Հանճարեղ Հակոբ Պարոնյանի երկրորդ ստեղծագործությունը, որը ես ընթերցել եմ գրականության դասընթացի շրջանակներում «Պաղտասար աղբարն» է։ Առաջին վեպը հանրաճանաչ «Մեծապատիվ մուրացկաններն» է, որի բազմակողմանի ու ծավալուն վերլուծությունների կարող եք ծանոթանալ ստորև.
Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ». երգիծանքը (մաս 1)
Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ». ասելիքը (մաս 2)
Այժմ կանդրադառնանք երկրորդ երկին, որն ըստ էության, պիես է։ Առաջարկում եմ նախևառաջ ծանոթանալ գլխավոր ու կարևոր երկրորդական գործող դերակատարներին, որոնց շուրջ ծավալվում են իրողությունները։
Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։
Պաղտասար — գլխավոր հերոսը, Անույշի ամուսինը
Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է, ով դիմելով դատարան ցանկանում է ամուսնալուծվել իր թվացյալ հավատարիմ կնոջից։ Նա մեկ անգամ հանկարծակի բռացնում է կնոջն ինչ-որ անծանոթ տղամարդու հետ տնից դուրս գալիս. և սա է հանդիսանում հիմնական շարժառիթը, որը ստիպում է գլխավոր հերոսին գնալ դատարան։ Ինքն իր էությամբ համառ է, իր խոսքից հետ չկանգնող, պայքարող, սակայն այլ հերոսների էմոցիաներն ու վառ արտահայտչականությունը վերջ ի վերջո համոզում են նրան, որ իր կինը դավաճանության հանցանք չի կարող գործել։
Անույշ — գլխավոր հերոսներից մեկը, Պաղտասարի կինը
Անույշը, ով հանդիսանալով Պաղտասարի կինը, ցանկանում է ամեն կերպ թաքցնել իր մեղքը. նա դավաճանել է ամուսնուն մեկ այլ հերոսներից մեկի՝ Կիպարի հետ, որին կծանոթանանք հաջորդիվ։ Անույշը, դիմելով զանազան հնարքների, խաբեությունների, փորձում է շփոթեցնել ամուսնուն։ Նա նույնիսկ կաշառում է դատավորներին, վարձում երկրորդական մարդկանց, ովքեր իբր թե զոհ են Պաղտասարի «ոտնձգություններին»։ Նա շատ է սիրում Կիպարին, ամեն պատեհ-անպատեհ առիթներով փորձում է նրան սիրահետել, սիրաշահել։ Գաղտնիք չէ, որ նա պարբերաբար արտահայտում է իր զգացմունքները Կիպարի նկատմամբ։
Կիպար — գլխավոր հերոսներից մեկը, Անույշի սիրահարը
Կիպարը ևս մի հետաքրքիր պերսոնաժ է մեր այս պիեսում։ Ստեղծագործության հենց առաջին իսկ տողերից իրենց միջև երկխոսություն է տեղի ունենում, որում մասնավորապես նշվում է, որ պետք է ամեն ձև շեղել ստիպել Պաղտասարին գնալ դատարան ամուսնալուծման համար։ Սակայն ամենասկզբից այդ նորաթուխ «զույգը» չէր էլ պատկերացնում, նույնիսկ կասկած չուներ, որ Պաղտասարը նրանց բռնացրել է միասին։ Կիպարը Պաղտասարի վաղեմի վստահելի ընկերն է, և վերջին երկու հերոսների միջև հետզհետե տեղի ունեցող խոսակցություններից պարզ է դառնում, որ Պաղտասարը նրան անչափ վստահում ու հավատում է։ Կիպարը ևս դիմում է խաբեությունների, բաժանում է կաշառքներ, որպեսզի դատավորները հօգուտ իրեն կայացնեն ճակատագրական վճիռը և այլն։ Հանուն սիրո նա գնում է ամեն ինչի։
Փայլակ, Սուր, Երկաթ — դատավորները
