Մարինե Պետրոսյանը հայ բանաստեղծ է եւ հրապարակախոս, որին իր գրած տեքստերն ու հեռուստատեսային ելույթները հանրային ճանաչում են բերել։ Ահա Մ. Պետրոսյանի գրական կյանքի հիմնական նշաձողերը, որ հաճախ զուգահեռվում են Հայաստանի քաղաքական զարգացումների հետ։
Հայերեն բանաստեղծական հինգ ժողովածուների և էսսեների մեկ գրքի հեղինակ։ Օտար լեզուներով շատ թարգմանված հայ գրողներից է, ունի գրքեր թարգմանաբար հրատարակված Ֆրանսիայում, Արգենտինայում, Կատալոնիայում։ Մ.Պետրոսյանի ֆրանսերեն գրքերը արժանացել են դրական գրախոսականների Ֆրանսիայի և Բելգիայի գրական մամուլում, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Լը Մոնդ պարբերականում։ Իսպաներեն գրքի մասին հարցազրույց է տպագրվել արգենտինական հեղինակավոր Página/12 օրաթերթում։ Ունի բազմաթիվ հրապարակումներ արտասահմանյան գրական մամուլում և ժողովածուներում։

Մարինե Պետրոսյանը գրում է նաև տեսական-գրաքննադատական էսսեներ, մասնավորապես հիշարժան է նրա «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն, որը սահմանում է անտիպոեզիան որպես նոր ուղղություն հայ ժամանակից պոեզիայում և արժանացել է աշխույժ, թեև ոչ միանշանակ դրական, արձագանքների։
Տեղեկությունները վերցված են Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից, Մարինե Պետրոսյանի պաշտոնական կայքից
Այժմ ընթերցում եմ Մարինե Պետրոսյանի «Հայրենիք» տեքստերի ժողովածուն, որի վերաբերյալ հեղինակի կարծիքն ընթերցեք ստորև։
«Քանի որ շատերն են հարցնում, ասեմ որ նոր գիրքս ոչ մի գրախանութում չկա։ Եթե ուզում եք ձեռք բերել, մտեք Իլիկ, կամ էնպես արեք, որ փողոցում հանդիպեք հեղինակին։
Ես գրքերս ինքս իմ միջոցներով հրատարակել և ինքս էլ վաճառում եմ։ Եվ քանի որ նոր գիրքս շատ արագ սպառվում ա, չի բացառվում որ գրախանութներում էդպես էլ չհասցնի հայտնվել»։
Փոքրիկ անդրադարձ

Շատ կարճ ժամանակահատվածում ավարտեցի հեղինակի «Հայրենիք» գիրքը։ Գրքի բովանդակությունից շատ սպասելիքներ ունեի՝ հաշվի առնելով կառուցվածքը, գեղարվեստական ձևավորումը։ Ամեն դեպքում, ոճն ինձ համար անսովոր էր, երևի թե բոլորիս համար էր անսովոր, քանզի բոլորին հազարատ էր այն ոճը, որով իրենց բանաստեղծություններն էին թղթին գրում հայ դասականներն ու հայտնի գրողները։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեքստ չունի հանգավորում, եզակի տեղերում են, որ փոքր ի շատե համապատասխանեցված են, այն էլ՝ կոնտեքստից ելնելով։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, դրան կարծում եմ բոլորս էլ առնչվում ենք մեր առօրյա կյանքում, և այն մեր հասարակության ինչ-որ հատվածի առօրյա խոսակցական նյութն է ու հիմնատարրը, իսկ ոմանց համար նաև ապրելաոճը։ Համենայն դեպս, պիտի ընդգծեմ, որ գիրքը կարդացվում է հեշտ, արագ։ Առաջին տեքստը, որ ընթերցեցի, իմ մտքում որոշակի աբսուրդի տարրեր առաջ բերեց, սակայն հետզհետե այն դարձավ սովորական։ Շատ ընթերցողներ, որոնք ծանոթ չեն ո՛չ հեղինակին, ո՛չ էլ առավել ևս նրա ստեղծագործական ոճին, միանշանակ սա կարող են դիտարկել որպես տարօրինակ տեքստերի հավաքածու, այլ կերպ ասած՝ գժություն։ Ես մի առիթով ասացի, որ գիրքն ավելի շատ նման է օրագրի, որտեղ զետեղված են տարբեր տարիների կարևոր ու ոչ կարևոր իրողությունների ընթացքում ապրած կամ վերապրած զգացումներն ու հույզերը, տպավորություններն ու տրամադրությունները, որոնք միախառնվելով առաջացնում են դեժավյույի պես մի բան, ինչպես որ պնդում է հեղինակը։
Գրքի տարբեր տարիների ընթացքում ու տարբեր իրադարձությունների հորձանոթում գրված տեքստերը գրեթե միմյանցից չեն տարբերվում, ինչքան էլ որ առաջին և վերջին տեքստերի ժամանակային միջակայքը մոտ 3-4 տարի է։ Այնուամենայնիվ, այս գիրքը ինչ-որ չափով (ոչ լիակատար) կարող է բացատրել այդ ժամանակների էմոցիոնալ ֆոնը, ժողովրդի և հասարակության մեջ տիրող իրարամերժ տրամադրությունները, ինչպես նաև կարող է հակիրճ ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքը։ Բայց, իհարկե, ինչ-որ կարծիք ձևավորելուց առաջ, այն էլ՝ քաղաքական, պետք է ուսումնասիրել նրան բոլոր կողմերից։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ հեղինակը պահպանել է անկողմնակալության սկզբունքը, բայց մյուս կողմից՝ չի պահպանել, կոպիտ ասած, հայեցողության սահմանները և իր տեքստում տեղ են գտել մի շարք քողարկված քննադատական ու մեղադրական ենթաշերտեր/ենթատեքստեր, որոնք գուցե կարողացել են տպավորություն թողնել շատերի մոտ։
Հետաքրքրության համար կարելի է ընթերցել, աներկբայորեն, դա բխում է ընթերցողի ցանկությունից։ Հաշվի առնելով ոչ ստանդարտ գրելաձևը, անսովոր կառուցվածքը, հեղինակի դիրքորոշումները կամ ինչպես ինքն է նշում իր տեքստերից մեկում, դրանց տատանումը՝ կարելի է այն ընթերցել։ Ուշագրավ է նաև բնություն-մարդ կապը, դա իրապես որ վառ է արտացոլված. հեղինակն, ինչպես ինքն է բնորոշում, արհավիրքներին փոխակերպում է դաժան գազաններով, որոնք սպասում են պատեհ առիթ իրենց զոհի վրա հարձակվելու և նրան ուտելու։ Եղանակները նույնպես իրենց ուրույն դերն են խաղում տարածաշրջանի և ոչ միայն աշխարհաքաղաքական պատկերն ու վիճակը ինչքան հնարավոր է «պարզ բառերով» ներկայացնելու գործում։ Հետաքրքրական է նաև այն, որ մի շարք տեքստերում որպես հարազատ կերպարներ ու բարեկամներ հանդես են գալիս անվանի գրողները, ինչպես Դանիել Վարուժանը, Միսաք Մեծարենցը, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը և այլոք։
Ամեն դեպքում, նման գրականությունը համարվում է ժամանակակից և որոշ համեմատություններ անելու, զուգահեռներ ու աղերսներ, ինչու ոչ նաև անհամընկնություններ ու տարբերություններ գտնելու նպատակով կարելի է ընթերցել։ Շնորհակալություն ուշադրության համար …