Թեմա 9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները․
ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
գ/ Պետության արտաքին գործառույթները
Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։
Ինչ-որ պետության արտաքին քաղաքականությունը տվյալ պետության կողմից այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ տարածաշրջանային միավորների հետ ունեցած հարաբերությունների համապարփակ ռազմավարությունն է։ Այն ուղղված է պետության շահերի պաշտպանությանը, անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և միջազգային հարթակներում իր դիրքի ամրապնդմանը։
Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների լուծմանը։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից։
Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունն ու փոխշահավետությունը։ Դա ընդգծում է մեր արտաքին քաղաքականության խաղաղ բնույթը։
Հայաստանի արտաքին քաղաքականության ելակետային հիմնադրույթներն են միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը։ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ պարտավորվում է ղեկավարվել միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերով ստանձնած իր պարտավորությունները։
2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։
Պետության արտաքին գործառույթները՝
- Երկրի պաշտպանության
- Դիվանագիտական
- Միջազգային խաղաղության, անվտանգության ապահովման
- Միջպետական ֆինանսատնտեսական համագործակցության
- Միջպետական գիտամշակութային, տեղեկատվական, էկոլոգիական համագործակցության
- Համաշխարհային իրավակարգի պահպանության
3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները /բլոգային աշխատանք/․
Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին գործառույթները իրականացնում է մի շարք մեխանիզմներով և գործիքներով՝ առաջնորդվելով սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային իրավունքի սկզբունքներով և պետության արտաքին քաղաքականության հիմնական նպատակներով։
ՀՀ-ն օգտագործում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և պահպանելու մեթոդները, ինչը ներառում է դեսպանություններ, հյուպատոսություններ, հատուկ առաքելություններ և այլ դիվանագիտական ներկայացուցչություններ: ՀՀ-ն ներկայացնում է իր շահերը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵՄ-ի և այլ կարևոր միջազգային կառույցներում:
ՀՀ արտաքին քաղաքականությունը համակարգվում և իրականացվում է արտգործնախարարության /պետական մարմին/ միջոցով, որը պատասխանատու է պետության արտաքին գործերի կազմակերպման և կառավարման համար։ Նաև հատուկ հանձնաժողովներ և գերատեսչություններ կարող են մասնակցել արտաքին քաղաքական որոշումներ ընդունելիս, օրինակ՝ Ազգային ժողովը՝ պետության խորհրդարանը, որտեղ կան ժամանակավոր և մշտական հանձնաժողովներ։
ՀՀ-ն միջազգային կազմակերպությունների և պետությունների հետ ժամանակ առ ժամանակ կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր, որոնք կարող են ներառել տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցություն կամ փոխըմբռնման ամրապնդում։
Թերևս ամենակարևոր դրույթն ազգային անվտանգության ռազմավարությունն է։ Հայաստանի արտաքին քաղաքականության մաս է կազմում ազգային անվտանգության ապահովումը, ինչը ներառում է պաշտպանական քաղաքականության իրականացումը, սահմանների պաշտպանությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերում ակտիվ մասնակցությունը: Նման բարդ, սակայն ակներև օրինակ են վերջին շրջանում մեկնարկած սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի դաշինք կնքել որևէ այլ պետության հետ, որին նա համարում է նպատակահարմար, և որը համաձայն է նույն սկզբունքով աշխատել նրա հետ։ ՀՀ-ն մասնակցում է միջազգային կազմակերպությունների, դաշինքների և համագործակցային խմբերի՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ կապերի հաստատմանը: Այն համագործակցում է տարածաշրջանային պետությունների հետ՝ տնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում /Վրաստան, Իրան/։
Միջազգային դիվանագիտության անկյունաքարը տնտեսական քաղաքականության մշակումն է և առևտրային կապերի զարգացումը։ ՀՀ-ն իր արտաքին գործառույթների շրջանակում իրականացնում է միջազգային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության և գործարար կապերի խթանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը։
Իմ գնահատմամբ՝ ներկայիս դրությամբ բոլոր գործառույթները /որոշներն ամբողջությամբ, որոշները՝ մասամբ/ հաջող իրականացվում են։ Պետություն-հասարակություն ավելի լավ փոխըմբռնման պարագայում այդ զարգացումները կրկնապատկվեն։ Ամեն դեպքում, խնդիրներ միշտ էլ կան, և յուրաքանչյուր իշխանության պարտավորությունն է գտնել համապատասխան լուծման տարբերակներ, ինչքան հնարավոր է շուտ այդ խնդիրը վերացնելու համար։ Մեր պետության վերջին շրջանում արձանագրած հաջողությունները վկայում են, որ մենք բարձրացնում ենք մեր դերն համաշխարհային բեմում. Հայաստանը պահպանում և իրականացնում է իր կողմից միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, զբաղվում է իրավակարգի պահպանմամբ, տարածաշրջանում քայլեր է անում խաղաղության հասնելու, տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելու գործում։ Եվս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ խնդիրներ միշտ էլ կան, միակ ոչ նմանությունն այն է, թե ո՞ր իշխանությունը կկարողանա դրանց համապարփակ ու մատչելի լուծման տարբերակներ առաջարկել։