Փայլակը, Սուրն ու Երկաթը ինչ-որ տեղ երկրորդական հերոսներ են, սակայն իրենց որոշումից է կախված լինում գործողությունների հետագա ընթացքը, պիեսի հետագա սյուժեն։ Նրանք ուտող-խմող, իրենց մասին մտածող անձինք են։ Ճշմարտության համար պիտի ասեմ, որ այն դատը, որոնք իրենց հանձն են առել քննելու, անում են առանց վարձատրվելու, ինչն իրենց կողմից բարի ժեստ է։ Ամեն դեպքում, նրանք պարտավոր էլ չէին քննելու այն մարդկանց գործը, որի համար մի լումա փող չէին ստանալու (դա դեռ մյուս հատվածներում պարզ կդառնա՝ վերցնում են, թե ոչ)։ Երբ մենք առաջին անգամ ծանոթանում ենք իրենց հետ, հասկանում ենք թե ինչքան առօրեական հոգսերով ու թեմաներով են հետաքրքրված այս դատավորները. մեկը վիճում է ոգելից խմիչքների մասին՝ պնդելով թե դրանց համար կան որոշակի «ստանդարտներ», ամենասկզբում երեքն էլ վիճում են պարզապես իրար զիջելու մասին և այլն։
Օգսեն — Պաղտասարի փաստաբանը
Եթե Կիպարն Անույշի փաստացի «փաստաբանն» էր, ով ամեն կերպ պաշտպանում էր վերջինիս շահերը, ապա Օգսենը Պաղտասարի կողմից վարձրված փաստաբան էր, ով ուներ համապատասխան կրթություն և գլուխ հանում էր գործից։ Նա շատ պահանջկոտ, համառ, սակայն միևնույն ժամանակ պատասխանատու ու պրոֆեսիոնալ անձնավորություն էր, սիրում էր, որ ամեն ինչ լինի կարգուկանոնով։ Վարձատվության հարցում շատ խստապահանջ էր, պնդում էր, որ ժամկետից ավարտից ոչ ուշ Պաղտասարը նրան պիտի վճարի։ Նա գումարը բաժանել էր երեք մասի՝ նախնական, դատավարության ընթացքում և դրանից հետո։ Քանի որ ինչ-ինչ պատճառներով Պաղտասարն ունակ չէր վճարելու ժամանակին, Օգսենն անընդհատ պահանջում էր իր գումարները։ Այսպիսով, Օգսենը գործի մեջ խորացած, պատասխանատու, մտախոհ ու կազմակերպված անձնավորություն էր։

Սյուժեի մեջ խորանալու ցանկություն չունեմ, ինչո՞ւ, քանզի կարևորում եմ, որպեսզի ընթերցողն ինքնուրույն ընթերցի ու կարծիք կազմի։ Այստեղ պարզիպարզո կներկայացնեմ այն էական թեմաները, որոնք շոշփավում են պիեսում, բայց մինչ այդ կներկայացնեմ ինձ դուր եկած կառուցվածքային առանձնահատկությունները։
Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր։
Պարզություն
Պիեսն այնքան պարզ ու շիտակ է ընթանում, որ ընթերցանությունը, չնայած բարդ կառուցվածքին ու արևմտահայերենին, արագորեն է ստացվում։ Հեղինակն ինչպես «Մեծապատիվ մուրացկաններ»-ում, այնպես էլ այստեղ տեղ-տեղ երկխոսություն է վարում ընթերցողի հետ, ինչ-որ բաներ է բացատրում, փորձում է դյուրին ներկայացնել իրավիճակը։
Ստեղծագործական ուրույն ոճ
Բացի այդ, հեղինակն ստեղծագործական այնպիսի ոճ է օգտագործում, որն ըստ իս, ստեղծագործությանը տալիս է նոր երանգ, նոր տրամադրություն ու նոր տեսք։ Գրածս բացատրեմ այսպես. ունենք երկի՝ հասարակության կողմից որոշակիորեն հաստատված ստանդարտ, որը նույն կառուցվածքն է, սյուժեն, գործողությունները։ Այսինքն՝ երկը ունենում է մի քանի հատված՝ բանաստեղծական, երկխոսական, պատմական, բացատրական, ավելի կոնկրետ՝ այդպես հեղինակը տարանջատում է ստեղծագործության տարբեր մասերը՝ դարձնելով դրանք ինքնուրույն, սակայն շաղկապված։ «Պաղտասար աղբար» պիեսում իմ թվարկած բոլոր ոճերը միախառնվում են, և հենց դրանում է կայանում հանճարեղությունը։ Մարդը կարդում է, հասկանում է, թե ինչ են զգում հերոսները, հասկանում է, թե ինչպես պիտի ընթանան հաջորդիվ իրադարձությունները և այլն։
Երգիծանք
Այս պիեսում ևս կան երգիծանք ու հումորային տեսարաններ։ Նրանք այնքան շատ չեն, ինչքան «Մեծապատիվ մուրացկաններ»-ում։ Երգիծանքը, որը Պարոնյանի ստեղծագործություններում հաճախ հանդիպում է քողարկված հոգեբանական կպչուն պիտակների տեսքով, այս երկից ևս չի վրիպել։ Դիտարկենք դատավորներից մեկի՝ Երկաթի արձագանքն ուղղված Պաղտասարին, ով մերժում էր իր՝ խենթ լինելու դատավորի պնդումը.
