Առաջին մասին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ

Ինչպես նշել էի նախորդ հրապարակման մեջ, շարունակության մեջ բնութագրելու եմ գլխավոր ու երկրորդական հերոսներին, փորձելու եմ որոշակի հոգեբանական վերլուծություններ անել, պատմել սյուժեի մասին, փոխանցել մորալը, ինչպես նաև համեմատականներ ու զուգահեռներ տանել այսօրվա իրականության հետ։

Գլխավոր և երկրորդական դերակատարները

Աբիսողոմ աղա — Վեպի գլխավոր հերոսը, ով Տրապիզոնից ժամանում է մայրաքաղաք Կոստանդնուպոլիս լավ կին գտնելու և նրա հետ ամուսնանալու նպատակով։ Փառամոլ է, սիրում է, երբ իր մասին շատ են խոսում և պատմում։ Անհամբեր է, չի կարողանում որոշ դեպքերում իր հույզերը կառավարել, սիրում է իշխել, թելադրել։ Տգիտության ու անգրագիտության պատճառով անտրամաբանող է, շատ միամիտ, և մուրացկանները կարողանալով օգտվել այդ առիթից, շատ դեպքերում անհարմար իրավիճակի մեջ են գցում Աբիսողոմ աղային։ Ինչքան էլ, որ գլխավոր հերոսն ուսում առած չէ, միևնույն ժամանակ գիտակցում է, որ կան իրենից ավելի խելացի ու պատվարժան մարդիկ։ Նա ընդունում է ամեն թվացյալ խելացիի խոսքը սրտին մոտիկ և որպես անժխտելի իրականություն (կհիշեք, որ խմբագիրը նրան ասաց, որ նա այնքան մեծ մարդ է, որից հետո նա ընկավ խորհրդածությունների գիրկը և վերջում հանգեց նրան, որ խմբագիրը ճիշտ է, քանի որ ուսումնական է)։ Ահա այսպես է նկարագրում Մեծն գրողը գլխավոր դերակատարին։

― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Մանուկ աղա — Եւս շատ անհամբեր, իր ուզածին հասնել ցանկացող, համառ, բայց միևնույն ժամանակ պայքարելու ոչ ունակ մի անձնավորություն։ Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ նա բարեհաճել է հյուրընկալել և իր տանիքի ներքո ապաստան տրամադրել Աբիսողոմին, ով ժամանել էր Թուրքիայի հյուսիս-արևելքից։ Ամեն դեպքում, Մանուկ աղան ևս հետաքրքիր կերպար է, շատախոս, ինքնագովասանքով զբաղվով, սեփական դերը բազմապատկող մի միջին վիճակագրական մարդ։

Տիկին Շուշան — Ինչպես վերը նշված մյուս հերոսները, այս կինը ևս փողասեր, փառամոլ, երկերեսանի անձնավորություն է։ Իր հիմնական գործառույթը համապատասխան զույգեր գտնելն էր։ Ահա թե ինչպես է հեղինակը նկարագրում յուր կնոջը

Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր․ այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ։

Ուշագրավ է այն, որ եզակի անձինք կան, որոնց հեղինակը կոչում է իրենց անուններով, մյուսներին նա անվանում է իրենց մասնագիտություններով կամ էլ օգտագործում այնպիսի մականուններ, որոնք իրենց տվել է հասարակությունը։ Ամեն դեպքում, այս թվացյալ մանրուքը բացարձակ մանրուք չէ։ Հակոբ Պարոնյանի նպատակն այն չէ, որ ամեն մի ծակուկուկից ինչ-որ հերոս դուրս հանի, անուն ու դեր տա, գործողությունների մեջ ներառի, որպեսզի նա էլ երևա։ Այս առումով նա նման չէ Մեծն Շիրվանզադեին՝ իր «Քաոս» աշխատությամբ։

