Ս. թ. դեկտեմբերի 3-9-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառում, որի շրջանակում իրականացվում է պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ հանրության տեղեկացվածության ապահովում՝ ընդգծելով նաև հակակոռուպցիոն կրթության կարևորությունը: Միջոցառումների այս տարվա կարգախոսն է՝ «Համախմբենք Ուժերը, Կանխենք Կոռուպցիան», «Ոչ Կոռուպցիային»:
Ես իմ հետազոտությունը բաժանել եմ մի քանի մասի. ծանոթություն կոռուպցիային/ տերմինաբանություն, կոռուպցիայի պատճառած վնասները, պայքարը կոռուպցիայի դեմ/արդյունքները։ Ուսումնասիրել եմ բազմաթիվ տեղական և օտարալեզու աղբյուրներ՝ նյութին բազմակողմանիություն տալու համար։
Ի՞նչ է կոռուպցիան
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես. «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:
Ըստ Basel Institute on Governance-ի՝ Կոռուպցիան սովորաբար սահմանվում է որպես «պետական պաշտոնի չարաշահում անձնական շահի համար»: Թեև այս սահմանումն օգտակար էր հակակոռուպցիոն պայքարի առաջին փուլում, այսօր այն չի համապատասխանում կոռուպցիայի էվոլյուցիային և նրան, ինչ մենք սովորել ենք վերջին երկու տասնամյակների ընթացքում կոռուպցիայի էության մասին:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է ներքոհիշյալ հանցագործությունները՝
- Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.
- Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը.
- Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 179. 2-րդ մաս, կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 189.1. 2-րդ մաս, կետ 3) Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).
- Հոդված 190.1. 3-րդ մաս, կետ 3) Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 190.2. 3-րդ մաս, կետ 3) Գնային չարաշահումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 195. 2-րդ մաս, կետ 3) Հակամրցակցային գործունեությունը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 200. Առևտրային կաշառքը.
- Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.
- Հոդված 214. Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը.
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.
- Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը.
- Հոդված 310. Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը.
- Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.
- Հոդված 311. Կաշառք ստանալը.
- Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը.
- Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը.
- Հոդված 312. Կաշառք տալը.
- Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը.
- Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը.
- Հոդված 313. Կաշառքի միջնորդությունը.
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը.
- Հոդված 314.2. Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը.
- Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը.
- Հոդված 332. 3-րդ մաս, Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
- Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.
- Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:»
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կոռուպցիոն հանցագործությունների ցանկ

UNCAC-ն անդրադառնում է կոռուպցիայի տարբեր ձևերի, այդ թվում՝
- Կաշառք և յուրացում պետական սեկտորում
- Կաշառք և յուրացում մասնավոր սեկտորում
- Ազդեցության առևտուր
- Գործառույթների չարաշահում
- Ապօրինի հարստացում
- Փողերի լվացում
- Քողարկում
- Արդարադատության խոչընդոտում
Միավորված ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ կոնվենցիան
Համաձայն բազմաթիվ հարցումների ու հետազոտությունների՝ Հայաստանում առավել հաճախ հանդիպող դրսևորումներն են.
1. կաշառք ստանալը
2. կաշառք տալը
3. կաշառքի միջնորդությունը
4. յուրացումը և հափշտակությունը
5. շորթումը
6. նեպոտիզմը
7. կլիենտիզմը
8. թողտվությունը
9. պաշտոնական լիազորությունները չարաշահելը
10. պաշտոնական կեղծիքը
Վերոնշյալ նյութը՝ Առաջին լրատվականի
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով: ԹԻ-ն նաև տարբերակում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հոդվածները
Ստորև նշված են ՀՀ Սահմանադրության այն հոդվածները, որոնք իրենց ամրագրած ակտերով, սկզբունքներով անուղղակիորեն դեմ են կոռուպցիային և արգելում են այն։
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական պետություն է։
Սահմանվում է, որ Հայաստանը իրավական պետություն է, որտեղ պետք է ապահովվի օրենքի գերակայությունը։ Կոռուպցիան խաթարում է իրավական պետության հիմքերը, ուստի դրա դեմ պայքարն անմիջականորեն կապված է իրավական պետության սկզբունքի հետ։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարության սկզբունքը՝ թույլ տալով իշխանության ոչ արդար բաշխում։
Հոդված 3. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները
Պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Կոռուպցիան, իր բնույթով, խախտում է այս իրավունքը՝ մարդկանց զրկելով արդար ծառայություններից։
Հոդված 6. Օրինականության սկզբունքը
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Կոռուպցիան հակասում է այս սկզբունքին, քանի որ ենթադրում է օրենքների շրջանցում։
Հոդված 164. Դատավորի կարգավիճակը
- Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
- Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
Դատավորների անկախությունը կարևոր դեր է խաղում կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով արդարադատության անկողմնակալությունը։
Կարծում եմ՝ մենք արդեն բավարար գիտելիքներ ստացանք կոռուպցիայի վերաբերյալ, այժմ անդրադառնանք նրա պատճառած վնասներին։
Կոռուպցիայի վնասները
Կոռուպցիան քառակի՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցվող վնասներ է պատճառում:
- ֆինանսական կորուստ
- վնաս է հասցնում աշխատողի բարոյականությանը
- վնաս հասցնել նրա հեղինակությանը
- կենտրոնացումը և ռեսուրսները շեղվում են համայնքին հիմնական բիզնեսն ու ծառայությունները մատուցելուց
- ավելացել է վերահսկողությունը, վերահսկողությունը և կարգավորումը:
Կոռումպացված անձինք կարող են բախվել.