Պաղտասար — Ես խենթ չեմ։
Երկաթ — Ես ալ կամաց կամաց կսկսիմ կարծել, թե ուղեղի պզտիկ հիվանդություն մունի այդ մարդը։
Չեմ խորանում այնպիսի կառուցվածքային-բովանդակային բաղադրիչների մեջ, ինչպիսիք են օրինակ ձայնարկություններիա առատությունը, հետգրությունները, ինչ-որ մեկի հասցեին ուղղված խոսքերի ընդգծումը։ Սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, որոնք սակայն, ոչ պակաս կարևոր են։
Պիեսի գաղափարը
Հակիրճ ասած՝ բուն գաղափարն այն է, որ կինը դավաճանում է ամուսնուն, վերջինս ամեն ինչ տեսնում է, հետո բացահայտվում է, որ իր ամենամտերիմ ընկերներից մեկն է սիրահարը, դիմում է դատարան, իսկ կաշառված դատարնն ամեն քայլի դիմում է, որպեսզի պաշտպանի մեղավորի՝ կնոջ շահերը և դատապարտության ենթարկի ամուսնուն, ով դատարանին էր դիմել ունենալով ապացույցներ։ Սակայն այդ ապացույցներն էլ են մի քիչ տարօրինակ ու ոչ հասկանալի, քանի որ դա տեսել է հենց ինքը՝ Պաղտասարն իր սեփական աչքով. բայց դատաքննության համար դա, բնական է, որ քիչ է։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։
Իսկ հիմա վերադառնանք կարևորագույն թեմաներին, որոնք շոշափվում են այս պիեսում։
Ամուսնական կյանք, ներընտանեկան հարաբերություններ
Մենք հստակ տեսնում ենք, թե ինչպես է աչքի առաջ քանդվում ընտանիքը մի երկու հոգու հանցավոր սիրո պատճառով։ Ընդհանրապես, մեր իրականության մեջ էլ են այդպիսի դեպքերը շատ. երբ ինչ-որ մի պատահական մարդու պատճառով քանդվում է ամբողջ մի թվացյալ ամուր ընտանիք։ Եվ դա, անշուշտ, ճիշտ չէ։ Ես չեմ առարկում, որ մարդ կարող է ամուսնացած լինել, բայց միաժամանակ սիրել մեկ այլ մարդու։ Կոնկրետ եթե այս դեպքը դիտարկենք, ապա այստեղ պետք է կինը/ամուսինը խոստովանի, որ նրա սերը պատկանում է ուրիշին, այդ կերպ ներողություն խնդրի և այլն։ Պիեսում Անույշը, ով որ մեղավորներից մեկն է հենց ուղիղ խոստովանում է, որ չի սիրում Պաղտասարին և երբեք էլ չի սիրել։ Դատական-փաստաբանական պրոցեսներից հետո, երբ ամեն ինչ թվում էր՝ կարգավորվել է, նա հստակ և անշեղորեն պնդում է, որ պետք է բաժանվի, չնայած որ նախորդող իրադարձությունների արդյունքում նման վճիռ չէր կայացվել։
Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են։
Մենք սկզբից ականատես ենք լինում, թե ինչպես է Անույշը փորձում ժողովրդական լեզվով ասած՝ «մեղքն իր վրայից գցի»։ Նա պնդում է, կատակում է, ասում է, թե իբր իր ամուսինը խելքը թռցրել է.
