Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Որոշ պատմական պայմանների բերումով՝ նպաստավոր ու անհրաժեշտ դարձավ ազգային կուսակցությունների ստեղծումը։ Դրան նպաստեցին այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են Օսմանյան կայսրության ներքին անկայունությունը, ինչպես նաև արտաքին՝ միջազգային ասպերազում թույլ դիրքը, ազգային զարթոնքը, որը սկսվեց 19-րդ դարի երկրորդ կեսին հայության շրջանում, եվրոպական ազդեցությունն ու հեղափոխական գաղափարների տարածումը, մեծ տերությունների՝ տարածաշրջանով և հատկապես Հայկական հարցով հետաքրքրվածությունը, սպառնալիքներին դիմագրավելու համար զինված ինքնապաշտպանության անհրաժեշտությունը, սոցիալ-տնտեսական-քաղաքական դժվարությունները և այլն։

2. Ներկայացրե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Արմենական կուսակցությունն ունեցել է սեփական ծրագիր՝ կազմված յոթ մասից։ Կազմակերպության նպատակն էր՝ «Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ»։

Քանի որ տվյալ ժամանակաշրջանում արմենականները հնարավոր չէին համարում օսմանահպատակ ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը, ուստի շեշտում էին ներազգային համերաշխության գաղափարը։ Ծրագրում նշվում էր. «Կազմակերպությունն իր ջանքերն ամփոփում է հայ ազգի տարբեր հատվածների մեջ, առանց դավանանքի խտրության, իր ուժերը չի ցրում հարևան ազգերի մեջ հեղափոխական շարժումներ առաջացնելու համար՝ զգալով որ հայ ազգի և մյուս ցեղերի միջև զարգացման, աշխարհայացքների և պահանջների մեծ տարբերություններ կան, որով հայ ազգի հեղափոխական շարժումը կարող է դանդաղել և թուլանալ»։

Նպատակին հասնելու խնդիրներ էին դիտվում՝ ազատագրական պայքարին նվիրված հայրենասերների միավորումը, ժողովրդի կազմակերպումը, նրա մեջ հեղափոխական գաղափարների տարածումը։ Դրանք իրականացվելու էին գրավոր և բանավոր քարոզչության, կրթական համակարգի վրա ներազդելու միջոցով, ինչպես նաև՝ անձնական օրինակով։

Հատկապես կարևորվում էին ժողովրդական լայն զանգվածների մեջ ինքնապաշտպանության գաղափարի արմատավորումը, ինքնապաշտպանական խմբերի կազմակերպումը և ժողովրդի զինմանն ուղղված աշխատանքները։ Ծրագրում շեշտվում էր, որ հեղափոխության դիմելու համար անհրաժեշտ են արտաքին նպաստավոր պայմաններ։ «Մասնակի և տկար ուժերի շարժումները, ցույցերը բացառիկ հանգամանքներից դուրս ընդունելի չեն, ընդհակառակը՝ վնասակար են», — ասված էր կուսակցության ծրագրում։

3. Որո՞նք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Ծրագիրն ընդգրկում էր կուսակցության հեռավոր և մոտակա նպատակները։ Հեռավոր նպատակը հիմնավորում էր հայկական հասարակության մեջ սոցիալիստական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը։ Շեշտված էր փոքրամասնության կողմից մեծամասնության շահագործման վրա հենված հասարակարգի փլուզման անխուսափելիությունը։ Հին համակարգը փոփոխելու անհրաժեշտ պայման էր դիտվում սոցիալիստական հեղափոխությունը։ Նոր հասարակությունը հենվելու էր սոցիալիստական իրավակարգի և տնտեսական արդարության սկզբունքների վրա։ Որպես հեռավոր նպատակ, ծրագիրը հստակորեն սահմանում էր «սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ»։

Հեղափոխական պայքարում կուսակցությունն ընդունում էր հետևյալ առաջնահերթությունները.

