Հրաչյա Սարիբեկյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ, ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «Գրքերի աշխարհ» թերթի խմբագիր։ Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում 2000 թվականին:
Հեղինակի գրքերից են.
- Գուշակություններ հայելիներով, Երևան, 2003, 76 էջ։
- Հովհաննես Պետրոսյան. Մատենագետի կյանքն ու գործունեությունը, Երևան, 2009, 144 էջ։
- Երկվորյակների արևը, Երևան, Անտարես, 2012, 216 էջ։
- Ապուշների ուղևորությունը (երկաթուղային վեպ), Երևան, Անտարես, 2015, 160 էջ։
- Այնտեղ աչքերդ երբ բացես (պատմվածքներ և վիպակներ), Երևան, Անտարես, 2018, 160 էջ։
Այստեղ փոքր անդրադարձ կկատարեմ Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործություններին և կփորձեմ որոշակիորեն հասկանալ և բացահայտել այդ մարդու ներքին աշխարհը, ինչքան որ դա հնարավոր կլինի։
Գիրք կարդալը նորաձև է։
Հ․ Սարիբեկյան

Այնտեղ` աչքերդ երբ բացես
Այս պատմվածքն առաջինն էր, որը ես ընթերցեցի։ Ինչ վերաբերում է կառուցվածքին, մտքերի տրամաբանական դասավորվածությանը՝ դրանք գոնե ինձ համար տպավորիչ էին ու ես գոհ մնացի։ Բառապաշարը շատ գեղեցիկ էր, անցումները՝ սահուն։
Առավել կարևոր էր իմաստը, գործողությունների ընթացքն ու նրանց տրամաբանությունը։ Գործողությունները ծավալվում են Միջին Արևելքի ներկայիս դրությամբ ամենաթեժ երկրների տարածքներում՝ Իսրայել և Պաղեստին։ Պատմվածքը սկսվում է հերոսի ընկերների՝ «արաբներից հեռու մնալու» խորհրդով։ Ես շատ չեմ խորանա սյուժեի մեջ, պարզապես կընդգծեմ ինձ համար կարևոր տեղեկություններն ու դասերը, որոնք կարողացել եմ քաղել։
Հակամարդկայնություն. պատմվածքում շատ ընդգծված ցուցադրվում է հրեաների և արաբների միմյանց հանդեպ ունեցած խտրականությունն ու ատելությունը և դրանից բխող հետևանքները։
Օրենքն ընդդեմ կրոնի. համաձայն մահմեդականների սուրբ գրքում գրված հոգևոր-բարոյական օրենքների՝ կինը պետք է կրի չադրա /կրոնական հագուստ/, որպեսզի ծածկի ամբողջ իր մարմինը, բացառությամբ աչքերի, չար աչքերից։ Ինչքան էլ որ սա նորմալ պրակտիկա է մի շարք մուսուլմանական երկրներում, այնուամենայնիվ, մարդկային տեսանկյունից այն մարդու իրավունքների և մասնավորապես՝ մարդու ազատ հագնվելու իրավունքի ոտնահարում է։ Նույն օրենքի սահմաններում՝ կինը չի կարող ամուսնանալ որևէ այլ տղամարդու հետ, եթե վերջինս ամուսնացած է կամ եղել է ամուսնացած և այսպիսի բազում սահմանափակումներ։
Անհավասարություն. մենք արդեն անդրադարձանք միջռասայական ու միջպետական խտրականությանը, սակայն խոսք չեղավ բուն մարդկանց միջև փոխհարաբերություններին։ Չորսն ընդդեմ մեկի, որը նկարագրվում է պատմվածքի վերջին հատվածում, անհավասարության վառ օրինակ է։ Ելնելով հասարակության մեջ տարածված սկզբունքներից՝ մեկը պետք է կռվի մեկի դեմ, կռիվների ժամանակ հավասարը պետք է կռվի հավասարի դեմ։
Սրանք են, ըստ իս, որ ամենաշատն են շոշափվում պատմվածքի մեջ։ Ինձ շատ դուր է գալիս ամբողջ կառուցվածքը, գործողությունների ընթացքն ու միմյանց միջև պատճառահետևանքային կապը։
Կարծում եմ՝ պատմվածքի անունը «այնտեղ՝ աչքերդ երբ բացես» անավարտ է ու խորհրդավոր: Պատմվածքի սյուժեից ու ենթատեքստից ելնելով՝ ամենահամապատասխան շարունակությունը կլիներ հետևյալը. «այնտեղ՝ աչքերդ երբ բացես կտեսնես իրականությունը»։ Ստեղծագործության մեջ շոշափվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փողոցային դաժան բարքեր, անշնորհքություն, միջժողովրդական ատելություն, անարգանք, թշնամություն՝ քաղաքական նկատառումներով և այլն։
