Դեկտեմբերի 5-ին, «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շրջանակում, հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել է քայլք կրթահամալիրի կրթական պարտեզով՝ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ։

Քայլքը համարվում է որպես զարգացում «Կրթական հաստատությունների ցանկապատում» թեմայի շուրջ հետազոտական վարժարանի սովորողների ուսումնասիրության՝ համապատասխան իրավական դաշտի փաստական դրսևորումներն ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով։

Քայլքի մասնակիցների շարքում էին ավագ դպրոցի տարատարիք սովորողները, մասնաճյուղ-պարտեզների սաները, հասարակագետ-դասավանդողներն ու այլ հետաքրքրված անձինք։

Քայլքի ծրագրին, սովորողների ուսումնասիրությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ

Հանդիպելով «Սեբաստացի կենտրոնում» հիմնադիր-տնօրենի հետ՝ մենք միանգամից զրույցի բռնվեցինք Երևանի Հարավարևմտյան թաղամասի թեմայի շուրջ։ Զրուցեցինք ճարտարապետությունից, խնդիրներից ու առավելություններից, ենթակառուցվածքներից ու նրանց կիրառելիությունից, տիար Բլեյանը հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում սովորողներին, պատմում էր, թե ինչպիսին է եղել թաղամասը տասնամյակներ առաջ և ինչպիսի փոփոխություններ է ապրել։ Հատուկ շեշտադրմամբ խոսվեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և հարակից ուսումնական հաստատությունների մասին։ Կարճատև զրույցից հետո մենք ընկանք ճամփա կրթական պարտեզով։

Մեր առաջին կանգառը կենտրոնի կողքի ֆուտբոլի դաշտն էր, որը բավականին վերջերս էր նորոգվել։ Տիար Բլեյանը կարևորեց համայնքային օգտագործման նշանակությունն ու նման վայրերը որպես հանրային տարածք ընկալելու սկզբունքը։ Երկրորդ կանգառը հարող այգին էր, որտեղ հիմնական խնդիրը, տնօրենի գնահատմամբ, ճաղերն ու կարճահասակ ցանկապատներն էին։ Մասնակից-ուսուցիչներից ոմանք արտահայտեցին իրենց դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ այդ կերպ պետությունը ցույց է տալիս իր վերաբերմունքը հասարակության նկատմամբ։

Ճանապարհին մենք նկատեցինք մի քանի շինություններ, որոնք առաջին հայացքից թվում էին ապօրինի։ Նրանք պարփակված ու բուն տարածքից առանձնացված էին ճաղավանդակներով, և դրանցից ներս գտնվում էին կենցաղային որոշ հարմարություններ։ Ամեն դեպքում, ես գնահատեցի այն, որ քննարկումներն ակտիվ էին, և որ սովորողները շրջելու և միջավայրի խնդիրների հետ ծանոթացմանը զուգահեռ օբյեկտիվ գնահատականներ էին տալիս այդ երևույթներին և որոշակի պատկերացումներ կազմում հետագա լուծման տարբերակների վերաբերյալ։

Հագեցած օրակարգով պայմանավորված՝ մենք շրջեցինք նաև սարալանջով և հյուսիսային դպրոց-պարտեզի տարածքով։ Ծանոթանալու նկատառումներով պտտվեցինք նաև կից մանկապարտեզի տարածքով, համեմատականներ ու զուգահեռներ կատարեցինք։ Վերջում կանգ առնելով «Գեղարվեստ» դպրոցի մուտքի դիմաց՝ տիար Բլեյանը մեզ պատմեց և միաժամանակ նաև հարցադրումներ արեց, թե ինչ նպատակով են ընդհանրապես ցանկապատները կառուցվում։ Անդրադարձ եղավ նաև որոշ չափանիշների, ինչպիսիք են բարձրությունը, նյութի տեսակն ու խտությունը, նպատակահարմարությունը, գույնը և այլն։ Հիմնադիր-տնօրենը մեզ հետ կիսվեց իր կարծիքներով և համոզմունքներով։ Քայլքն ավարտեցինք Սարալանջում, որտեղ տիար Բլեյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, պատմեց, որ նախկինում Սարալանջը բառի բուն իմաստով աղբանոց էր, և որ կրթահամալիրի սաների ու դասավանդողների ջանքերով է այն վերածվել կենսական նշանակություն ունեցող վայրի։ Կրթահամալիրի սովորողներն են, որ ամենավաղ տարիքից սովորում են խնամել բույսերն ու կենդանիներին, մտածել բնության ու շրջակա միջավայրի մասին, խնայողաբար օգտագործել տրամադրվող ռեսուրսները։ Կարծում եմ՝ նման մոտեցման շնորհիվ կրտսեր դպրոցներում աշակերտները կսովորեն սիրել ու հոգ տանել շրջակա միջավայրի մասին։

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, իմ տեսանկյունից, չափազանց կարևոր է, քանի որ դրա շրջանակներում մեզ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ կամ ավելի լավ ճանաչել հենց այն միջավայրը, որտեղ ապրում և ստեղծագործում ենք։ Այդ կերպ մենք բացահայտում ենք ինքներս մեզ։

Ես շնորհակալ եմ համակարգողներին և հատկապես տիար Բլեյանին՝ ինֆորմատիվ ու նշանակալից այս քայլքի համար։ Ինչպես նշեց անձամբ հիմնադիր-տնօրենը՝ նման նախաձեռնությունները գնալով կզարգանան և կլինեն ավելի շատ։