Նոյեմբերի 12-ին Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում, հասարակագիտական մասնախմբի կազմակերպմամբ, տեղի ունեցավ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանի և լրագրող Լուսինե Ղարիբյանի հեղինակած «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկումը, որի հյուրերն էին Մեդիամաքսի տնօրեն, գրքի հեղինակներից Արա Թադևոսյանը, «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Մանուկ Նիգոյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք սովորողներ, հասարակագետներ, քոլեջի ուսանողներ և այլ հետաքրքրված անձինք։




Մայր դպրոցի կենտրոնական գրադարանը մինչ հանդիպումը ձեռք էր բերել գրքի 3 օրինակ, որոնք ձեռքից ձեռք էին անցնում սովորողների ու դասավանդողների շրջանում։ Գրքի ընթերցմանը զուգահեռ մենք՝ սովորողներս նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, հետաքրքիր ու սիրելի հատվածներ էինք դուրս գրում և դրանց շուրջ մեր կարծիքն արտահայտում, կիսվում առանձնակի կարևոր նշանակություն ունեցող պատմություններով, կառուցվածքային առանձնահատկություններով։
Իմ նախապատրաստական աշխատանքին ծանոթանալու համար անցե՛ք հղմամբ.
Քննարկման բուն նախագծին ծանոթանալու համար անցե՛ք հղմամբ.
Մեր հանդիպումը մեկնարկեց դասավանդող Վարդան Կարապետյանի խոսքով, ով ներկայացրեց ծրագիրը, պատմեց գրքի շնորհանդեսի, հեղինակների մասին։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Արա Թադևոսյանը, ով կենտրոնացավ հետևյալ հարցերի վրա.
- Ինչպե՞ս ստեղծվեց գիրք գրելու միտքը
- Արդյո՞ք անհրաժեշտ էր այս գիրք
- Ինչպիսի՞ պիտի լիներ բովանդակությունը
- Ինչպե՞ս պետք է գիրքն առանձնանար մյուսների ֆոնին
- Ո՞րն է պատճառը, որ նման գրքերը գրավում են մարդկանց ուշադրությունը
Հեղինակն ընդգծեց, որ աշխատել են ստանալ ազնիվ գիրք։ Ինչպես նա հետո պարզաբանեց՝ ազնիվ գրքի կոնցեպտն այն է, որ չլինի կողմնակալություն բովանդակության ու ենթաշերտերի մեջ, որպեսզի գլխավոր հերոսները ներկայացվեն բոլոր ասպեկտներից ու տեսանկյուններից, և որպեսզի ընթերցողն ինքը կատարի իր սեփական վերլուծությունը և հանգի որոշակի եզրակացությունների։ Ըստ իս՝ այդ հարցում հեղինակները հաջողել են. գիրքը պատմում է Հայաստանի երրորդ հանրապետության երկու հիմնադիր հայրերի՝ Վանոյի ու Վազգենի մասին՝ բնութագրելով նրանց թե՛ որպես մարդ էություն և թե՛ որպես պետական պաշտոնատար անձ։ Գրքում շատ են այնպիսի էպիզոդները, որտեղ մենք հնարավորություն ենք ստանում ծանոթանալու հերոսների հոգեբանական առանձնահատկություններին, նրանց՝ ծառացած պատնեշներն ու խոչընդոտները հաղթահարելու անսասան կամքի ու ունակության հետ։ Մենք նաև նրանց բացահայտում ենք որպես հայրենանվեր երկու պետական գործիչներ, ովքեր փորձել են կառուցել իրենց երազած Հայաստանը։ Ստորև մեջբերում եմ հեղինակի խոսքեր գրքի մասին.
««Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի նպատակն է եղել այս մարդկանց ցույց տալ հնարավորինս անաչառ կերպով, զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից կամ սեփական կարծիքից: Շատ են ուրախացնում այն արձագանքները, որոնք ստանում ենք վերջին շաբաթների ընթացքում: Շատերն ասում են, որ գիրքը մտածելու տեղիք է տալիս՝ եթե գրքում շարադրված եւ համադրված փաստերն ու վկայությունները մարդկանց օգնում են սեփական վերլուծություններն անել, դա նշանակում է, որ մեր նպատակներից մեկին հասել ենք: Գրքում նախապատվություն չենք տվել հերոսներից որեւէ մեկին: Փորձել ենք նրանց միասին ներկայացնել՝ բոլոր հակասություններով ու տարբերություններով»։
Հեղինակի խոսքերին հետևեցին սովորողների ու դասավանդողների արձագանքները. ես առաջինը հանդես եկա իմ կարծիքով և օգտվելով առիթից նաև հարց հնչեցրի հեղինակին՝ կապված հարցազրույցներ տված անձանց հետ։ Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք հարցազրույց տված տասնյակ անձանց շարքում են Վազգեն Սարգսյանի մտերիմ զինակից ու մարտական ընկերները՝ երկրապահները, որոնք ավելի լավ էին ճանաչում հերոսին, քան թե որևէ այլ մարդ։ Արա Թադևոսյանը, պատասխանելով իմ հարցին, մասնավորապես նշեց, որ իրենք գիրքը գրելիս առաջնորդվել են չեզոքության սկզբունքով և փորձել են խուսափել անկողմնակալությունից և այդ իսկ պատճառով չեն խոսացել Վազգեն Սարգսյանին շատ մոտիկ ու հարազատ մարդկանց հետ։
Այնուհետև իրենց կարծիքն ու վերլուծությունը ներկայացրին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մյուս սովորողները, ովքեր պատմեցին իրենց դուր եկած հատվածների, մեջբերումների, տեղեկությունների մասին, հանդես եկան առաջարկություններով։ Ընդհանրապես, նման քննարկումներն ինչո՞ւ են կարևոր, որովհետև դրանց արդյունքում հեղինակները համոզվում են, որ իրենց գիրքը շրջանառվում և ընթերցվում է տարբեր տարիքային մարդկանց խմբերի կողմից, և որի արդյունքում ընթերցողները կարողանում են ներկայացնել առաջարկություններ, քննադատել գիրքը, որը ևս արդեն ընդունված պրակտիկա է, և տարածել այն որքան հնարավոր է շատ, եթե այն արժանի է։
Իմ և այլոց կարծիքին, ինչպես նաև բուն քննարկմանն անդրադարձել է Մեդիամաքսը, որի լուսաբանմանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։



Շատ հետաքրքիր էր լսել նաև Մանուկ Նիգոյանին, ով պատմում էր Վանո Սիրադեղյանի՝ որպես հայրենանվեր պետական գործչի գործունեության մասին, մեջբերում էր հետաքրքիր ու ուշագրավ փաստեր նրա կյանքից։ Մանուկ Նիգոյանի հետ մենք նաև ունեցել ենք կլոր սեղան-հանդիպումներ, որի շրջանակներում քննարկել ենք ու մեր կարծիքն արտահայտել Վանո Սիրադեղյանի պատմվածքների ու հոդվածների վերաբերյալ։ Ավելի մանրամասն կարող եք ընթերցել ամփոփումներում.
- Սիրադեղյանական օրեր․ Մանուկ Նիգոյանի և Խաչատուր Սիրադեղյանի հետ հանդիպում-քննարկման ամփոփում
- «Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր»․ կլոր սեղան քննարկում-բանավեճի ամփոփում
Առանձնակի հետաքրքիր էր ու ինֆորմատիվ լսել Տիար Աշոտ Բլեյանին, ով կիսվում էր անձնական պատմություններով երկու հերոսների հետ։ Նա պատմեց, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել յուրաքանչյուր պետական գործչի հետ, հանդիսանալով լուսավորության նախարար, և ինչպիսի տարաձայնություններ է ունեցել նրանց հետ շփումներում։ Այնուամենայնիվ, պատմություն ուսումնասիրելիս պետք է նաև չմոռանալ դրա ենթատեքստի, թաքնված, մութ կողմերի ու չբարձրաձայնված տեսարանների մասին, քանի որ դրանք են, որ կասկածների վրա լույս են սփռում և թույլ են տալիս հետազոտողներին հարցը դիտարկել ամբողջական կոնտեքստում։
Հանդիպման վերջում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում պատրաստված գինին նվեր տրվեց Արա Թադևոսյանին, ով առաջին անգամ էր այցելում մեզ։ Մի շարք սովորողներ, ովքեր դեռ չէին հասցրել ընթերցել գիրքը, ավելի վստահ հայտարարեցին, որ անպայմանորեն ընթերցելու են։ Շնորհակալություն ուշադրության համար …
Լուսանկարները՝ Մեդիամաքսի