Ս. թ. դեկտեմբերի 4-ին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնաճյուղում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության կողմից հրատարակված «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է հասարակագիտության դասավանդողների համար։ Շնորհանդեսի մասնակցում էին հասարակագետ դասավանդոողներ տարբեր ուսումնական հաստատություններից, ուսանողներ և սեբաստացի սովորողներ՝ պատմության և հասարակագիտության դասավանդող Նազելի Պետրոսյանի ու անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի գլխավորությամբ։

Շնորհանդեսի հյուրերն էին նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, Հայաստանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, կրթության փորձագետները և այլ անձինք։

Բացման խոսքով հանդես եկան մի շարք պաշտոնական անձինք։

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն նվազեցնելը կամ կանխարգելելը, լրջագույն մարտահրավերներից մեկն է: Նա մասնավորապես նշել է.

«Հատկապես կրթության ոլորտում մեծ աշխատանք կա կատարելու. մենք պատրաստում ենք ապագա քաղաքացիների, որոնք պատկերացում ունենալով կոռուպցիայի դրսևորումների ու իրենց կյանքի վրա դրա բացասական ազդեցության և հետևանքների մասին՝ կունենան որոշակի վերաբերմունք և հետագայում կկարողանան կոռուպցիան հաղթահարելու ճիշտ վարքագիծ ձևավորել»։

Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին թեման՝ նախարարը նաև անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հիմնականում նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ հիմքում գիտելիքահեն կրթությունից կարողունակահեն կրթության անցումն է: Արաքսիա Սվաջյանն հատկապես նշել է տարբեր պետությունների դեսպանատների հետ համագործակցության արդյունավետությունը տարբեր ուղղություններով և շնորհակալական խոսք է ասել Շվեդիայի դեսպանատանը, որն աջակցել է ձեռնարկի մշակմանը:

Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ պատմեց, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկել Շվեդիայի կառավարությունն ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարին նպաստելու ուղղությամբ։ Նշեց, որ Հայաստանում մեծ տեմպերով զարգանում է համագործակցությունն այդ ոլորտում եվրոպական մի շարք երկրների հետ։ Շվեդական դեսպանատան ներկայացուցիչն առանձնակի նշեց, թե ինչքան կարևոր է կոռուպցիայի մասին իրազեկումն ու դրա դեմ պայքարը։

Անահիտ Հովակիմյանը՝ ԹԻՀԿ կրթական ծրագրերի մասնագետը, ավելի մանրամասն ներկայացրեց ձեռնարկը՝ պատմելով թե՛ կառուցվածքի, թե՛ օգտագործված գրականության, և թե՛ բովանդակային առանձնահատկությունների մասին։ Մասնագետը կենտրոնացավ ներքոհիշյալ կետերի վրա.

  • Ձեռնարկին նախորդող գործոնները՝ միջազգային ու տեղական փորձի ուսումնասիրությունը
  • Հասարակագետ դասավանդողների ներգրավվածության կաևորությունը
  • Մարդ-տնտեսություն, մարդ-իրավունք գործոնների նշանակությունը
  • Ձեռնարկի վերաբերյալ հասարակության կողմից առաջարկներով հանդես գալու խրախուսումը
  • Բովանդակության մեջ ուսումնաօժանդակ ռեսուրսների ու նյութերի առատությունը
  • Նախագծային ու գործնական աշխատանքների կատարումը՝ չափորոշիչներին համապատասխան

Նախագծային աշխատանքը ներկայացնելիս՝ Անահիտ Հովակիմյանը նշեց, որ գնահատման վրա ազդում են մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքն ու գործընթացը։

Հավելյալ ռեսուրսների շարքում տեղ են գտել հակակոռուպցիոն բառարանը, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, առցանց ռեսուրսները թե՛ սովորողի, թե՛ ուսուցչի համար նախատեսված, հակակոռուպցիոն կառույցների ու հարթակների հետ համագործակցության ուղիները, մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները։

Ներկայացմանը հաջորդեց պանելային քննարկումը, որի մասնակիցներն էին՝

  • Կարինե Հարությունյան, ԿԶՆԱԿ հիմնադրամ
  • Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ
  • Հայաստան Գրիգորյան, կրթության փորձագետ

Փորձագետները կիսվեցին իրենց կարծիքներով ու առաջարկներով ձեռնարկի վերաբերյալ, խոսեցին, թե ինչպիսի բարդ ճանապարհ է անցել այն մշակումից մինչև թողարկում։

Այսպիսով, նման շնորհանդեսը ես համարում եմ արդյունավետ, քանի որ մենք ստացանք նոր գիտելիքներ կոռուպցիայի և հատկապես նրա դեմ պայքարի մասին, զարգացրինք մեր կապերը տարբեր հարթակների հետ, ինչու ոչ կարողացանք նաև որոշակիորեն օգնել կազմակերպչական հարցերում։ Առաջարկում եմ ծանոթանալ լրատվականների անդրադարձին.

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը — Հայկական ժամանակ

Ներկայացվել է «Հասարակագիտություն» առարկայի «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» նոր ձեռնարկը — Արմենպրես