1. Ովքե՞ր կազմակերպեցին և գլխավորեցին Սասունի 1894թ․ հերոսամարտը։ Ի՞նչ ընթացք ունեցավ։

Արևմտահայ ազատագրական շարժման կարևոր դրվագներից է Սասունի՝ 1894թ-ի ապստամբությունը, որը կազմակերպեց Հնչակյան կուսակցությունը։ Սասունի գավառի բնակչությունը, որը գտնվում էր Բիթլիսի վիլայեթում, որը հասնում էր 35 հազարի, հարկ էր վճարում կառավարությանը և քուրդ աղաներին։ Դեռևս 1891թ. Միհրան Տամատյանը քարոզում էր ազատագրական գաղափարներ։ Չնայած նրան, որ Տամատյանին տարիներ անց ձերբակալեցին, նրան փոխարինելու եկան մի շարք անվանի գործիչներ։ Սուլթան Համիդը Սասունի դեմ զորք ուղարկեց Զեքի փաշայի գլխավորությամբ։ Պաշարելով Սասունը՝ թուրքերը պահանջեցին վճարել յոթ տարվա հարկերը, բայց մերժում ստացան։ 1894թ. հուլիսի 27-ին թուրքերը հարձակման անցան։ Սասունցիները հակահարված տվեցին և փախուստի մատնեցին նրանց։ Թուրքերի հետ բանակցելու գնացած 148 սասունցիները կոտորվեցին։ Շարունակվեցին կռիվները. սասունցիներն անձնվիրաբար պայքարում էին, սակայն պարտվեցին։ Թշնամին սրի քաշեց մոտ յոթ հազար հոգու։ Ապստամբության ղեկավարների և մասնակիցների բավականին մասը զոհվեցին, իսկ Մուրադը, Չաուշն ու ուրիշներ բանտ նետվեցին։ Ապստամբները հույս ունեին, թե մեծ տերություններն օգնության կհասնեն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Սասունի դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծված հանձնաժողովը եկավ այն եզրակացությանը, որ Սասունում տեղի ունեցածը եղեռնագործություն է։

2. Ներկայացրե՛ք 1895-96 թթ․ Զեյթունի ապստամբության ընթացքը։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն։

Արևմտահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ խոշորագույն իրադարձություն էր Զեյթունի 1895-1896թթ. ապստամբությունը, որը կազմակերպեցին հնչակյանները Բաբը Ալիի ցույցից մեկ ամիս անց։ Հայտնի է, որ Զեյթունն իր հերոսական մաքառման շնորհիվ կարողացել էր պահել ներքին ինքնուրույնությունը, որը չէր կարողանում հանդուրժել սուլթանական կառավարությունը։ Զեյթուն ժամանելով՝ հնչակյան գործիչներ Աղասին, Մլեհը, Հրաչյա Մարալը, Ապահը և ուրիշներ տարածում են այն գաղափարը, թե իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Ապստամբության իրական ղեկավարը հանդիսանում էր Նազարեթ Չաուշը, իսկ պաշտոնական ղեկավար՝ Աղասին։ Ապստամբները հոկտեմբերի 15-ին գրավեցին կառավարչատունը, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Զեյթունի թուրքական զորանոցը և գերեցին 700 զինվորների։ Զորանոցի վրա կարմիր դրոշ բարձրացվեց «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն՝ Աղասու գլխավորությամբ։ Կ. Պոլիսը Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Թուրքական 30-հազարանոց բանակը և նույնքան անկանոն զորամասեր շարժվեցին Զեյթունի դեմ։

Պայքարը շարունակվեց չորս ամիս, որի ընթացքում զեյթունցիներն ունեցան 3500, իսկ թշնամին՝ 20 հազար սպանված։ Ի վերջո մեծ տերությունների միջնորդությամբ Աբդուլ Համիդը դադարեցրեց ռազմական գործողությունները։ 1896թ. հունվարին Հալեպում կնքվեց փոխզիջումներով համաձայնագիր։ Ապստամբներին ներում շնորհվեց և հնչակյան գործիչներին հնարավորություն տրվեց պետության ծախսերով հեռանալ Թուրքիայից։

3. Ինչպիսի՞ն էր Մալաթիայի հերոսամարտը։ Ներկայացրե՛ք 1896թ․ Վանի հերոսամարտի ընթացքը։

Մալաթիայի հերոսամարտի արդյունքում, որը գլխավորում էր Եղիշե քահանա Խաչատրյանը, ջարդվեցին թուրք ոստիկաններն ու խուժանը ու վտարվեցին քաղաքից։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Դիարբեքիրում, Շատախում, Ուրֆայում, Մուշում։

Իշխանությունները հունիսի 3-ին համիդիեական գնդերին հրահանգեցին ներխուժել Վանի հայկական թաղամասեր։ Կազմվեց բոլոր ուժերի միասնական ճակատ՝ Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Արմենականներին միացան հնչակյաններն ու դաշնակցականները։ Հնգօրյա մարտերում պաշտպանները մնացին անսասան։ Սակայն հաշվի առնելով զինամթերքի պակասը, գյուղերից փախստականների օրեցօր ուժեղացող ներհոսքի պատճառով ստեղծված անմխիթար վիճակը՝ վանեցիներն ընդունեցին Վանում անգլիական հյուպատոսի միջնորդությամբ առաջարկած զինադադարի պայմանները։ Թուրքական կողմը խոստացավ զենքը վայր դնելու դիմաց թույլատրել ապստամբներին անարգել անցնելու Պարսկաստան։

