Շատ կարճ ժամանակում ընթերցեցի Հակոբ Պարոնյանի մեկ այլ, ավելի ոչ ծավալուն ստեղծագործություն՝ «Քաղաքավարության վնասները»։ Արդեն ծանոթ լինելով հեղինակի գրչին ու ոճին՝ սպասում էի, թե ինչի պիտի հանդիպեմ, սակայն, ի հեճուկս իմ պատկերացումների, «Քաղաքավարության վնասները» երկն ավելի ինձ տպավորեց։ Տպավորեց այն պատճառով, որ մանրակրկիտ ներկայացրեց հենց մեր այսօրը, մեր առօրյան։ Եվ ես հերթական անգամ համոզվեցի, որ ժամանակը կապ չունի, կան բաներ, որոնք միշտ նույնն են, լինեն մարդիկ, թե սովորական երևույթներ։ Այժմ անդրադառնանք երկին, որը բաղկացած է երեք պատմվածքներից, ավելի կոնկրետ՝ երեք աղաներից, որոնց շուրջ ծավալվում են իրադարձությունները։ Չեմ խորանա դետալների մեջ, այլ կփորձեմ վերլուծել դրանք, գտնել իմաստներն ու համեմատել մեր իրականության հետ։

Պապիկ աղա

Պապիկ աղայի դեպքն ինձ համար թերևս ամենահարազատն էր։ Երբ մարդ ցանկանում է ուղղակիորեն լքել որոշակի միջավայր ինչ-ինչ հանգամանքների բերումով, սակայն այդ միջավայրի անձանց համառության, իբր օգնելու հաստատակամության ու հենց այդ մարդու քաղաքավարության պատճառով լքելը վերածվում է ավելի երկար սպասելու։ Ես խորապես հասկանում եմ, թե հորինված հերոսն ինչ ապրումներ է ունենում այն պահին, երբ նա ցանկանում է ծլկել, ամեն ինչ անում է դրան հասնելու համար, սակայն հյուրընկալողները՝ «հմուտ հոգեբաններն» ու մարդկանց գիտակցության հետ խաղ անողները, կարողանում են խոսքերով ու գործողություններով այնպես ճնշել, որ վերջինս կամ վախից, կամ լարվածություն կամ էլ ապակողմնորոշվածությունից չի կարողանում նույնիսկ տառ արտասանել, ուր մնաց մերժել երկար մնալու առաջարկը։

Պապիկ աղային շարունակաբար ուղղվում են տարբեր առաջարկներ, որպեսզի նա չքնի. քաղաքավարությունն է արգելում։ Նրան սիգար, ջուր ու խնձոր են առաջարկում, ասում են՝ քիչ քիչ քայլի, որ քունդ փախչի, դրանից հետո էլ խաղ են առաջարկում ու հրավիրում պարի։ Դրան հակառակ՝ նա արժանանում է ծաղրանքի ու բամբասանքի, այն է՝ նրան մեղադրում են, թե իբր նա ավելի երկար է մնում ուրիշների տանը և առավել աշխույժ է այնտեղ, քան թե իրենց տանը։ Այս ամեն ինչը հանգեցնում է նրան, որ Պապիկ աղան չի կարողանում քունը նորմալ առնել, և այդ պատճառով կարողանում է մտնել խորը քուն միայն լուսաբացին։ Չնայած՝ դա էլ իր մոտ չի ստացվում, քանզի երբ արդեն կամաց-կամաց հանգում է, աշխատանքի գնալու ժամանակն է, իսկ նա, քաղաքավարությունից ելնելով, չի կարող չներկայանալ աշխատանքի։

Մարդու մեջ կա մի բռնավոր, որը գործում է անգամ նրա բնության դեմ: Դա քաղաքավարությունն է:

Գասպար աղա

Երկրորդ պատմվածքը մեկ ուրիշ աղայի մասին է, ով շաբաթ օրով ցանկանում է գնալ վարսավիրի մոտ։ Հասնելով տեղ՝ նրան հարմարավետ նստեցնում են, խոստանում, որ ամեն ինչ բարձր մակարդակի կլինի, սակայն հենց առաջին իսկ հարվածից խեղճ Գասպար աղայի դեմքը վերածվում է արյունահեղության։ Գասպար աղան փորձում է սաստել, ժամանակ առ ժամանակ նկատողություն է անում, խնդրում՝ ավելի զգույշ ու ուշադիր լինել, և սրան ի պատասխան արժանանում է սափրիչի դրական արձագանքներին։ Փորձելով իր վրայից մեղքը գցել՝ սափրիչն ասում է, թե իբր պատճառը չիբանն էր, հետո էլ՝ ծուռ մազը։ Բայց, ճանաչելով Հակոբ Պարոնյանին, վստահորեն կարելի է ասել, որ նման պատմվածքներն այսքան հեշտ ավարտ չեն ունենում։ Վերջում, երբ արդեն խեղճի հույսը կորել էր, թե մի լավ բան կստացվի, վարսավիրը թույլ է տալիս հերթական սխալը. այս անգամ Գասպար աղայի ամբողջ դեմքը ծածկվում է արյան շիթերով։ Չնայած այսքան անհեթեթությունների՝ վարսավիրն առաջարկում է մի հատ էլ մազերը կտրել, սակայն Գասպարը մերժում է և իսկույն փախչում։

