Մաս 1՝ Ուսումնասիրում ենք կառավարության ծրագիրը (նախագծի նկարագրությունը)
- Ուսումնասիրում ենք զբոսաշրջության ոլորտը կառավարության տարբեր տարիների ծրագրերում՝
- Դուրս գրել ոլորտի զարգացմանը վերաբերվող այն կետերը, որոնք կարևորում եք
- Ինչ ընդհանուր գաղափարներ կան, որ բոլոր տարիներին էլ շեշտադրվել է
- Ինչպես է իրագործվել կառավարության ծրագիրը Ձեր դիտարկմամբ
Նախագիծն ամբողջությամբ Մարթա Ասատրյանի բլոգում

Այժմ, կանդրադառնանք 2017 թվականից մինչև այսօր կառավարության բոլոր ծրագրերի զբոսաշրջության բաժնին։
2017-2022թթ. կառավարության ծրագիր
ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Այս նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝
1. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու
նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
- մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում.
- մինչև 2018 թվականի ավարտը սահմանել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները.
- մինչև 2019 թվականի ավարտը ներդնել զբոսաշրջության ռեգիստրը:
2. Մինչև 2020 թվականի ավարտն ավարտել հանրապետության տարածքում ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
- մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.
- 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.
- 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել մարզական զբոսաշրջությունը ՀՀ-ում միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով.
- 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը.
- մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդը՝ նախադրյալներ ստեղծելով “Զբոսաշրջության սատելիտային հաշիվ” համակարգի ներդրման համար.
- մինչև 2020 թվականի ավարտն ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:

2018թ. կառավարության ծրագիր
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։
Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձևավորվել է միջազգային հանրության մոտ։
Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունն զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում նաև օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարևորվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։
Նաև առանձնահատուկ կարևորվում է ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների աշխատանքը․ այս մարմինները հանրության հետ համագործակցված պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։ Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս։