ա. Պրոպագանդա, որը տարվելու էր ժողովրդի մեջ զանգվածներին կուսակցության հետապնդած նպատակները, օսմանյան բռնատիրությունը հեղափոխական ճանա– պարհով տապալելու անհրաժեշտությունը բացատրելու համար։

բ. Ագիտացիա, որը ներառելու էր ժողովրդին ոտքի հանելու ու ոգևորելու, հայրենիքի ազատագրության խնդիրը հասարակության լայն շրջաններին պարզաբանելու աշխատանքներ։ Պայքարի ձևերից էին զանազան ցույցերը, բարենորոգումների պահանջը, ծանր հարկերի դեմ ուղղված ելույթները և այլն:

գ. Տեռոր, որը համարվում էր ժողովրդի ոգին բարձրացնելու, բռնակալությանը հարվածելու և հայությանը պաշտպանելու ազդու լծակ։ Տեռորը և ասպատակային գնդերի կազմումը համարվում էին հեղափոխական կազմակերպության պայքարի կարևոր զենքերը և դիտվում իբրև կուսակցության՝ ընդհանուր ապստամբության կազմակերպման անհրաժեշտ միջոցներ։ Տեռորը ուղղվում էր ինչպես արտաքին թշնամու, այնպես էլ ազգային շահը դավաճանողների, հայ լրտեսների դեմ։ Ծրագրում որոշակի տեղ էր հատկացվում մեծ տերությունների՝ Հայկական Հարցի նկատմամբ գրաված հայամետ դիրքին, թեև շեշտվում էր, որ ժողովուրդն ինքը պետք է կռի իր ազատությունը։ Մասնավորապես, ընդհանուր ապստամբության համար խիստ կարևորվում էր միջազգային նպաստավոր իրավիճակի առկայությունը։ Նման բարենպաստ պահ էր համարվում Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ։

Ծրագրում խնդիր էր դրվում ստեղծել խմբեր գյուղացիներից, բանվորներից, ինչպես նաև ասպատակային կամ մարտական խմբեր՝ ամենատարբեր խավերից։ Ենթադրվում էր, որ հաղթանակից հետո գյուղացիներից ու բանվորներից կազմված խմբերը վճռական դեր են խաղալու պետության կառուցման գործում։

4. Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) ստեղծվեց 1890 թվականին Թիֆլիսում՝ ի պատասխան հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության իրականացրած բռնաճնշումների, ինչպես նաև հայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակի։ ՀՅԴ-ի ստեղծման պատճառներից էին հայ ժողովրդի պաշտպանության անհրաժեշտությունը, ազգային ինքնորոշման ձգտումը, ազգային-ազատագրական շարժման ուժեղացումը։

ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ ուներ որոշ ձգտումներ, որոնք ամփոփված են կուսակցության ծրագրում։ ՀՅԴ-ի հիմնական նպատակն էր ապահովել հայկական նահանգներում ազգային ինքնավարություն կամ առնվազն այնպիսի բարեփոխումներ, որոնք թույլ կտան հայերին ունենալ անվտանգ, պաշտպանված և իրավահավասար կյանքի պայմաններ։ Դրա համար էլ նա պայքարում էր բարեփոխումների իրականացման համար, որը հանձն էր առել Օսմանյան կայսրությունը։

Կուսակցության գերնպատակներից էր նաև ազգային ինքնապաշտպանությունը։ ՀՅԴ-ն ձգտում էր կազմակերպել զինված ինքնապաշտպանություն՝ պաշտպանելու հայ բնակչությունը կոտորածներից, բռնաճնշումներից և այլ հարձակումներից։ Դրա շրջանակներում նրանք ձևավորեցին կազմակերպված ռազմական խմբեր, որոնք նպատակ ունեին ապահովել հայերի ֆիզիկական անվտանգությունը։

Գիտակցելով, որ ՀՅԴ-ն միայնակ գործել չի կարող, ուստի այն փորձեց կապեր հաստատել Օսմանյան կայսրության մյուս ճնշված ժողովուրդների՝ բուլղարների, արաբների, հույների և այլ ազգերի հետ՝ միասնական պայքարի համար։ ՀՅԴ-ն համոզված էր, որ ազգային ազատության և սոցիալական արդարության հասնելու համար անհրաժեշտ է զինված պայքար՝ ընդդեմ բռնապետական ռեժիմի։ Այս նպատակով Դաշնակցությունը նախաձեռնում էր բազմաթիվ հեղափոխական գործողություններ, որոնց նպատակն էր ցույց տալ հայերի պատրաստակամությունը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայերի վիճակի վրա։

Որոշ նյութեր վերցված են historyofarmenia-am.armin.am կայքից։