Պատմվածքն ունի փիլիսոփայական կոմպոնենտ, որը թույլ է տալիս ամեն մտքից հետո ավելի խորանալ, մտորել ընթերցածի շուրջ, եզրակացություն-վերլուծություններ անել։
Երբեք մտքովս չէր անցել` ինչպես է գրպանի սովորական դանակը մարդասպան դարձնում:
Հ. Սարիբեկյան

Օրերը ինչպես հավերժությունը
Հոգեվարքի, հիպնոսի, հալյուցինացիաների ու նման այլ անորոշ ախտեր ունեցող մարդու առօրյայի պատմություն կարծես լիներ։ Առաջին հայացքից պատմվածքը հիշեցնում է մոլոգարությամբ տառապող մի մարդու, ով չգիտակցելով ինչ-որ գործողություններ է անում, մարդ է սպանում, հոգեմետ միջոցներ օգտագործում։
Ամեն դեպքում, պատմվածքում արծարծվում է մի հետաքրքիր թեմա. արժանապատվությունը պղծողներին պատասխանե՞լ նույն ձև, թե՞ դիմել ավելի ապօրինի միջոցների։ Ներկայումս շատ է քարոզվում, որ կռիվներն ու թյուրըմբռնումները պետք է լուծվեն երկխոսությամբ, միմյանց լսելով, սակայն, ըստ իս, արժանապատվությունը գետնով տալու ու այն պղծելու ամենաուժեղ ու հարմար միջոցը դա կռվի դիմելն է, քանի որ արժանապատվությունից բարձր է միայն հավատն ու ընտանիքը։ Արժանապատվությունը պետք է պաշտպանել յուրաքանչյուր գնով. արդյո՞ք պետք է թույլ տալ, որ որևէ լպիրշ, անգիտակից, տգետ անձնավորությունը նսեմացնի տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կերտված ինքնությունն ու անհատականությունը։ Արժանապատվությունը լրիվ ուրիշ թեմա է։
Կարծում եմ՝ պատմվածքի ասելիքը տարբեր մարդիկ հասկանում են տարբեր ձևերով։ Ես մտածում եմ, որ նկարագրված իրողությունները վկայում են այն մասին, որ մեզնից շատերն այդպես էլ մնում են չհասկացված ու անտեսված։ Միգուցե՞ ինչ-որ օգնության, կարեկցանքի կարիք ուներ գլխավոր հերոսը կամ պարզապես մարդկային նորմալ շփո՞ւմ։ Այնուամենայնիվ, պատմվածքի գաղափարն աղոտ է ու անորոշ, ամեն մարդ այն հասկանում է իր տեսանկյունից։
Ինչ վերաբերում է վերնագրին, ապա այն արտահայտում է այն հոգեվարքն ու տանջալի կտտանքները, որի միջով անցել է հերոսը։ Նրա համար գուցե ժամանակը թվում էր հավերժություն, թե բանտախցում, թե դրանից դուրս։ Ամեն դեպքում, նրա կյանքը մոտ չէր կատարյալին, այն կամաց-կամաց, սակայն վստահ գնում էր դեպի անդունդը։ Հոգեմետ միջոցներ օգտագործող, գրպանում ինքնապաշտպանության նկատառումներով դանակ պահող, մարդկանց բուն պատկերից տարբերվող անձը չի կարող լինել կայուն կամ նորմալ, բայց ուրիշ կողմից, չի կարող լինել խելագար։ Մարդկանց պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Այս պատմվածքում քանի որ տեսարանները խառնիխուռն էին ներկայացված, դա դժվարացնում էր իրական իմաստից կառչելու և այն ճշգրիտ ըմբռնելու հնարավորությունը։ Իմ կարծիքով՝ պատմվածքն այն մարդկանց համար է, ովքեր որ բացասական առումով տարբերվում են հասարակությունից ու այդպես էլ չստանալով որոշակի օգնություն վերջինից, սկսում են չարաշահել ու դանդաղ-դանդաղ գնալ կործանման։
Թեմայից դուրս պիտի ասեմ, որ առաջին մտքի հետ լիովին համամիտ եմ. կարդալը նորաձև է՝ ի հեճուկս որոշ ստվար զանգվածների կողմից ընթերցանությունը որպես մանկամտություն կամ ժամանակի վատնում դասակարգողների կարծիքին։
Ուսումնասիրելով համացանցը՝ ես գտա տեսանյութ, որում Հրաչյա Սարիբեկյանը՝ որպես կրթահամալիրի հյուր, պատասխանում է սովորողների հարցերին, վարում է հետաքրքիր քննարկում։