- կարգապահական տույժ
- կորցնելով իրենց աշխատանքը
- քրեական մեղադրանքներ
- հարաբերությունների վնաս
Համայնքի ազդեցությունները ներառում են
- վատնված հարկատուների միջոցները
- ապրանքների և ծառայությունների կորուստ
- ցածր համայնքի վստահությունը պետական իշխանությունների նկատմամբ
- անբարենպաստություն ազնիվ բիզնեսի համար, որը ձգտում է շահել պետական պայմանագրեր
Independent Broad-based Anti-corruption Commission-ի հակիրճ զեկույցից
Ավելի մանրամասն՝
- Իրավական առումով խախտվում է օրենքի գերակայությունը, քանի որ կոռուպցիան նպաստում է անօրինական գործողությունների անպատժելիությանը։ Արդարադատության համակարգի անկայունությունը հանգեցնում է անարդար դատավճիռների։
- Քաղաքական առումով կոռուպցիան հսկայական խոչընդոտ է հարուցում ժողովրդավարությանն ու օրինականությանը: Ժողովրդավարական համակարգում հաստատություններն ու ինստիտուտները լեգիտիմ չեն, եթե դրանցում իրականցվում է չարաշահում հանուն մասնավոր շահի:
- Տնտեսական առումով կոռուպցիան տանում է դեպի ազգային հարստության նվազեցման` խոչընդոտելով արդար շուկայական հարաբերություններին ու մրցակցությանը, հետևաբար և` ներդրումներին: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացմանը՝ խրախուսելով ոչ արդար մրցակցություն և անհիմն ծախսեր։ Նվազում է օտարերկրյա ներդրումների քանակը՝ քանի որ ներդրողները խուսափում են անկայուն և կոռումպացված միջավայրերից։ Նպաստում է պետական միջոցների սխալ բաշխմանը, ինչի հետևանքով չեն ֆինանսավորվում հասարակական կարևոր նշանակության ծրագրերը։
- Կոռուպցիան առավել վնասակար ազդեցություն է գործում հասարակության սոցիալական կառուցվածքի վրա՝ չարաշահելով քաղաքական համակարգի, դրա ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Հիասթափված հասարակության համար հուսախաբությունն ու ընդհանուր անտարբերությունը հանգեցնում են թույլ քաղաքացիական հասարակության, որն էլ իր հերթին ճանապարհ է հարթում բռնակալների, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն անբարեխիղճ առաջնորդների համար, որոնք ազգային ունեցվածքը վեր են ածում անձնական հարստության: Կաշառք պահանջելն ու վճարելը դառնում է նորմ: Ենթարկվել չցանկացողները հաճախ արտագաղթում են, դրանով իսկ երկիրը զրկելով ամենակարող և ազնվագույն քաղաքացիներից: Այն բարձրացնում է հասարակության մեջ անհավասարությունը՝ հնարավորություն տալով հարուստներին և ազդեցիկներին անօրինական ճանապարհով առավելություններ ստանալ։ Կոռուպցիան խաթարում է հասարակության վստահությունը պետական կառույցների նկատմամբ։ Բազմաթիվ մարդիկ չեն ստանում իրենց արժանի ծառայությունները (օրինակ՝ առողջապահություն, կրթություն)՝ կոռուպցիայի պատճառով։
- Կոռումպացված համակարգերի հետևանքներից է նաև շրջակա միջավայրի քայքայումը: Շրջակա միջավայրի վերաբերյալ կանոնների և օրենսդրության բացակայությունը կամ դրանց չկիրառելը հանգեցնում է աղտոտվածության, բնական ռեսուրսների գերշահագործման և այլ վնասների` ավիրելով շրջակա միջավայրը: Բնապահպանական հանցագործություններն էլ, ըստ էության, հաճախ մնում են անպատիժ։
Առաջին հայացքից թվում է, թե կոռուպցիան մեծ մասամբ զարգացող երկրներին բնորոշ հիմնախնդիր է: Այնուամենայնիվ, այն որքան զարգացող, նույնքան էլ զարգացած երկրների հետ է առնչվում: Դրա վկայությունն են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալները: Կոռուպցիայի տարածվածության աստիճանը պայմանավորված է հիմնավոր ստուգումների ու վերահսկողության կիրառմամբ: Մարդիկ այնքան կոռումպացված են, որքան նրանց թույլ է տալիս համակարգը: Նման միջավայրը առավել հավանական է զարգացող և արևելքի նորաստեղծ ժողովրդավարություններում, երբ վարչակազմն ու քաղաքական ինստիտուտները դեռևս թույլ են, իսկ ստացած վարձավճարի չափը` այնքան փոքր, որ պաշտոնյաները գայթակղվում են «ավելացնել» իրենց եկամուտները: Բռնապետական համակարգերում վարչական ու քաղաքական ինստիտուտները ոչ այլ ինչ են, քան բռնակալի կոռումպացված գործելակերպի «շարունակություն»: Զարգացող երկրներում տիրող իրավիճակի համար զարգացած երկրները մասամբ պատասխանատու են որպես կաշառատու: Ի վերջո, մեծ մասամբ զարգացած երկրների ընդհանուր շահերն են կաշառարարության տեղիք տալիս:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցից
Պայքարը կոռուպցիայի դեմ
Պետության կողմից իրականացված բարեփոխումներին առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների եզրափակիչ գնահատման և մոնիթորինգի զեկույցում։ Սույն զեկույցը ցույց է տալիս, թե վերջին շրջանում ինչպիսի քայլեր են ձեռնարկվել պետության կողմից կոռուպցիայի կանխարգելման համար։ Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պետությունները կոռուպցիան կանխարգելու համար։
Օրենսդրական բարեփոխումների շարքից՝
- Խստացնել կոռուպցիայի համար նախատեսված պատիժները
- Ընդունել օրենքներ, որոնք երաշխավորում են պետական գործարքների թափանցիկությունը
- Ստեղծել և իրականացնել հակակոռուպցիոն անկախ մարմիններ
Թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝
- Կառավարական գործընթացները, ներառյալ պետական գնումները, դարձնել առավելագույնս թափանցիկ
- Հրապարակել պետական բյուջեի ծախսերը՝ հասանելի դարձնելով հանրության համար
- Օգտագործել թվային տեխնոլոգիաներ՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար
Հասարակության կրթում և իրազեկում, տեղեկացվածության մակարդակի բարձրացում՝
- Կազմակերպել հանրային արշավներ, որոնք լուսաբանում են կոռուպցիայի վնասները
- Կրթական ծրագրերում ընդգրկել հակակոռուպցիոն թեմաներ
- Խրախուսել քաղաքացիներին՝ կոռուպցիոն դեպքերը բացահայտելու և հաղորդելու
Իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացում՝
- Ապահովել իրավապահ մարմինների անկախությունը
- Իրականացնել համակարգված ստուգումներ և հակակոռուպցիոն հետաքննություններ
- Ուժեղացնել դատական համակարգը՝ արագ և արդար որոշումներ կայացնելու համար
Միջազգային համագործակցություն՝
- Գործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի փորձը փոխանակելու և լավագույն մեխանիզմները ներդնելու համար
- Ներկայանալ միջազգային հակակոռուպցիոն համաձայնագրերում
Սոցիալական արդարության խթանում՝
- Նվազեցնել սոցիալական անհավասարությունները, որոնք հաճախ նպաստում են կոռուպցիայի ծաղկմանը
- Ստեղծել հավասար հնարավորություններ կրթության, առողջապահության և աշխատանքի շուկայում
Եվ վերջում, կոռուպցիայի դեմ պայքարն ամենաառաջինը գալիս է ցանկությունից։ Եթե մարդը չի ցանկանում պայքարել դրա դեմ, այստեղ անելու բան չկա։ Համաժողովրդական համախմբման բացակայության դեպքում պայքարը դառնում է անարդյունավետ։ Այստեղ հարց է ծագում, թե ո՞ր ապրելու ձևն են նախընտրում մեր քաղաքացիները՝ ապրե՞լ իրավական, ժողովրդավարական պետությունում, որտեղ իրենց իրավունքները պաշտպանված են ու առաջին տեղում են, թե՞ այնպիսի մի երկրում, որտեղ քաոս է ու անհավասարություն, որտեղ էլիտան ու օլիգարխիան վերևում են մշտնջենապես, իսկ խեղճ ու աղքատ քաղաքացիները՝ ներքևում։ Այս հարցի շուրջ պետք է մտորել երկար, շա՜տ երկար։ Ինչո՞ւ, որովհետև այս հարցի պատասխանից է կախված աշխարհի յուրաքանչյուր պետության լուսավոր ու պայծառ ապագան։ Շնորհակալություն ուշադրության համար։