Գրականության դասընթացի շրջանակներում, դասավանդող Մարգարիտ Սարգսյանի առաջարկով, կարճ ժամանակահատվածում ընթերցեցի հայ դասական գրող Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը։ Հենց ամենասկզբից պիտի պնդեմ, որ նման հանճարեղ ստեղծագործություն երկար ժամանակ չէի ընթերցել, և թույլ տվեք անկեղծանալ՝ հայ դասական գրականություն ասելով իմ աչքերի առաջ գալիս էին լացի, ողբի, կորուստների, պատերազմների տեսարաններ (համենայն դեպս այդպիսի ճակատագիր ունենք մենք)։ Բայց սույն վեպը կտրականապես փոխեց իմ պատկերացումները, և մի փոքր լույս ավելացրեց իմ խավար հոգուն։
Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը միշտ եղել է իմ պարտադիր ընթերցանության առաջին շարքում, սակայն ինչ-ինչ պատճառներով ընթերցելը միշտ հետաձգվել է։ Բայց այս անգամ այն ստացվեց, ինչի կապակցությամբ ես չափազանց ուրախ եմ։ Այժմ կփորձեմ ներկայացնել այս վեպն իմ տեսանկյունից, կփորձեմ այն որոշակիորեն վերլուծել, ինչպես նաև համեմատականներ տանել այսօրվա իրականության հետ։

Վերլուծությունն առաջարկում եմ սկսել հենց վերնագրից. ինչո՞ւ մեծապատիվ, ինչո՞ւ մուրացկաններ։ Հետաքրքիր է, բայց ես սկզբից մտածում էի, որ այստեղ կա որոշակի հակասություն, ինչպե՞ս կարող են մուրացկանները լինել մեծապատիվ։ Բայց իրականում դա քողարկված ակնարկ է, որ մեծապատիվների անվան տակ մուրացկաններն իրենց «կեղտոտ» գործն էին անում։ Մեծապատիվ էին համարվում այն ժամանակ մտավորականության ներկայացուցիչները, ինչպիսիք գրողները, ստեղծագործողները, բանաստեղծները, հոգևորականները, նկարիչները, արվեստի մարդիկ։ Եվ հենց դա է կարևորագույն ֆենոմենը, որ հանճարի բուռն երևակայության ու սրամիտության շնորհիվ ստեղծագործությունն անվանվեց «Մեծապատիվ մուրացկաններ»։
Հիմա անդրադառնանք կառուցվածքին: Ստեղծագործությունն ինքն իրենով վեպ է, որում գործողությունները նկարագրվում են պարզ, բայց դյուրըմբռնելի։ Վեպն արևմտահայերեն է, և ես ընթերցելուց առաջ կարծում էի, թե դժվար կլինի ինձ համար նման արձակ կարդալը, բայց ուշագրավ է՝ վերջում ստացվեց այնպես, որ արևմտահայերեն ընթերցեցի շատ ավելի արագ ու հեշտ, քան թե արևելահայերեն տարբեր այլ ստեղծագործություններ։ Կառուցվածքն իմ դուրը շատ եկավ, ես իսկապես հավանեցի վեպը, վեպի գլխավոր հերոսի հետ վերապրեցի այն բոլոր հույզերն ու տպավորությունները, որոնք նա ունեցավ իր «կյանքի մի հատվածում», ինչպես նաև կատարելապես վայելեցի այն կատակներն ու դիպուկ հումորները, որոնք հեղինակը զետեղել էր իր վեպում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակը դեռ վաղ մանկուց մեծացել է առանց հոր՝ մոր հոգատարությամբ, ունեցել է քիչ թե շատ դառը մանկություն, ուստի նրա՝ կոմեդիայի բնագավառում ստեղծագործելու որոշման ու վճռականության վրա ազդել են շատ ուրիշ հանգամանքներ։ Համենայն դեպս բոլորիս հայտնի է, որ շատ ու շատ հեղինակներ, ապրելով վատ ժամանակներում, տեսնելով անտանելի ու ողբալի իրադարձություններ, որոշել են իրենց կյանքը նվիրել իրականություն արտահայտող, թախիծ ու վշտություն փոխանցող, մտքերի մեջ խորասուզվելու առիթ նվիրող գրականությանը։
Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի։
Սկիզբն արդեն շատ խոստումնալից է. փոքրիկ կատակ՝ ընթերցողին շահագրգռելու, տրամադրելու համար։ Ընդհանրապես, գաղտնիք չէ, որ վեպում բազմաթիվ են հումորային պահերը, հատկապես, երբ դա ծաղրանք է որևէ այլ գործչի հասցեին։ Հումորը, ինչը ճիշտն ասած ըստ երևույթին, այնքան էլ բնորոշ հատկանիշ չէ հայ դասական գրականության գոհարներին, բայց կոնկրետ այս վեպում առանց նրա դժվար է պատկերացնել գործողությունների ընթացքն ու մասնավորապես նրանց նկարագրությունները։ Հումորն այստեղ շերտերով է. կան պահեր, որտեղ հումորը պարզ է ու միանգամից հասկանալի, բայց և կան տեղեր, որտեղ պետք է ունենալ սրամտություն կամ վերջին հաշվով տեղյակ լինել այդ ժամանակվա հասարակա-քաղաքական իրադրությունից, որպեսզի հասկանալ այն։ Դիցուկ ներքոհիշյալ օրինակը.
Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։
զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով — շատ պարզ, բայց և մեկտեղ շատ ծիծաղաշարժ
եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար» — պիտակավորում Հ. Վարդովյանի հասցեին։

