Ս.թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում և դասախոսությամբ հանդես եկավ սովորողների համար։ Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին միջին, ավագ դպրոցների տարատարիք սովորողներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հասարակագիտական մասնախմբի բլոգում

Մինչ հանդիպումը տիկին Մանասյանը, ով առաջին անգամ էր մեր կրթահամալիրում, դասավանդող Վարդան Կարապետյանի, ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի ուղեկցությամբ շրջեց Մայր դպրոցում, ծանոթացավ առօրյային և ուսումնական պրոցեսին։ Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվեցին հեղինակային կրթական ծրագիրը, ուսումնական պլանը, լաբորատորիաներն ու դասասենյակները։

Հանդիպում-քննարկումը ծավալվեց հետազոտական վարժարանի ընթերցասրահում։ Հանդիպման թեման էր՝ «Երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություն»։ Ընթացակարգի համաձայն՝ սկզբից Վարդան Կարապետյանը ներկայացրեց հետազոտական վարժարանի գործունեությունը, պատմեց, թե վերջին շրջանում ինչպիսի կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ոլորտների մասնագետների հետ, կիսվեց քննարկման վերաբերյալ իր ակնկալիքներով։

Մարդու իրավունքների պաշտպանի հետ ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում։ Տիկին Մանասյանը, ներկայացնելով իր մանդատը և խոսելով օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակի մասին, պատմեց, թե իր գործունեության որ ուղղություններն է ամենից շատ կարևորում.

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքները կյանքի մասին են։ Դրանք ստեղծվել են, որպեսզի մարդը կարողանա իրեն արժանապատիվ և պաշտպանված զգալ: Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա»։

Այնուհետև Պաշտպանը ներկայացրեց հանրության մեջ տիրող և ժամանակ առ ժամանակ հրապարակայնորեն արտահայտվող այն թյուր կարծիքներն ու համոզմունքները, թե ՄԻՊ-ի մանդատին վերաբերելի է ամեն ինչ, և որ նա պարտավոր է ամեն տեղ ներկա գտնվել։ Տիկին Մանասյանը նշեց, որ փորձում է հնարավորին չափ շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել նրանց պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի օրենսդրությամբ սահմանված լիազորությունները, կիսվել իր փորձով։

Մեր հետագա զրույցի ընթացքում շոշափվեցին այնպիսի զգայուն թեմաներ, ինչպիսիք են իրավահավասարությունը, խտրականության բացառման սկզբունքը, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց մասնագիտական էթիկայի խախտումների հաճախ դեպքերն ու դրանց անթույլատրելիությունը, պետությունն ու նրա իրավական գործունեությունը, ՄԻՊ-ի գործառույթները, Հայաստանում երեխաների իրավունքների պատշպանվածության մակարդակը, Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա գործառույթները, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու նրա թողած դառը հետևանքները, իրավախախտման կանխարգելիչ միջոցները և այլն։ Թեմաները բոլորիս շատ հետաքրքրում էին, քանի որ դրանք արդիական էին և մենք բոլորս ամեն օր դրանց հետ կամ դրանց որոշակի մասի հետ առնչվում ենք։ Անկեղծորեն ասեմ՝ ինձ շատ դուր եկավ այն, որ մենք պատմական ակնարկներ արեցինք՝ ներկայիս գլոբալ դրությունն ավելի խորն ըմբռնելու նպատակով։

Տիկին Մանասյանը մեզ պատմեց նաև իր ուսումնառության մասին արտերկրում, խոսեց մշակութային տարբերությունների մասին, կարևորեց մասնագիտացվածության աստիճանը՝ հույս հայտնելով որ այն Հայաստանում ևս կզարգանա։ Բանախոսության ընթացքում նա զուգահեռներ անցկացրեց արտերկրների և հայաստանյան հասարակությունների միջև։

Իմ կողմից հարց հնչեցվեց կապված Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանությաան հարցերով հասարակական խորհրդի գործունեության, գործառույթների, առաջնորդման սկզբունքների, քաղաքականությունների մշակման գործում ներդրման հետ։ Տիկին Մանասյանը ողջունեց այդ հարցը՝ ներկայացնելով, թե ինչպիսի զգայուն արդյունքներ է գրանցել խորհուրդը վերջին տարիների ընթացքում։ Պաշտպանը առանձնակի կարևորությամբ նշեց այն հանգամանքը, որ գրասենյակի որոշմամբ խորհուրդը բաղկացած է հենց երիտասարդներից, այլ ոչ թե փորձագետներից ու ոլորտում աշխատող անձանցից։ Դա արված է նրա համար, որ քննարկումներն ու հանդիպումները լինեն ավելի առողջ, ավելի կենդանի ու ավելի պարզ, քանի որ երիտասարդներից ավելի լավ ոչ մեկ չգիտի իրենց հասանելիք իրավունքները։

Հանդիպումն ավարտվեց նվերների փոխանակմամբ և մտերմիկ զրույցով՝ սուրճի սեղանի շուրջ, որի ընթացքում ձեռք բերվեցին նաև փոխադարձ շարունակական այցերի և համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ։

Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչներին այս օգտակար, կարևոր, հետաքրքիր, ինտերակտիվ հանդիպումն անցկացնելու համար։ Աներկբայորեն պնդում եմ, որ ես նոր գիտելիքներ ստացա՝ զարգացնելով աշխարհայացքս։

Մեր հանդիպումը լուսաբանվել է նաև ՄԻՊ գրասենյակի կողմից։ Հրապարակումը կարող եք ընթերցել՝ անցնելով հղմամբ։

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի
Լուսանկարները՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի լուսանկարիչ Արտակ Ներսիսյանի և Արմինե Թոփչյանի