2019թ. կառավարության ծրագիր
Ծառայությունների արտահանման ծավալում զգալի մաս են կազմում զբոսաշրջային ծառայությունները: Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։ Զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով Կառավարության անելիքը հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
2021-2026թթ. կառավարության ծրագիր
Զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացումների և արդի մարտահրավերների պայմաններում Կառավարությունը, ձգտելով բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակը, ինչպես նաև նպատակ ունենալով մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2,5 միլիոնի, սահմանել է հետևյալ նպատակները.
- զբոսաշրջության ոլորտի ինստիտուցիոնալացումը,
- երկրի ճանաչելիության բարձրացումը,
- օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացումը։
Նպատակներին հասնելու ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
- Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացման, մարկետինգային ակտիվ քաղաքականության իրականացման և նոր երկրների զբոսաշրջային շուկաների գրավմանն ուղղված մարկետինգային միջոցառումների բյուջեն ավելացվելու է։ Մասնավորապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակվելու են Հայաստանի նոր բրենդ և մարկետինգային նյութեր։
- Բարեկարգվելու են առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանվելու է զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
- Սպասարկման և հյուրընկալության ծառայությունների բազմազանեցման և բարելավման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների և միջազգային ցանց հանդիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը:
- Շարունակվելու է մեծացվել դեպի Հայաստան և Հայաստանից չվերթ իրականացնող ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ ծառայությունների ցածր արժեք ունեցող ավիաընկերությունների միջոցով՝ մինչև 2025 թվականն ապահովելով առնվազն 25 նոր ուղղություններով չվերթեր:
- Ավելացվելու է Հայաստանի մարզերում անցկացվող գաստրո և մշակութային փառատոների թիվը:
- Ստեղծվելու է առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:
Ստորև ներկայացնում եմ բոլոր վերոնշյալ կառավարության ծրագրերի զբոսաշրջության բաժնի իմ կողմից առավելագույնս կարևորվող կետերը.
| 2017-2022թթ. | 2018թ. | 2019թ. | 2021-2026թթ. |
| 1. Զբոսաշրջության մակարդակը նախատեսվող ծրագրերի շնորհիվ պետք է բարձրանա նոր մակարդակ՝ ինստիտուցիոնալ, և մտնի իրավական դաշտ։ 2. Առանց արտոնագրի մուտքի ռեժիմն ու մուտքի արտոնագրի ստացման դյուրացումն օտարերկրացիների համար։ 3. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարության մշակում, հայեցակարգի ընդունում։ | 1. Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքների, սպասարկման անհրաժեշտ մակարդակ։ 2. Առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։ | 1. Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։ 2. Նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ։ | 1. Ոլորտի ինստիտուցիոնալացումը, զարգացում ու երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացում։ 2. Մեծացվելու է դեպի Հայաստան և Հայաստանից չվերթ իրականացնող ավիաընկերությունների թիվը։ 3. Բարեկարգվելու են առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանվելու է զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը: |
Ինչպես տեսնում ենք՝ բոլոր կառավարությունների ծրագրերում զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունեցող բարեփոխումները, հիմնականում, կապված են ոլորտի՝ իրավական դաշտ բերելու, այն ինստիտուցիոնալացնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ պատրաստելու կամ վերանորոգելու, մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման կամ որոշ երկրների քաղաքացիների համար արտոնագրի ազատականացման, զբոսաշրջային կարևոր վայրերի բարեկարգման, Հայաստանի զբոսաշրջային ներուժի, հատկապես էկոտուրիզմի, գաստրոտուրիզմի, էքստրիմ տուրիզմի և էթնոտուրիզմի զարգացման և այլնի հետ։
Կատարողականը
Հստակ գնահատական նախորդ կառավարության ծրագրերի զբոսաշրջությանն ուղղված բարեփոխումների կատարողականի վերաբերյալ չեմ կարող տալ, հետևաբար կկենտրոնանամ միայն 2021-2026թթ. կառավարության ծրագրի համապատասխան բաժնի կետերի վրա։
Կատարողականը՝ կառավարության զեկույցում
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 316 666՝ 2022 թվականի համեմատ գրանցելով շուրջ 39% աճ, իսկ 2019 թվականի համեմատ 22,3% աճ:
Մարտին Կառավարության կողմից հավանության է արժանացել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը (Արագածոտնի մարզի Ապարան համայնքի՝ Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերի տարածքում), որի իրականացումը մեկնարկել է։
«Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023 թվականի ծրագրի շրջանակում ապահովվել է մասնակցություն 4 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսի, կազմակերպվել են 49 մեդիա ներկայացուցիչների, բլոգերների, ինֆլուենսերների ճանաչողական այցեր, Հայաստանի մասին հոդվածներ են տեղադրվել հայտնի ամսագրերում և պարբերականներում, կազմակերպվել են գովազդային արշավներ թիրախային երկրներում, 2022 թվականին մշակված «Armenia, The Hidden Track» (Հայաստան. թաքնված ուղի) կարգախոսով Հայաստանի նոր զբոսաշրջային բրենդը կիրառվել է Հայաստանի՝ համաշխարհային զբոսաշրջային շուկայում ներկայացման ընթացքում և կազմակերպվող բոլոր զբոսաշրջային միջոցառումներում: Աջակցություն է տրամադրվել 6 տեղեկատվական կենտրոնի գործունեությանը, 16 փառատոնի կազմակերպմանը:
Իրականացվել են կանոնավոր չվերթեր 49 ուղղություններով` 41 ավիաընկերության կողմից: Բացի դրանից, զբոսաշրջային բարձր սեզոնի ընթացքում հավելյալ չվերթեր են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով։
Ճանապարհների անվտանգության տարրերի վերականգնման ուղղությամբ՝ ճանապարհների սպասարկման շրջանակներում միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին վերականգնվել և տեղադրվել են 3 792 ճանապարհային նշան և 23 162 գծ/մ մետաղական արգելափակոց, տեղադրվել են շուրջ 13 զբոսաշրջային օբյեկտ ցույց տվող նշաններ։
Վերոնշյալ տվյալները՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից
Ճանապարհներ, ենթակառուցվածքներ
Անշուշտ, այս ուղղությամբ կատարվել են հսկայածավալ աշխատանքներ, ամեն տարի մոտ 500 կմ ասֆալտապատ ճանապարհներ են վերանորոգվել, դրանց հարող ցուցանակները թարմացվել են, տեղանունները ներկայացվել են նաև անգլերեն՝ միջազգային լեզվով։ Առավել տածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցները, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումն իրականացվել է բարձր մակարդակի։ Մի շարք վանական համալիրների, հուշակոթողների, ամրոցների, մշակութային ու պատմական արժեք ներկայացնող տեսարժան վայրերում տեղադրվել են եռալեզու ցուցանակներ, որոնք ավելի են հեշտացնում տեղեկատվության տրամադրումն ու ըմբռնումն այցելուների կողմից։ Լավարկվել են նաև գիդերի ծառայությունները, բուն սպասարկման ոլորտը, աներկբայորեն, զարգացել է։
Ավիաընկերություններ, հաղորդակցություններ
Ինչ վերաբերում է ավիաընկերություններին, ապա խոստացվածի համաձայն ստեղծվել էր հայկական ավիաուղիներ սպասարկող ընկերություն, որն ըստ վերջին տվյալների, որոշակի պատճառներով դադարել է գործել։
Հաղորդակցությունների առումով մեծ դեր է խաղացել արտաքին գործերի գերատեսչությունը՝ երկխոսություն սկսելով, վերականգնելով կամ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ մի շարք երկրների հետ։

Ռեստավրացիաներ, կոթողների բարեկարգումներ
Վերջին մի քանի տարում շատացել են տարբեր տեսակի տեսարժան վայրերի ոչ միայն հարակից տարածքների, այլև բուն կոթողների բարեկարգումը։ Միաժամանակ հաստատվել են, և պետք է ընդգծեմ, որ ինքս բազմիցս տեսել եմ, շատ ու շատ ֆինանսավորվող ծրագրեր, որոնց նպատակն է վերականգնել հինավուրց տաճարները, ենթարկել էքսպլուատացիայի։ Այս առումով ևս կատարվել է մեծ աշխատանք, ներդրվել են մարդկային ու ֆինանսական շատ ռեսուրսներ։