4. Ներկայացրե՛ք Խանասորի արշավանքը։

Խանասորի Արշավանքը հարձակում էր քրդական մազրիկ ցեղախմբի վրա հայ ազատամարտիկների կողմից հուլիս 25, 1897 թվականին։ Այն կազմակերպվել ու ի կատար էր ածվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից։ Հասնելով հաղթանակի՝ հայ ֆիդայիները վերացրեցին մազրիկ ցեղախմբի ազդեցությունը Վանի շրջանում։ 1897թ. հուլիսի 25-ին լուսաբացին մոտ 250 ֆիդայիներ Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Իշխան Արղությանի գլխավորությամբ հանկարծակի հարձավեցին մազրիկ ցեղի վրա, որոնք հաստատվել էին ամրացված վրաններում։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությանը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։ Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարաֆ Բեկը, կանացի հագուստ հագած, փախավ մարտից։ Արշավանքը ավարտվեց 1897-ի հուլիսի 27-ին։

Խանասորի արշավանքը հաղթական ավարտ ունեցավ հայերի համար։ Արշավանքն ինքնավստահություն ներշնչեց հայ ֆիդայիներին, որոնք երկար ժամանակ հարձակումներին էին ենթարկվում «Արյունոտ սուլթան»-ի, նույն ինքը՝ սուլթան Աբդուլ Համիդի զորքերի և քուրդ քոչվոր ավազակախմբերի ու հրոսակախմբերի կողմից։ Արշավանքի ընթացքում 25 հայեր զոհվել էին, որոնց շարքերում էր նաև ՀՅԴ հիմնադիր՝ Ռոստոմ-ի եղբայրը՝ Կարոն։ Հիշատակը վառ պահելու նպատակով՝ ՀՅԴ-ն մինչ օրս տոնում է Խանասորի արշավանքի տարելիցը։

5. Ի՞նչ կապ ուներ Սասունի դեպքերը Մայիսյան բարենորոգումների ծրագրի հետ։ Ի՞նչ դերակատարում և վերջնական վերաբերմունք ունեին տերությունները այս ծրագրի նկատմամբ։

Սասունի դեպքերը, որոնք ավարտվեցին հանձնաժողովի կոտորածների մասին եզրակացությամբ, սկիզբ հանդիսացան բարենորոգումների իրականացմանը։ Եվրոպական տերությունները, որ մոռացության էին տվել Հայկական հարցը, կրկին այն հիշեցին համիդյան կոտորածների օրերին. հերթական առիթը ներկայացավ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

Սասունի 1894թ. Դեպքերից հետո բրիտանական կառավարության պահանջով Համիդը ստիպված որոշում ընդունեց դեպքերը հետաքննող հանձնաժողով կազմելու վերաբերյալ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի փոխհյուպատոսները, նաև թուրք զինվորականներ։ Լսելով շուրջ 200 վկաների՝ 1895թ. hուլիսին ներկայացրած իր եզրակացության մեջ հանձնաժողովն արձանագրեց, որ Սասունում իրապես տեղի է ունեցել հայ բնակչության համատարած ջարդ՝ կանոնավոր թուրքական բանակի մանակցությամբ։ Սակայն հանձնաժողովի եզրակացությունը գործնական հետևանք չունեցավ, և մեղավորներն այդպես էլ մնացին անպատիժ։

Համաշխարհային հասարակայնության ճնշմամբ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, օգտագործելով Սասունի ոճրագործության բացահայտման հանգամանքը, 1895թ․ մայիսի 11-ին սուլթանին հանձնեցին մի նախագիծ, որը ստացավ Մայիսյան բարենորոգումների ծրագիր անունը։ Ծրագրի համաձայն՝ հայկական վեց նահանգներում, այն է՝ Կարին, Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր և Սեբաստիա, սուլթանի կողմից նահանգապետեր պիտի հաստատվեցին միայն տեղական բնակչության համար ցանկալի մարդիկ՝ առանց ազգային ու կրոնական խտրականության։ Եթե նահանգապետը մահմեդական էր, տեղակալը պետք է լիներ քրիստոնյա, և հակառակը։ Գավառապետերին ևս պիտի նշանակեր սուլթանը։

Եվրոպական գրեթե բոլոր տերությունները հանդես էին գալիս կոչերով հօգուտ հայերի և դեմ էին հայ կոտորածներին։ Նրանց միջև ընթանում էր տարօրինակ մի մրցակությունը, այն է՝ տերությունները մրցում էին, թե ով ավելի շատ կպաշտպանի հայերին։ Ինչքան էլ որ տերությունները հետամուտ էին լինում հայ գաղթականների իրավունքների պաշտպանությանը, միևնույնն է, նրանք գործում էին ոչ այնքան հայերին սիրաշահելու կամ օգնելու, այլ Օսմանյան կայսրությունում բարենպաստ դիրքեր գրավելու և կայսրության դեմ լծակ ունենալու համար։