Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)։ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված է Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը։ Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ։
Օրենքով՝ նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։
Օրենսգիրգ՝ օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը։
Օրենսդրություն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն։
Իրավաբանական իմաստով, օրենքը պետական իշխանության գերագույն մարմնի կողմից սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ է, որը բոլորի համար պարտադիր կանոն է, կարգ։
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական համակարգը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Օրենսգրքերն ու այլ նորմատիվ իրավական ակտերը հղում են կատարում սահմանադրությանը։

5 իրավաբանական տերմիններ
Քաղաքական պաշտոն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:
Քաղաքացիական զենք՝ Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):
Քննում՝ քննումը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայությունը պարզելու նպատակով կատարվող տեսողական ուսումնասիրությունն է: Քննիչն իրավասու է կատարելու քննում, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:
Թանգարանային առարկա՝ թանգարանային հաշվառում անցած և կարգավիճակ ստացած բնօրինակ մշակութային արժեք կամ գիտական սկզբնաղբյուր, որի հատուկ որակական հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում դրա ներառումը թանգարանային հավաքածուում, մշտական պահպանությունն ու կիրառումը գիտության, կրթության առաջընթացի, ինքնության, արժեհամակարգերի ձևավորման և զարգացման նպատակով։ Թանգարանային նշանակության առարկա է կամ մշակութային նշանակության առարկա, որը կրկնօրինակ է, գիտելիքի և զգայության սկզբնաղբյուր չէ և չունի թանգարանային առարկային բնորոշ հատկանիշներ ու որակ, ուստի այն չի ընդգրկվում թանգարանային հավաքածուի հիմնական մասնաբաժնում։
Վարչական ակտ՝ արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: