Սեբաստացու օրերի շրջանակում նոյեմբերի 15-ին Մայր դպրոցի Փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում շրջանավարտների հետ։ Սա մի ունիկալ հանդիպում էր, քանի որ մեզ մոտ հյուրընկալվել էր «Տիեզերք» բենդը, որի հիմնադիրներից երկուսը սեբաստացի շրջանավարտ աղջիկներ էին։ Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք սովորողներ, ովքեր որ հետաքրքրված էին երաժշտությամբ և բենդով, դասավանդողներ, հիմնադիր-տնօրենը, այլ շահագրգիռ անձինք։
Հանդիպման ծրագրին, օրակարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ դասավանդող Մարգարիտ Սարգսյանի բլոգում։
Մեր հանդիպում-քննարկման օրակարգում էին՝
- Բենդի հաջողության պատմությունը
- Սեբաստացիական հուշերը
- Մի քանի կատարում
- Խորհուրդներ ապագա երաժիշտների համար
Սկզբից Լուսինեն և Էլիզը կիսվեցին իրենց հուշերով և հիշողություններով, պատմեցին, թե ինչպես են իրենց առաջին քայլերն արել կրթհամալիրում։ Յուրաքանչյուր պատմություն ուղեկցվում էր աղջիկների չքնաղ կատարմամբ։ Նրանք մեծ տպավորությամբ պատմում էին, թե ինչպես ծանոթացան միմյանց հետ, թե ինչպես ծնվեց բենդ ստեղծելու գաղափարը։
Պետք է մի շատ կարևոր արձանագրում անենք, որ աղջիկների գործունեության անբաժան մաս է կազմել նաև ազգային-ավանդական երգերի ու պարերգերի վերափոխումը (re-mix), ինչը նոր երանգ ու ռիթմ է հաղորդում բազմադարյա մշակույթին։ Նրանց առաջին կատարումը հարսանեկան ծեսի երգ էր, որն ըստ ենթադրության կատարում էին հարսանիքի մասնակիցները։ Մի հետաքրքիր պատմություն կա սրա հետ կապված, որ աղջիկը, որն ինչ-ինչ պատճառներով արժանի չէր ամուսնանալ գեղեցկադեմ տղայի հետ, հուզված այս երգն էր կատարում։

Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ։
Ֆրիդրիխ Նիցշե
«Տիեզերք» բենդի յութուբյան ալիքում հրապարակված են խմբի հեղինակած կատարումները։ Անպայմանորեն խորհուրդ եմ տալիս լսել։
Աղջիկների կատարած աշխատանքն այնքան յուրահատուկ էր, այնքան մշակված ու սիրուն, որ յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էին երկարատև ծափերով ու գովասանքներով, նույնիսկ այն մարդկանց կողմից, ովքեր ծանոթ չէին նրանց արվեստին։ Բաղձալի ու հնչեղ ձայները, կիթառի ու ֆլեյտայի նվագակցությունը, անկրկնելի մթնոլորտը մի այնպիսի գեղեցիկ կոմբինացիա էին ստեղծում, որը կատարմանը հաղորդում էր մի տեսակ անբնական, ուրիշ, ավելի պայծառ ու հրաշալի երանգ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև շրջագայություններին։ Աղջիկներն իրենց տաղանդի շնորհիվ արդեն վաղ տարիքից կարողացան ներկայացնել իրենց երկիրը՝ Հայաստանը, միջազգային ասպարեզում։ Եվ մինչ օրս էլ նրանք շարունակում են շրջագայել, ներկայանալ և ներկայացնել՝ ստիպելով լսարանին անվերջ ծափահարել ու հիանալ։
Սովորողները հանդիպման վերջում հարցեր ուղղեցին աղջիկներին, հետաքրքրվեցին նրանց հաջողության պատմությամբ, խորհուրդներ հարցրեցին սկսնակ երաժիշտները։ Մի խոսքով՝ մեր հանդիպումը շատ հետաքրքիր էր, ուրախ, մտերմիկ։ Մենք շատ տեղեկություններ ստացանք ու հերթական անգամ համոզվեցինք, թե ինչպիսի քրտնաջան աշխատանքի արդյունք են այսօրվա հրաշագեղ կատարումները։
Երաժշտությունը տխուր մարդու համար լավագույն մխիթարությունն է:
Անտոն Չեխով

Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Մարգարիտին կարևոր ու նմանը չունեցող հանդիպում կազմակերպելու համար։ Չէ՞ որ սերունդների միջև կապը զարգացնելով ենք մենք ամրապնդվում ու միմյանց ավելի լավ ճանաչում։ Շնորհակալություն նաև «Տիեզերք» բենդին մեզ անմոռանալի էմոցիաներ պարգևելու համար։ Սրտանց մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ։