Ս. թ. դեկտեմբերի 3-9-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառում, որի շրջանակում իրականացվում է պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ հանրության տեղեկացվածության ապահովում՝ ընդգծելով նաև հակակոռուպցիոն կրթության կարևորությունը: Միջոցառումների այս տարվա կարգախոսն է՝ «Համախմբենք Ուժերը, Կանխենք Կոռուպցիան», «Ոչ Կոռուպցիային»:
Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթվա մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել պատմության, հասարակագիտության դասավանդողների մասնախմբի կայքում
Իրազեկման շաբաթվա ընթացքում կատարվել են մի շարք առանցքային աշխատանքներ, որոնցից երկուսը ներկայացնում եմ ստորև՝
Կոռուպցիայի դիմակազերծումը. արդյո՞ք հաղթանակը հնարավոր է. անհատական հետազոտություն
«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսի ամփոփում
Մենք կյանքի կոչեցինք ևս մի կարևոր նախաձեռնություն, այն է՝ դեկտեմբերի 6-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի հետ անցկացրինք բազմաբովանդակ, հետաքրքիր հանդիպում-քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտները, հասարակագետ-դասավանդողները, այլ հետաքրքրված անձինք։ Հանդիպման համակարգողն անգլերենի դասավանդող Նունե Այդինյանն էր։
Սկզբում Շուշան Ավագյանը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի մասնագետը, կոռուպցիայի մասին պատկերացումներն ավելի ճշգրիտ կազմելու նպատակով, ձեռնարկեց խաղ-քննարկում հետազոտական վարժարանի սովորողների հետ։ Նա մեզ նկարագրեց մի իրավիճակ, որում x գործարանին կից գետի մեջ թափվում են վնասակար թափոններ և վատ ազդեցություն ունենում շրջակա միջավայրի վրա, մենք՝ ականատեսներս, քայլելիս ենք լինում և պատահաբար նկատում ենք դա։ Կանչելով և դիմելով պատկան մարմիններին՝ օգնության փոխարեն նրանք մեզ կաշառք են առաջարկում։ Եվ այստեղ է հիմնական հարցը. ինչպիսի՞ քայլերի կդիմեն սովորողները, որպեսզի կանխեն կոռուպցիայի տարածումն ու խրախուսումը։ Հետաքրքրական էր ու ուշագրավ, որ սովորողները տարբեր պատասխաններ էին հնչեցնում։ Այնուամենայնիվ, այս կարճատև զրույցը մեզ թույլ տվեց ավելի կոնկրետ պատկերացում կազմել կոռուպցիայի և դրա տարածման մասին։



Այնուհետև մասնագետը սկսեց պատմել կոռուպցիայի դրսևորումների մասին, պատմեց, թե ինչպես են տարբեր պետություններ փորձում դիմագրավել ու պայքարել դրա դեմ։ Ամենավառ օրինակն Ինդոնեզիայի ու Մալայզիայի մեջտեղում գտնվող Սինգապուրն էր, որը ճիշտ քաղաքականության մշակման և իրականացման արդյունքում հրաշք ապրեց և այսօր զարգանում է արագ տեմպերով։ Սինգապուրը, լինելով աշխարհի ամենափոքր երկրներից մեկը, միևնույն ժամանակ ամենազարգացածներից է։ Համեմատության համար՝ Սինգապուրի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 84,734 $, իսկ հարևան Ինդոնեզիայի կամ Մալայզիայի ՀՆԱ-ները կազմում են 4,940 և 11,648 ԱՄՆ դոլար։ Արձանագրում ենք՝ միշտ չի, որ փոքր, գաճաճ պետություններն անպաշտպան են ու մեկուսացված։
Նախօրոք պատրաստված պրեզենտացիայի հաջորդ մասը նվիրված էր հայտնի կոռուպցիոն սկանդալներին, որոնցից ամենալայն տարածում գտածը «Ուոթերգեյթի» սկանդալն էր, որի գլխավոր դերակատարը, ամերիկացի ժողովրդի գնահատմամբ, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, և որի հրաժարականով էլ ավարտվել էր այս պատմությունը։ Այստեղ պատմությանը լավ ծանոթ սովորողները մեծ խանդավառությամբ ներկայացրին պատմությունն ու իրենց դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ։ Ամեն դեպքում, պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգների պես հակակոռուպցիոն շարժումներ ու ռազմավարությունների մշակումներ քարոզող պետության մեջ ևս նմանօրինակ դեպքեր պատահում են։ Ոչ ոք ապահովագրված չէ կոռուպցիայից. այն կարող է տեղի ունենալ «ոտքի վրա», դրա համար միշտ պետք է զգոն ու ողջամիտ լինել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում այն կարողանալ կանխել կամ վերջին հաշվով թույլ չտալ, որպեսզի տարածվի։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայաստանյան իրականությանը։ Զրույցի ընթացքում մենք մանրակրկիտ շոշափեցինք այնպիսի նուրբ թեմաներ, ինչպիսիք են կոռուպցիայի կանխարգելման պետության ռազմավարությունը, իրավապահ, ուժային մարմինների գործունեությունն ու կատարված աշխատանքները, Հայաստանը՝ միջազգային պարբերականների ու հետազոտական կենտրոնների, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի զեկույցներում ու վիճակագրություններում։ Նաև արծարծեցինք ու միաձայն կողմ դիրքորոշմամբ հաստատեցինք այն, որ պետք է միահամուռ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ, և որ դրա առաջին ու անկյունաքարային նշանակություն ունեցող քայլը հենց իրազեկումն է, տվյալ դեպքում՝ հանդիպում-քննարկման տեսքով ու ձևաչափով։
Հանդիպման վերջում, սովորողներն իրենց իսկ ձեռքով քոլեջի գինու և խաղողի դպրոցում պատրաստված «Անապակ» գինի նվիրեցին Շուշան Ավագյանին, և պատրաստակամություն հայտնեցին նման նախաձեռնություններն ու փոխադարձ այցերը դարձնել հաճախակի և հետզհետե զարգացնել այն՝ ընդգրկելով ավելի մեծ լսարան։ Մենք՝ սովորողներս, իսկապես որ տպավորված էինք, քանի որ հանդիպումը, որը հնարավորություն տվեց խորանալ կոռուպցիայի թեմայի մեջ, վերհանել խնդիրներն ու հետևանքները, օբյեկտիվ պատճառներ ներկայացնել, և վերջում հանդես գալ լուծման տարբերակներով, միանշանակ շատ պրոդուկտիվ, հետաքրքիր, օգտակար ու բազմաբովանդակ էր։

Ես ինքս նման հանդիպումները շատ կարևորում եմ, քանի որ այս կերպ երկխոսությունը դառնում է ավելի ամուր ու ստանում կայուն բնույթ, զարգանում են կապերն ու համագործակցությունը, իսկ սովորողները՝ Հայաստանի Հանրապետության ապագա լիիրավ քաղաքացիները, ձեռք են բերում նոր, անգնահատելի գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ապագայում զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, գործերից և առիթ եղած դեպքում իրազեկել ու կանխել դրանք։ Շնորհակալություն եմ հայտնում Շուշան Ավագյանին և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին՝ ժամանակ հատկացնելու և նման կարևոր քննարկում անցկացնելու համար։