Սեդրաք աղա

Սեդրաք աղան, ով ստեղծագործության երրորդ և վերջին հերոսն է, գնում է կոշկարարի մոտ՝ նոր կոշիկ պատվիրելու համար։ Կոշկակարը, ով լավատես էր ու խոստումնալից, վերցնում է համապատասխան չափերն ու անցնում գործի՝ ասելով, որ որոշ ժամանակից պատրաստ կլինի։ Հենց որ պահն է հասունանում կոշիկները վերցնելու և տեղում փորձելու, Սեդրաքը շատ հանկարծակի բացահայտում է, որ կոշիկներն իրեն փոքր են։ Ահավոր փոքր։ Այնքան փոքր, որ նրա ոտքի 3/4 մասն է միայն տեղավորվում։ Ի դեպ, այս համեմատությունը հեղինակին բնորոշ սարկաստիկ հումորներից էր երկում։ Եվ ահա, բոլորը միահամուռ փորձում են խցկել խեղճ պատվիրատուի ոտքը կոշիկի մեջ, իսկ նա դիմադրում է՝ պնդելով, թե դրանք նա չի հագնելու։

Սկզբից օգնում են երկու հոգի՝ կոշկակարն ու նրա աշակերտը, հետո նրանց միանում է մի թիմ։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ Սեդրաք աղան ուներ բարդույթ, ինչ-որ խնդիր, ու անընդհատ հիշեցնել էր տալիս դրա մասին, միևնույնն է տղաներն ամեն ինչ անում էին, որպեսզի Սեդրաքը հավանի։ Սեդրաքն էլ, պատկերացումներին հակառակ, բոռում էր, խնդրում, աղաչում, որպեսզի դադարեն։ Բանն հասավ նրան, որ քիչ էր մնում երկու կողմից ճղեին ողորմելի պատվիրատուին։ Այս պատմվածքում ևս, հերոսը թողեց ու փախավ՝ չվերցնելով կոշիկները։

Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են։

Այս կարճ պատմվածքին մենք եզրակացնում ենք, որ քաղաքավարությունից ելնելով շատ անգամներ մենք լռում ենք, զիջում մեր խոսելու իրավունքը դիմացինին, ինչի պատճառով էլ տեղ-տեղ տուժում ենք։

Ես համամիտ եմ, որ պետք չէ լինել չափազանց կարգապահ ու քաղաքավարի, քանի որ աշխարհում տարածված երևույթ է շահարկելը, այն էլ այն մարդուն, ով չափից դուրս շնորհքով է, մարդասեր ու քաղաքավարի։ Պետք է գործել ըստ իրավիճակի, կշռադատել գործողություններն ու առաջնորդվել սեփական համոզմունքներով։

Համեմատելով պատմվածքների մեջ նկարագրված իրադարձությունները մեր իրականության հետ՝ աներկբայորեն պետք է նշեմ, որ գրեթե փոփոխություն չկա, տիրում է լրիվ նույն պատկերը։ Մարդիկ, ավելի կոնկրետ՝ վաճառականները, առևտրականները, վարսավիրներն ու այլոք, կատարելով իրենց աշխատանքը, մեկ-մեկ թույլ են տալիս իրենց չափազանցություններ, փորձում են ամեն կերպ համոզել ու ներշնչել, որ իրենց արածը ճիշտ է ու դրա այլ տարբերակ չկա։ Դիցուք հենց սափրիչի դեպքը, մենք տեսանք, թե ինչպիսի համառությամբ էր վարսավիրը շարունակում գործ անել, երբ հաճախորդն արյան մեջ խեղդվում էր։ Ցավոք, իրականությունը հենց սա է, երբ աշխատողը չի նկատում կամ չի ցանկանում նկատել, որ իր անուշադրության, անզգոնության ու անպարտաճանաչության պատճառով տուժում կամ վիրավորվում են մյուսները։ Կամ մեկ այլ օրինակ՝ կոշկակարն ու իր կարած կոշիկը։ Մի՞թե անհասկանալի է, որ խնայողություն անելու նկատառումով կամ անուշադրության հետևանքով կոշկակարի մոտ ստացվել է ակնկալիքին հակառակ արդյունք։ Մի՞թե կարելի է անվերջ-անդադար պնդել, որ հենց տվյալ մարդն է ճիշտ։ Իհարկե ոչ։ Պարզապես պետք է իմանալ, որ այն մարդը, ով ընդունում է իր սխալը, և որն ավելի կարևոր է, այնպես է անում, որ մյուս անգամ չկրկնի, առավել ուժեղ է, քան այն, ով բոլորին ցանկանում է ապացուցել, որ ինքը անսխալ ու անբիծ է։ Կոշկակարը տիպիկ այդպիսի անձնավորություն էր, ով հաշվի չառնելով նույնիսկ այն, որ դիմացինն ունի որոշակի առողջական խնդիրներ մեկ է անում էր այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու, այս պարագայում՝ ապրանք հրամցնելը։