— Ես շատ աժան չե՛մ ուզեր։
— Շատ լավ․ աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ։
— Ճերմակ կուզեմ։
— Աչքերը սև՞, թե կապույտ։
— Եկու, տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ․․․
— Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը․ վասնզի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև։
— Կապույտ ըլլա թո՛ղ։
— Շատ լավ։ Հասակն և մազերը․․․
— Երկար, երկար։
— Մեջքը․․․
— Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր․ կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։
Հումորային շերտերն ավելի պատկերավոր են դարձնում, քանզի այդ կերպ ընթերցողը հասկանում է, որ միևնույն ալիքի վրա չէ գրողը, այլ մի քանի և կարողանում է անընդմեջ դրանք փոխել, վերափոխել, որը բնորոշ է տաղանդավորներին։ Եթե Հակոբ Պարոնյանը ուրույն տաղանդ չլիներ, միգուցե իր վեպերում տեղ գտնեին միայն պարզ, ժամանակ առ ժամանակ ոչ ծիծաղելի, անկապ ու անտեղի հումորները, որոնք սկզբից կարող են ծիծաղ առաջացնել, սակայն հետզհետե դրանց էֆեկտը մարում է։
Վեպում արծարծվում է հումորային ևս մի հետաքրքիր տեսակ. դա ավելի շատ ոչ թե հումոր է իրենից ենթադրում, այլ պիտակավորում, ծաղրանք՝ պատված հումորային ենթատեքստով։ Դիցուկ՝
Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն․ վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ՝ աչառու, մերթ՝ կեղծավոր, մերթ՝ անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանուշ Ծերենցը ասոնցմե մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմեն կը բասրվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց է անձեր ստեղծելու արհեստին մեջ, թե միևնույն անձին վրա Ադամն և Նեռն, սատանան և հրեշտակն, Զոյիլն և Հոմերոսն, արականն և իգականն միանգամայն կներկայացնե։
Ծերենցը տակավին Մանուկենց է. մի նրբանկատ բառախաղ, որի արդյունքում այն ստանում է հումորային երանգ։
Եվ այսպիսի բազմաթիվ օրինակներ. գրողն ունակ է խաղալ բառերի հետ շատ վարպետորեն, իրադարձությունները դասավորել այնպես, որ դրանք վերջ ի վերջո ընթերցողի համար դառնան ծիծաղելի։ Եվ հաշվի առնելով այն դրությունը, այն է՝ Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի վերահասու վերացման վտանգն ու օրեցօր լարվող իրավիճակը, պետք է ամուր կամք ու վճռականություն ունենալ նման ստեղծագործություն գրելու ու հանրայնացնելու համար։
Թերուսուցման կամ տգիտության հետևանքով շատ մարդիկ հետ են մնում իրականությունից։ Նրանց մենք նաև կոչում ենք հետամնացներ. ինչո՞ւ, որովհետև արագ փոփոխվող աշխարհի հետևից նրանք չեն հասցնում կամ էլ պարզապես ժամանակին ճիշտ կրթություն չեն ստացել (վերջին հաշվով գոնե նվազագույն)։ Եվ հենց այս խնդիրն էապես շոշափվում վեպում։ Հակոբ Պարոնյանը ներքոհիշյալ կատակով ցանկանում է ցույց տալ, թե ինչպես են մուրացկանները կամ ընդհանրապես մարդիկ ձեռք առնում, ծաղրում տգետներին, որոնք բախտի բերմամբ, թե պատահմամբ ղեկավար են կարգվել հասարակությանը։ Սրանով հանճարն ուզում է ցույց տալ, թե ինչպիսի բարդ գործ է հիմարին համոզելը, բացատրելը կամ էլ նրան ինչ-որ բան ապացուցելը. ահա թե ինչքան դժվար է, երբ մարդը չունի համապատասխան կրթություն։
Առաջին մաս
— Ի՞նչ կարծեցիք հապա․ երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ․ առանց մուսայի ոտանավոր չի գրվիր։
— Եթե այդ մուսան գալու չըլլա՞․․․։
— Անպատճառ կուգա։
Երկրորդ մաս
— Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը․․․ ուսկի՞ց պիտի գա․․․ ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք․․․ Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։
— Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,— պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։
Երբևէ ինչ-որ մեկը կարող էր պատկերացնել, որ մուսան շնչավոր երևույթ է, որ այն կարող է գալ ու գնալ, ինչպես բոլորս։

Մարդեր կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին։
Ինչքան էլ որ ծիծաղաշարժ ու ժողովրդական լեզվով ասած անշառ լինի այս վեպը, մեկ է, այն ունի խորաթափանց ու որոշ շրջանակների համար դժվարըմբռնելի ենթատեքստ։ Դա առավելապես արտացոլվում է հեղինակի վերջին խոսքերում, որոնցով և եզրափակվում է ամբողջ ստեղծագործությունը։
Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։
Շարունակությունը կարող եք ընթերցել երկրորդ մասում, որտեղ բնութագրում եմ գլխավոր ու երկրորդական հերոսներին, փորձում եմ որոշակի հոգեբանական վերլուծություններ անել, պատմել սյուժեի մասին, փոխանցել մորալը, ինչպես նաև համեմատականներ ու զուգահեռներ տանել այսօրվա իրականության հետ։