Անույշ — Երկնից շնորհն կհայցեմ քեզի համար և կաղոթեմ, որ երկինք իմաստություն շնորհե քեզ, որպեսզի խելքդ գլուխդ ժողվես ու հասկնաս, թե այս ճամփան անել է, թե ուղեղի հիվանդություն մը երևակայելու կուտա քեզ, թե Կիպարը կսիրեմ:
Սակայն վերջում, երբ արդեն կամաց-կամաց ճշմարտությունը ջրի երես բարձրացավ, Անույշն ու Կիպարը փոխեցին իրենց մարտավարությունը. նրանք արդեն փորձում էին ազդել թե՛ Պաղտասարի, թե՛ դատավորների խղճի ու հայեցողության վրա։ Հերոսները մեկը մյուսի հետևից արծարծում էին այն փաստարկը, թե իբր Պաղտասարն է այն միակ մեղսավորը, որի պատճառով Անույշն այդքան տուժել է, նեղսրտել։ Սկզբից նրանք հաստատակամորեն ասում էին, որ ո՛չ, նման բան չկա, Կիպարը սիրածը չէ Անույշի, սակայն հետագայում նրանք ստեպ-ստեպ սկսեցին կրկնել նույն նախադասությունները. «մեղավորը Պաղտասարն է, Անույշը պարզապես տուժել է նրա վատ արարքներից»։
Հետո արդեն ակնհայտ դարձավ, որ մարտավարության փոփոխության արդյունքում, պետք է փոխվեին նաև վկայություններն ու փաստարկները. համագործակիցները սկսեցին մեղադրել բռնության մեջ խեղճ Պաղտասարին, ով նույնիսկ չէր էլ հասկանում, թե ինչպես են այսքան արագ Անույշն ու Կիպարը ոտքի վրա փոխում արգումենտները։ Իհարկե, սա դատավորների աչքից չէր վրիպում. բայց նրանք էլ էին հասկանում, որ իրենց համար շահավետ է Անույշի հաղթանակը։ Եթե այստեղ չլիներ Օգսենի՝ փաստաբանի ու Պաղտասարի խոսակցությունը, միգուցե և պիեսը ավարտվեր պատկերացրածից շուտ. Օգսենը կարողացավ դատավարությունը դնել ճիշտ հունի վրա։ Բայց այնումանեյանիվ, դա պատրանքի պես մի բան էր, շեղող հանգամանք, դատավարությունն ու նրա վճիռը նախօրոք որոշված էր։
Կիպարի ու Անույշի նենգ խաղի հետևանքով ասպարեզ եկան այնպիսի երկերեսանի կերպարներ, ինչպիսիք էին Սողոմեն, Մարթան և այլոք, որոնք իրենց հրաշալի դերասանական խաղով կարողանում էին շեղել դատավորների ուշադրությունը, մտածմունքների մեջ գցել Պաղտասարին, ով մեն-մենակ էր այդ հակամարտությանը։
Այսպիսով, ինչպես ավարտվեց այս հակամարտությունը. դատավորներն եկան այն եզրակացությանը, որը զույգը չպետք է ամուսնալուծվի, այլ ընդհակառակը՝ ամրապնդի կապը, իսկ Կիպարը, Անույշն ու Պաղտասարը ճանաչվում են անմեղ, չնայած որ վերջինս այնքան էլ մեղավոր չէր։
Եկեք որոշակի անդրադարձ կատարենք այս պիեսի հոգեբանական ասպեկտին, որը ակներև է ու հրաշալի կազմակերպված, մշակված։ Այստեղ ի հայտ են գալիս այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որ սովորական մարդը, չունենալով պատշաճ գիտելիք ու տեղեկատվություն հոգեբանության ոլորտից, նման հետաքրքիր ստեղծագործություն մտածել, ուր մնաց գրել չէր կարող։ Այժմ պատմեմ կետերով.
Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ։
Կնոջ պատրանքները. մենք տեսանք, թե ինչպես էին փաստակներն ու վկայություններն անդադար փոխվում։ Համեմատելով մեր իրականության հետ՝ աներկբա կարող ենք պնդել, որ էական փոփոխություն չի եղել. մարդիկ շարունակում են իրենց անարդար հաղթանակի համար մտածել նորանոր մարտավարություններ, համագործակցել տարբեր մարդկանց հետ իրենց ուզածին հասնելու համար։
Կնոջ հոգեբանական առանձնահատկությունները. այն էմոցիաները, հույզերը, տպավորություններն ու զգացողությունները, որոնք մանրակրկիտ ներկայացված են ստեղծագործության մեջ, վկայում են այն մասին, որ հեղինակն այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարել՝ իրականությանը մոտ պատկեր ստեղծելու նպատակով. և դա նրա մոտ ստացվել է։ Մենք գիտենք, որ կանայք/աղջիկներն ավելի հուզական են, այդ առումով ավելի զգայուն, և նույն պատկերը պիեսում է։ Անույշը կարողացավ տանել այնպիսի դերասանական խաղ, որը պարուրված էր անվերջ պատրանքներով, շրջադարձներով, խաբկանքներով, ինչպես նաև հանկարծահաս էմոցիաներով։
Տղամարդու հոգեբանական առանձնահատկությունները. Պաղտասարը, ով պահի ու ճնշման տակ, հետզհետե կորցնում էր տիրապետությունը, չէր կարողանում նորմալ ձևակերպել նախադասությունները, և այդպիսով նրա մեջ զարթնում էր բռնությունը, ագրեսիան։ Նա բղավում էր, փորձում էր իրենը պարտադրել, սակայն արժանանալով դատավորների հորդորների ու նկատողությունների, նա դադարում էր դա անել։ Ամեն դեպքում, Պաղտասարը տղամարդ է, ով որոշ հետազոտողների կարծիքով ավելի ուշ է ըմբռնում պահը, քան կինը, տրվում էր այդ անիրականությանը և դառնում դրա մի մասը։
Դատավորներն էլ օգտվելով այն հանգամանքից, որ Պաղտասարն ուշ է հասկանում իրողությունը, կարողանում էին թեման արագորեն փոխել, լրիվ այլ պատճառներ ներկայացնել և այլն։ Այստեղ կարևոր դեր ունի նաև դատավորների կողմից օգտագոծված մանիպուլյացիան, որը միգուցեև պատահական է եղել։ Դատավորներն անընդհատ ասում էին, համոզում, որ մեղավորը Պաղտասարն է, թե ամեն ինչ նրա պատճառով է եղել, որ նա պետք է միանձնյա պատասխան տա։ Եվ սա ուժեղ գործիք է. անդուլ կրկնելով նույն մեղադրանքը, մարդը սկսում է մտածել, թե արդյոք նա մեղավոր է, կասկածում է սեփական ինքնավստահության վրա։ Դատավորները կարողանում են հասնել նրան, որ վերջապես Պաղտասարը հավատա, որ ամեն ինչ եղել է տեսողական խաբկանք, և իր կինը մնացել է իրեն հավատարիմ։
Այս պիեսի շնորհիվ մենք հերթական անգամ կարողացանք առերեսվել հիանալի մի երկի, որն այդպիսին է դարձել բազմակողմանի մոտեցման, խորին ուսումնասիրության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Հակոբ Պարոնյանը, ով արդեն իմ ամենասիրած գրողներից մեկն է, այնպիսի մի պատկեր է ստեղծում, այնպիսի կերպարներ հորինում, որոնք և որոնց գործողություններն արդիական են թե՛ երեկ, թե՛ այսօր, և թե՛ վաղը։ Հոգեբանական այն ենթաշերտերը, որոնց մասին ես մանրամասն խոսեցի վերևում, փաստում են այն, որ միայն տաղանդավոր մարդը կարող է նման աշխատության հեղինակ հանդիսանալ՝ կարողանալով համատեղել գիտելիքը փորձի հետ։
Դարերուն մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է։
Այնուամենայնիվ, պիեսը չի ավարտվում այնպես, ինչպես պետք է լիներ, սակայն այն ևս ունի մի արժեքավոր խորհուրդ. անմեղ մարդը, ով նաև միամիտ է ու դյուրահավատ, հոգեբանական գործիքների տիրապետող մարդկանց շրջանում միշտ էլ տուժելու է, դառնալու է զոհ։ Դրա համար մարդը պետք է միշտ պատրաստ լինի, խորաթափանց ուսումնասիրի տարատեսակ ռազմավարություն-մարտավարություններ, որպեսզի մեր այսօրվա անարդար աշխարհում կարողանա դիմակայել ոչ պակաս անարդար ու չարամիտ մարդկանց, ովքեր ցանկանում են նրան տիրել, գերիշխել և կառավարել։