Սեբաստացու օրերի և իրավունքի դասընթացի շրջանակներում, հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանի աջակցությամբ, 11-րդ դասարանի սովորող Սեդա Ստեփանյանի համակարգմամբ, Մայր դպրոցի Մարմարյա սրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի և Արթուր Ադամյանի հետ։

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները, պատմության և հասարակագիտության մասնախմբի դասավանդողները, հետաքրքրված այլ անձինք։

Քննարկման թեման էր՝ «Ինչպես զերծ մնալ Ճանապարհատրանսպորտային հանցագործություններից»

Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ.

Սկզբից պարոն Գրիգոր Ավետիսյանը ներկայացրեց ՀՀ Քննչական կոմիտեի Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի գործունեությունը, պատմեց, թե ինչպիսի աշխատանքներ են ընթանում այնտեղ, ինչ գործիքակազմ է կիրառվում հանցագործությունները պարզելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ուժային իրավապահ մարմիններին, ինչպես օրինակ Ազգային Անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), Պետական պահպանության ծառայությանը (ՊՊԾ), Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությանը, ոստիկանական զորքերին, ռազմական ոստիկանությանը և այլն։ Մենք հպանցիկ քննարկեցինք յուրաքանչյուր ուժային կառույցի նպատակներն ու գործունեությունը։ Կոնկրետ ես իսկապես հետաքրքրված էի այդ հանդիպմամբ, քանի որ նախատեսում եմ ապագայում խորանալ հենց այս ոլորտում, և լիովին վստահ եմ, որ նման հանդիպումների հնարավորություններ դեռ շատ են ընձեռվելու։

Ընդհանրապես, ըստ իս, մենք պետք է եթե ոչ լիովին, ապա մասնակի իմանանք և կարողանանք տարանջատել սույն կառույցները, քանի որ նրանք ունեն տարբեր գործառույթներ և մեխանիզմներ։ Այսուհանդերձ, սակայն, կարևորն այն է, որ նրանք համահունչ և ներդաշնակ աշխատում են՝ կազմելով մի բարդ, ճյուղավորված համակարգի բաղկացուցիչ, և այդպիսով զարգացնելով հայաստանյան ներքին անվտանգությունն ու քաղաքացիների ապահովությունը։

Հետաքրքրված սովորողներն անդադար հարցեր էին ուղղում քննիչներին՝ կապված տարբեր հանցագործությունների և դրանց բացահայտման հետ։ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննարկումից զատ՝ շատերը նաև հարցեր բարձրացրին կապված երիտասարդների ու պատանիների շրջանում կատարվող հանցագործությունների, ինչպես նաև դրանց քննման և հանցագործի նկատմամբ համապատասխան պատժի կիրառման վերաբերյալ։

Այսպիսով, պետք է հստակ ընդգծեմ, որ հանդիպումն արդյունավետ էր ու անգնահատելի կարևոր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության ապագա լիիրավ քաղաքացիներս, պետք է հստակ իմանանք մեր իրավունքները, պարտականությունները, օրենքով մեզ հասանելիք իրավասությունները, ինչպես նաև գիտենանք, թե ինչպես մեզ պետք է դրսևորենք կյանքի տարբեր ժամանակաշրջաններում՝ ապահով ու պաշտպանված լինելու համար։ Սրա հետ զուգահեռ մենք պետք է սերտենք ու հասկանանք օրենքները, որպեսզի իմանանք, թե որպես օրինակ, ինչպես են կատարվում ճանապարհատրանսպորտային հանցագործությունները, և խորաթափանց ուսումնասիրության, վերլուծման և քննման շնորհիվ ինչպիսի վերջնարդյունքի են դրանք հանգում։