս գովազդվի ու բարձրացվի բոլոր հնարավոր միջազգային հարթակներ, որպեսզի մեր գործընկերները ցանկանան այցելել և իրենց սեփական աչքով տեսնել հինավուրց տաճարներն ու եկեղեցիները, ամրակուռ ամրոցներն ու բերդերը, չնաշխարհիկ բնությունն ու աշխարհագրությունը։
- Նպատակն իրագործելու համար հեռու գնալ պետք չէ։ Մասնավոր հեռուստաընկերություններով, ինչպես նաև երիտասարդության հետ համագործակցելով կարելի է հասնել շատ բարձունքների այդ հարցում։ Կրթահամալիրն, օրինակ, այդ հնարավորությունն ընձեռում է սովորողներին պատմելու իրենց տպավորությունների մասին և կիսվելու խորհուրդներով։
Խնդիր #6. բազմակողմանի մոտեցում
- Տուրիզմի հետ միաժամանակ պետք է զարգանան գաստրոտուրիզմը, էքստրիմ տուրիզմը, էկոտուրիզմն ու էթնոտուրիզմը։ Էքստրիմ տուրիզմի և գաստրոտուրիզմի համար կան բավարար պայմաններ, իսկ էկոտուրիզմն ու էթնոտուրիզմը կախված են բնակչության ցանկությունից ու կամքից։
- Էքստրիմ տուրիզմը Հայաստանում՝ որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն, ունի մեծ հնարավորություններ, քանի որ երկրի բնական գեղատեսիլ տարածքները, լեռնային ռելիեֆը, ինչպես նաև բազմազան եղանակային պայմանները ստեղծում են պայմաններ էքստրիմալ սպորտների զարգացման համար: Էքստրիմ տուրիզմը ներառում է տարբեր ակտիվություններ, ինչպիսիք են արշավները, ռաֆթինգը, լեռնադահուկային սպորտները, ալպինիզմը, կամ ինքնաշեն մեքենաներով տուրերը և այլ գործողություններ, որոնք պահանջում են պատրաստություն և պատրաստվածություն:
Ահա այն խնդիրները, որոնք ըստ իս, եթե գտնեն իրենց լուծումը, ապա ոլորտը քիչ թե շատ կկայունանա ու կզարգանա, կներգրավվեն շատ տուրիստներ, ինչպես օտարերկրացի, այնպես էլ բնիկ, հայազգի։ Ես կարծում եմ, որ արտասահմանը բացահայտելուց առաջ, պետք է բավարար գիտելիքներ ունենալ սեփական տեսարժան վայրերի, պատմության ու մշակույթի, ազգային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների մասին։

Ինչպե՞ս են աշխատում զբոսաշրջային ընկերությունները ոլորտի զարգացման համար
Զբոսաշրջային ընկերությունները ոլորտի զարգացման համար պետք է որդեգրեն ազգային-ժողովրդական սկզբունքներ, և ըստ իս, առաջնորդվեն ներքոհիշյալ առաջնահերթություններով։
- Առաջարկեն նոր պրոդուկտներ ու ծառայություններ շուկայում, ակտիվ գովազդեն
- Մշակեն բրենդինգ և մարքեթինգային ռազմավարություններ, ստեղծեն ուրույն ապրանքանիշ
- Օգտագործեն նորագույն տեխնոլոգիաներ
- Ակտիվ համագործակցություն ծավալեն տեղական համայնքների, իշխանությունների և միջազգային գործընկերների հետ
- Բարելավեն տուրիստական ենթակառուցվածքները
- Ապահովեն զբոսաշրջիկների իրազեկվածությունն ու տեղեկացվածությունը
- Առաջնորդվեն համընդհանուր շահով
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:
Վահան Տերյան
Կրթահամալիրային ճամփորդությամբ ուսուցման դերը
Այժմ անդրադառնանք մոդուլի ամենաէական ու նշանակալի կետին. ինչպե՞ս է կրթահամալիրն ազդում զբոսաշրջության զարգացմանը, ճամփորդության դերը դրանում։
Ես իմ բազմաթիվ ճամփորդությունների հաշվետվություններում հստակ գրել եմ իմ կարծիքն ու վերաբերմունքը կրթահամալիրի կողմից կազմակերպվող ճամփորդություններին։
Կրթահամալիրի կողմից կազմակերպվող ճամփորդություններն, ըստ իս, ունեն համապետական նշանակություն։ Ի՞նչ ենք մենք՝ սովորողներս, ձեռք բերում նման ճամփորդություններից։
- Գիտելիք. մեր տեսական իմացությանը մենք հաղորդում ենք նաև գործնական բաղադրիչ, ավելի լավ ենք ծանոթանում պատմությանը և առանձնահատկություններից, սեփական աչքով կարողանում ենք տեսնել իրական պատկերը։
- Կապեր և ծանոթություններ. ճամփորդելով ամբողջ Հայաստանում առանց բացառության մենք կարողանում ենք ապահովել մեր Networking-ը, կարողանում ենք զարգացնել ժողովրդի հատվածների փոխըմբռնումն ու համագործակցությունը։ Դրա վառ օրինակ են ծառայում մեր Թալին-Աշնակ և Իջևան ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդությունները, որոնց արդյունքում մենք ավելի լավ ճանաչեցինք մեր հայրենակիցներին, ծանոթացանք նրանց տարբերվող սովորույթներին, ճաշակեցինք տեղի կերակրատեսակները, ամրապնդեցինք կապերը։
- Անգին փորձ. ճամփորդելով ամբողջ Հանրապետության տարածքում և դրանից դուրս, մենք, իհարկե, ձեռք ենք բերում փորձ ամբողջ կյանքի համար, որը մեզ օգնում է զարգացնել մեր ճամփորդական հմտությունները, կիսվել խորհուրդներով ապագա ճամփորդողների ու բացահայտողների հետ։
- Իրազեկվածություն և տեղեկացվածություն. կրթահամալիրի ճամփորդող տարատարիք սովորողներին ընձեռվում են եզակի հնարավորություններ բացահայտելու Հայաստանը՝ տարբեր ասպեկտներից ու կողմերից, ինչը թույլ է տալիս կազմել իսկական պատկերը և այն ներկայացնել ուրիշներին։
- Հայաստանի անվան բարձրացում. և վերջում, ճամփորդելով մենք զարգացնում ենք, թե՛ մեզ, թե՛ մեր հայրենիքը, ավելի հնչեղ ենք դարձնում նրա փառապանծ անունը և սկսում ենք սիրել Նրան ավելի ու ավելի շատ։