1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։
Համանիշ են իմաստով մոտ հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝ լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։
Գործնական աշխատանք
1. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
- Հսկայական — վիթխարի,
- Ողորկ — հարթ,
- Դժվար — խրթին
- Հավաքել — ժողովել
- Դյութիչ — հմայիչ
- Ծավի — բիլ
- Ստերջ — անպտուղ
- Դրվատել — գովել
- Դատարկել — պարպել
- Խոնավ — տամուկ
2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:
- Նոսր — թանձր
- Անջրդի — ջրարբի
- Օրինական — ապօրինի
- Ողորկ — խորդուբորդ
- Գագաթ — ստորոտ
- Երկչոտ — համարձակ
- Ամպոտ — ջինջ
- Արատավոր — անբասիր
- Փութաջան — ծույլ
- Ուսյալ — տգետ
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Նա արագ հեռացավ դեպքի վայրից։
Կրիան ամենադանդաղ կենդանիներից մեկն է աշխարհում։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Հին քաղաքում մարել էր վերջին լույսը։
Նոր երկիրն իր վերելքն էր ապրում։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Տարօրինակորեն այս տարի եղանակը շատ սառն է։
Երազում եմ լինել Հավայան տաք կղզիներում։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Քաղաքն աներկբայորեն դարձել է ավելի մաքուր։
Կեղտոտ առարկաները, սակայն, շարունակում են գետնին մնալ։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Ամառն այս տարի սկսվելու է հունիսի վերջ։
Ձմեռը, ի հեճուկս լավատես կանխատեսումների, դաժան է լինելու։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Երկրի ռելիեֆի պատճառով ճանապարհները հիմնականում թեք են։
Ուղիղ ճանապարհներն հաճախ ավելի դիմացկուն են։