Նոյեմբերի 26-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում գրականության դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին 11-րդ դասարանի սովորողները՝ դասավանդող Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ, 10-րդ դասարանի սովորողները՝ Անուշ Ներսիսյանի գլխավորությամբ, հետաքրքրված այլ անձինք։
Հանդիպման ընթացակարգին և ծրագրին կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում։
Հանդիպման սահիկաշարը՝ հղմամբ.

Օրակարգում էին՝
- Ժամանակակից գրականություն
- գրական ընթերցումներ. ընթերցում է Մարինե Պետրոսյանը
- Ինչպես և ինչու կարդալ ժամանակակից գրականություն
Սկզբից ես ներկայացրի Մարինե Պետրոսյանին, նրա ստեղծագործական կարիերան ու հաջողությունները, մասնավորապես այն մրցանակները, որոնց նա արժանացել է իր գրական գործունեության համար։ Անդրադարձ եղավ հեղինակի նոր հրատարակված ու հին գրքերի մասին. տիկին Մարինեն դրանց մասին ավելի մանրամասն պատմեց, ինչպես նաև կիսվեց իր տպավորություններով։ «Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածույի հեղինակը հատուկ նշեց, թե ինչն է ամենաշատը կարևորում իր կարիերայում. նա ի սկզբանե իր գործունեությունը բաժանել էր երկու մասի՝ հրապարակախոսական և բանաստեղծական, որոնցից վերջինը սրտին ավելի մոտիկ էր և որում նա առավելապես խորացել էր։ Նա կիսվեց իր կյանքից հետաքրքիր պատմություններով, ներկայացրեց, թե ինչպիսին է եղել իր ստեղծագործական ուղին, ինչ դժվարությունների ու մարտահրավերների է բախվել։ Հանդիպման երկրորս կեսին սովորողները կիսվեցին իրենց կարծիքներով տարբեր գրքերի վերաբերյալ։ Սովորողների որոշ վերլուծությունների կարող եք ծանոթանալ ստորև.
- Դավիթ Մուրադյանի անդրադարձը, ղեկավար Մարգարիտ Սարգսյան
- Մարիա Թամրազյանի անդրադարձը, ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան
- Սեդա Ստեփանյանի վերլուծությունները․ 1–2, ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան
- Մարինե Պետրոսյան բանաստեղծ Սուքիասյան Յանա, ղեկավար՝ Անուշ Ներսիսյան


Հանդիպման վերջում Մարինե Պետրոսյանն ընթերցեց իր հեղինակած բանաստեղծությունները, պատմեց, թե ինչպիսի հույզերի ներքո է նա ստեղծագործել 2020 թվականի չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու դրանից հետո։ Կիսվեց իր կարծիքով, թե ինչպիսին է այսօրվա ոչ միայն հայ գրականությունը, և ինչպիսին այն պետք է լինի ու ինչ նպատակ պետք է հետապնդի։ Ժամանակ հատկացվեց նաև հարցուպատասխանին. սովորողներից ոմանք հարցեր ուղղեցին կապված տեքստերի ու դրանց բովանդակության հետ։ Հեղինակը մասրամասնեց, որ որոշ տեքստերում պետք չէ խորանալ, պետք չէ որսալ միտքն ու գաղափարը, այլ պարզապես գտնել պատկերը, որը հանդիսացել է ստեղծագործություն գրելու շարժառիթը։
Վերջում, դասավանդող Մարգարիտ Սարգսյանը հայ ժամանակակից գրողին նվիրեց Սեբաստացի քոլեջի Գինու և խաղողի դպրոցում պատրաստված «Անապակ» գինին։ Հեղինակը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու, իսկ սովորողները՝ հետաքրքիր հանդիպման համար։