Հակոբ Պարոնյանի նպատակը հասարակարգի, ապրելաձևի ու կեցության ներկայացումն է թուրքական լծի տակ։ Դժվար է պատկերացնել, թե նման պայմաններում, այն է՝ քանդվող կայսրության, բռնի ճնշումների, բազմատարր հասարակության, բազում խնդիրների, ամբարիշտ հարևանների, փոփոխվող աշխարհակարգի և այլնի, խեղճ ծվարած, դարդերով տապակված ժողովրդի գոյատևման ուղղված քայլերն ու դրանց իրականացման «ճանապարհային քարտեզը»։ Դա է պատճառը, որ հերոսները հիմնականում ներկայանում են իրենց մասնագիտություններով, այլ ոչ թե անուններով, քանզի իրական նպատակն իրադրությունն ու իրավիճակը ցույց տալն է, այլ ոչ թե վեպը խառնիխուռն լաբիրինթոս դարձնելը։ Չէ որ վերջին պարբերությունն էլ է դա վկայում։

Ամեն դեպքում, վստահորեն պնդում եմ, որ հեղինակին հաջողվել է շատ հասկանալի կերպով փոխանցել ամբողջ իրավիճակը՝ իր կարևոր ու անկարևոր մանրամասնություններով հանդերձ։

Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն․ վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ՝ աչառու …

Ի՞նչն է ինձ դուր գալիս վեպում

Առաջին մասում ես նշել եմ տարբեր հանգամանքներ ու գործոններ, որոնք ինձ դուր են եկել և որոնք ավելի պատկերավոր ու գունեղ են դարձրել ստեղծագործությունը։ Այժմ կցանկանամ կենտրոնանալ մի այլ ոչ պակաս էական գործոնի վրա՝ երկխոսության։ Այո՛, Հակոբ Պարոնյանն այն բացառիկ գրողներից է, ով անընդհատ երկխոսություն է վարում սեփական ընթերցողի հետ։ Դիտարկենք մի քանի օրինակ։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Ինչքա՜ն պարզ, ինչքա՜ն սիրուն։ Շատ հանգիստ ու նրբորեն է սկսվում ընթերցանությունը, և կամա-ակամա ինչ-որ անդորրություն է իջնում ընթերցողի վրա՝ պարզ բառերի, նախադասությունների, թեթևամիտ խոսքերի շնորհիվ. նա մտածում է, որ վեպն այդպես էլ շարունակվելու է։ Նա իրեն համեմատում է ուրիշների հետ և ընդգծված ցույց տալիս, թե ինչով է մյուսներից տարբերվում։

Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատաս­խանելեն ետքը։

Աղե՞կ ըրավ։ Հայտնի է, որ գեշ ըրավ, եթե ես յուր տեղն ըլլայի, պարզապես կըսեի Մանուկ աղային․

«Մանուկ աղա, ինձի նայե՛, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկ դի դնելու չէ։ Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան որուն տղան է, թե Գևորգ աղան որու հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ հաներ է, թե Թորոս աղան ալ ժամագործին կից տվեր է։

Այսպես կը խոսեի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույն իսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե։ Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցեեն դուրս ելած էր և խուցը կերթար։

Կամ այս պարբերությունը։ Անկեղծ չեմ հիշի, թե որ հեղինակն էր նման անկեղծ զրույց վարել իր կարդացողների հետ։ Պարոնյանն այս առումով էլ է տարբերվող. նա շատ ուղիղ արտահայտում է իր մտահոգությունը՝ պնդելով թե կաներ այլ ձև։ Նման թեմաներում շոշափվում է մարդկանց՝ դիմացինին ընդհատելով կամ խանգարելով նեղություն չպատճառելու և ավելի կոնկրետ՝ չնեղացնելու խնդիրը, երբ մարդը ստիպված լսում է խոսակցին մինչև վերջին շունչը, սակայն վերջում ոչինչ չի հիշում նրա պատմածից։ Սա սովորական երևույթ է, չափից շատ է հանդիպում առօրյայում։