Իսկ հիմա վերադառնանք առաջին պատմվածքին, որում ինչ-որ աշխատանքային գործընթացներ չեն նկարագրվում, այլ սովորական մարդկային, միջանձնային հարաբերություններ։ Փորձեմ խորը վերլուծել։ Նախ այն, որ մարդուն չի կարելի պարտադրել անել ինչ-որ բան. մարդն այդ առումով ազատ է և ինքն է որոշում՝ ինչ անել։ Մեր դեպքում, խեղճ մարդուն պարացնում էին, երգացնում, փորձում էին նրա տրամադրությունը բարձրացնել, սակայն այդ բոլոր ջանքերն ապարդյուն էին լինում։ Եթե մարդը հոգնած է, անտրամադիր կամ պարզապես չի զգում իրեն իր «ափսեի» մեջ, ապա դա նշանակում է, որ այդ մարդուն պետք է հանգիստ թողնել։ Ըստ իս՝ նման պահվածքը, մասնավորապես՝ ձևական սատարումն ու իբր օգնությունը մեր ժողովրդական բնորոշիչներից է և հատուկ է միայն մեզ։ Մենք ենք փորձում ամեն տեղ հանդես գալ օգնությամբ, երբ նույնիսկ դրա կարիքը չկա։ Մենք դա, համեմատ ուրիշ ազգերի հետ, անում ենք ձևական, քանզի հետապնդում ենք ինչ-որ շահ, թեկուզև օգտվողի մոտ լավ տպավորություն թողնելու համար։ Եթե մենք դադարենք այդպես գործել, անտարակույս, մենք՝ որպես ազգ և հասարակություն, ավելի բարձր մակարդակի կդասվենք։ Օգնությունը չպիտի լինի ձևական, պիտի լինի սրտանց ու անաչառ։

Ես բազմիցս նշել եմ՝ թե՛ մասսայական, թե՛ անհատական ինչպիսի խորը հոգեբանական առանձնահատկություններ է իր երկերում նկարագրում հասարակության կողմից մեծ ճանաչում չունեցող Հակոբ Պարոնյանը։ Նա այնքան պարզ ու հասկանալի է գրում, որ ընթերցողը միանգամից հասկանում է հերոսի հոգեվարքը։ Եվ այս երկն էլ բացառություն չի, այստեղ էլ ենք մենք առնչվում մտատանջությունների հետ, այստեղ էլ մեր հերոսներին տանջում է մեղքը, խիղճը, և կոնկրետ առաջին պատմվածքում Պապիկ աղան մտածում է, թե ի՞նչն է հանգեցրել նրա հանդեպ նման պահվածքի, ի՞նչ է նա արել սխալ։

Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն։

Այսպիսով, մենք այսքանից հետո գալիս ենք մի կարևոր եզրահանգման. անշուշտ քաղաքավարությունը շատ կարևոր է, այն էլ մեծ հասարակություններում, և ինչքան մարդիկ քաղաքավարի ու հարգալից են միմյանց նկատմամբ, այնքան երջանիկ են իրենց զգում։ Սակայն մի բան պետք է ընդունենք. ապրելով այնպիսի մի հասարակությունում (խոսքը ոչ միայն հայաստանյան իրականության մասին է), որտեղ բնակչության մեծամասանությունն առաջնորդվում է «ինչքան շատ փող, այնքան շատ հարգանք» և «ամեն ինչ իմ և ընտանիքիս համար» սկզբունքներով, պետք է պատրաստ լինել մարտահրավերների։ Նման հասարակություններում ուզում ես եղի քաղաքավարի, ուզում ես եղի շնորհքով ու անծայրածիր հարգալից, դաստիարակված, խելացի, միևնույնն է, դու դիտարկվելու ես որպես սովորական մարդ, սովորական քաղաքացի, ով իր ամեն մի թեկուզ փոքր սխալի համար հավետ դատապարտվելու է ու անդուլ քննարկվելու կասկածելի հեղինակություն ունեցող, տարիքն առած մարդկանց կողմից։ Ամեն դեպքում, պետք է լինել քաղաքավարի, ինչ-որ տեղ զիջող ու հանդուրժող, սակայն 21-րդ դարում մարդը պետք է սովորի նաև ասել ոչ, պետք է սովորի մերժել ու պաշտպանել նախ իր, ապա և մյուսների շահերը։ Ինչու նախևառաջ իր, քանզի շատերը, օգտվելով մարդու բարությունից ու քաղաքավարիությունից, հաճախ օգտագործում են նրան շահադիտական նպատակներով։ Բայց, այնուամենայնիվ, հասարակությանը, ով տառապում է անվերջ կարծրատիպերով ու համոզմունքներով, պետք է վերադաստիարակել, ինչպես որ ցանկանում էր անել և հիմա մեզ է պատգամում Մեծն Նժդեհը։