Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Ազատագրական պայքարի զինված փուլը․ Հայդուկային շարժում»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայ ֆիդայական կամ հայդուկային շարժումը։ Ովքե՞ր էին հայդուկները։ Հայդուկային շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ կան։
19-րդ դարի 80-90-ական թվականներին, երբ Հայկական հարցն ասպարեզ էր մտել, սուլթանական կառավարությունը բռնել էր Հայկական հարցը թուրքավարի լուծելու ռազմավարությունը։ Արևմտահայությունը, բնական է, դիմում էր իր անձի, գույքի ու պատվի պաշտպանությանը։ Աբդուլ Համիդ II-ի օրոք պետական քաղաքականություն դարձավ հայերի բնաջնջումը։ Նրա հրամանով 1891թ. քրդական հրոսակներից ստեղծվեցին «համիդիե» հեծյալ գնդերը, որոնք հայկական գյուղերում ու ավաններում կատարում էին պատժիչ ոստիկանի դեր։ Աբդուլհամիդյան վարչակարգը փաստորեն դիմում է Հայկական հարց լուծման նոր միջոցների՝ հայության ֆիզիկական բնաջնջմանը։ Դրա արդյունք հանդիսացան հայերի զանգվածային ջարդերը 1894-1896թթ. Թուրքիայի տարածքում։
Ստեղծված նման պայմաններում անհնարին էր կանոնավոր կռիվը թուրքական բռնապետության դեմ ուստի հայ քաղաքական կուսակցությունները (Հնչակյան, ՀՅԴ) հանգեցին հայդուկային (ֆիդայական) պայքարի գաղափարին։
Հայդուկները կամ ֆիդայիները ժողովրդից դուրս եկած մատնչող մարդիկ էին թուրքական բռնապետության դեմ։ Ֆիդայի նշանակում է զոհ (պարսկերենից)։ Նրանք վարում էին պարտիզանական պատերազմ, կռվում էին խմբերով։
Մատնչող արևմտահայերը փորձեցին դաշինք հաստատել Թուրքիայում հեծող մյուս ժողովուրդների հետ և միասնական ուժերով ելնել թուրքական կառավարության դեմ, սակայն այդ թվացյալ դաշինքը չհաստատվեց, հայերն էլ շարունակեցին կռիվը մեկուսացած ու միայնակ։ Ֆիդայական պայքարի հետ միասին, օգտագործվում էին նաև ապստամբությունները, ինքնապաշտպանությունները, ասպատակությունները, արշավանքները, անհատական ահաբեկումները։
Որտե՞ղ և ե՞րբ են հանդես եկել ֆիդայական առաջին խմբերը։ Ներկայացրե՛ք հայդուկների գործունեությունը 1880- ական թթ․։

Հայդուկները նրանք էին, ովքեր օսմանյան բռնատիրությունից հալածված թողնում էին տուն ու տեղ, ապրում անտառներում ու սարերում։ Նրանք խմբեր կազմելով վրեժխնդիր էին լինում թուրք-քուրդ դահիճներից։ Անվանի գրող Րաֆֆին անվանել է նրանց «ժողովրդական վրիժառուներ»։
1880-ական թվականները հայդուկային շարժման սկզբնավորման և ձևավորման ժամանակաշրջանն էր: Այս տարիներին հայդուկային գործունեությունն ուներ ինքնապաշտպանական բնույթ և հիմնականում կենտրոնացած էր Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում: Այն նպատակ ուներ պաշտպանելու հայ գյուղացիներին օսմանյան իշխանությունների, քրդական ցեղերի, ինչպես նաև այլ դահիճ խմբերի հարձակումներից:
Ե՞րբ և ինչու՞ վերելք ապրեց շարժումը։ Ովքե՞ր էին նշանավոր հայդուկապետերը․ ի՞նչ գիտեք նրանց մասին։ Ուրիշ ի՞նչ հայդուկներ են հայտնի ձեզ։
Ֆիդայական շարժումը վերելք ապրեց, քանի որ կար համաժողովրդական կոնսենսուս, այսինքն՝ բոլորը հետևում էին մի ընդհանուր գաղափարի՝ ազատագրման։ Կար ժողովրդական համախմբում, որը ևս կարևոր ազդեցություն ունեցավ կազմակերպչական տարբեր հարցերում։ Հիմնական պատճառներից են համիդյան ջարդերը, վերահաս ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգը, Բեռլինի վեհաժողովը, ազգային-կրոնական ինքնապաշտպանության գիտակցումը, հեղափոխական գաղափարները, սեփական պետությունն ունենալու անսասան կամքը։
Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը, հայդուկապետ Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան) և ուրիշներ:
Արաբո
Առաջին ֆիդայիներից մեկը։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը տարիներ շարունակ պաշտպանել է թուրք և քուրդ առաջատարների ճնշումներից, բռնություններից։ Սպանվել է քրդերի կողմից՝ Սասունի ապստմամբներին 16 հոգանոց խմբով օգնության գնալու ճանապարհին։
Աղբյուր Սերոբ
Աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, հետո՝ Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Ի շնորհիվ Սերոբի, ամենաքիչ ջարդերը Արևմտյան Հայաստանում տեղի են ունեցել Խլաթ գավառում, ինչի համար էլ նրան տվել են Աղբյուր անունը։ Իր կատարած բազում քաջագործությունների համար նրան անվանել են նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»։ Աղբյուր Սերոբը մահացել է թունավորումից։ Թուրք իշխանությունները կաշառել էին Գեղաշենցի Ավեին, ով իր հերթին Աղբյուր Սերոբի վստահությունը ձեռք բերելուց հետո նրան հյուրասիրում է թունավորված ծխախոտ, ինչն էլ հանդիսանում է Սերոբի մահվան պատճառը։
Սոսե Մայրիկ
Աղբյուր Սերոբի կինը։ Մասնակցել է հայդուկային կռիվների։ Երբ Սերոբը հայ դավաճան Ավեի կողմից թունավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռվել է:
Այն բանից հետո, երբ թշնամու գնդակը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա զենքը և շարունակել է կռվել մինչև վերջ, նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ թշնամու գնդակից ընկել էին իր զավակը՝ 18-ամյա Հակոբը և Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն: Նրա կարևորությունը մեծ է այնքանով, որ նա , կին լինելով և տղամարդկանց հետ հավասարը հավասարի մարտերում պայքարելով, ապացուցել է, որ ուժեղ մարտիկ լինելը սեռով չի պայմանավորված։
Հրայր Դժողք
Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկը։ Սկզբում եղել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության, ապա՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Հրայրը պլանավորել էր համընդհանուր ապստամբություն բարձրացնել 1905 թվականին, սակայն համախոհներին կորցնելու պատճառով իրեն չհաջողվեց իրագործել մտածածը։ Հրայր Դժոխքը ոչ միայն ղեկավարել է Օսմանյան բռնակալության դեմ հայերի զինված պայքարը, այլև խրախուսել հայության կրթական, մշակութային և համայնական աշխատանքները։
Զորավար Անդրանիկ (Օզանյան)
Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։
Գևորգ Չաուշ
Գևորգ Չաուշ (Գևորգ Արոյի Ղազարյան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։ Գևորգ Չաուշը եղել է այն ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ ամուսնացել է։
Չաուշի հայտնի խոսքը, ուղղված իր կնոջը՝ Եղսոյին.
«Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր որտեղ էլ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել»:
Ի՞նչ դրսևորումներով է արտահայվել հայ ազգային կուսակցությունների և ֆիդայական շարժման կապը։ Ի՞նչ արդյունք ունեցավ Ս․ Կուկունյանի արշավանքը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել հայդուկային շարժումը։
1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում:
Հայդուկների կառավարում և ուղղություն էին տալիս հայ քաղաքական կուսակցությունները, որոնք զինական խմբեր ու զենք էին փոխադրում «երկիր», զինում ժողովրդին, կազմակերպում ցույցեր։ Օրինակ 1890թ. հնչակյանները Կ. Պոլսում կազմակերպեցին Գում Գափոի ցույցը, իսկ նույն թվականի սեպտեմբերին դաշնակցությունը Արևմտյան Հայաստան ուղարկեց Սարգիս Կուկունյանի 125 հոգուց բաղկացած մարտական խումբը, սակայն ռուս-թուրքական սահմանագլխին այդ արշավանքը մատնվեց անհաջողության։
Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:
Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չաուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:
Որոշ նյութեր վերցված են dasaran.net կայքից։