Աբիսողոմ աղան, ինչպես գիտեցին ընթերցողներն, կը մոռնար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կուտար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կը բանար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոս­տանային անունն ժողովրդյան մեջ տարածելու։ Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացունեն մարդերը։ Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն, զոր ոմանք մոլություն կը համարեն, և ոմանք առաքինության կարգը դասել կը փափագին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանա­ստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու՝ սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել։

Իսկ այստեղ հեղինակը, հիմնվելով սեփական հերոսների գործողությունների վրա, եզրակացնում է, որ ամեն անգամ, երբ կխոստացվեր Աբիսողոմի մասին գրել պարբերականներում, վերջինս անհապաղ կհամաձայներ ու կնվիրաբերեր մեծաչափ ոսկի։

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձին Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Եվ ի վերջո, ո՞րն էր այս վեպի էությունը, ի՞նչ էր նա ուզում մեզ փոխանցել։ Ամեն կատակի կեսը, ինչպես տարածված է ժողովրդի շրջանում, ճշմարտություն է, և այս վեպը նույնպես համապատասխանում է այս փիլիսոփայությանը։ Անշուշտ, հեղինակը խոսում է նաև այնպիսի թեմաներից, ինչպիսիք եք հայրենասիրությունը, ազգասիրությունը. մենք այդպիսի տեսարանների ենք հանդիպում, երբ Աբիսողոմ աղան և քահանան միասին զրուցում են, երբ մտավորականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը խոսացնելով, ցանկանում է շորթել մի քանի ոսկի։ Այսուհանդերձ, պատմվածքում և մասնավորապես հերոսների խոսքերում մենք նկատում ենք այն դաժանագին իրականությունը, որի մեջ ապրել և ստեղծագործել է հենց ինքը՝ հեղինակը։ Զրկված լինելով պատշաճ վերաբերմունքից, կրթությունից, լինելով մեկուսացած վիճակում բազմատարր հասարակության մեջ՝ դժվար է ասել, թե ինչի միջով է անցել խեղճ ժողովուրդը մի կտոր հաց հայթայթելու, գոյատևելու համար։

Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին․ կան նաև որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ 

Հակոբ Պարոնյանն այս վեպով հույս է հայտնում, որ օրերից մի օր մենք կունենանք այնպիսի մի հասարակություն, որտեղ բարին կհաղթի չարին, որտեղ երկերեսանիությունը, նախանձը, փող շորթելու անմար ցանկությունը, ուրիշին խաբելով սեփական հաջողությանը հասնելու չեն գերիշխի, այլ դրա փոխարեն ավելի մեծ դիրքերում կլինեն ու ավելի շատ կկարևորվեն ու կարժևորվեն կարեկացանքն ու հոգատարությունը, գթությունն ու ուրիշին օգնություն ցուցաբերելու համառությունը։ Միգուցե այդ ժամանակ մենք կդառնանք ավելի հզոր ու տոկուն հասարակություն …

Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպն աներկբայորեն մեր հայ դասական գրականության գոհարներից է, որն արտահայտում է դաժանագին իրականությունը՝ պարուրված երգիծանքով, կատակով, հումորով։ Եվ սրանում է կայանում նրա հզորությունը, եթե չլինեին կատակները, պահի տակ ծնվող ծաղրանքներն ու պիտակավորումները, մենք այսօր կունենայինք ևս մի ստեղծագործություն, որը ողբում է հայ ժողովրդի կացությունը՝ պատճառաբանելով, որ դա էր մեր ճակատագիրը։ Իսկ սա այդպիսին չէ. և ես մեկ անգամ էլ կցանկանամ հիշեցնել Պարոնյանի վեպի վերջին խոսքերը, որոնք շատ ակնհայտ ցույց են տալիս, թե այս ամբողջ վեպի իրական իմաստը որն է եղել։

Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։