«Ամանորյա ընթերցարան» նախագծի շրջանակներում, որը ղեկավարում է Ելենա Սարգսյանը, ընտրել եմ մի շարք արժեքավոր ստեղծագործություններ, որոնցից առանձնացված պատմվածքները վերլուծվել և ներկայացվել են տեսահոլովակների միջոցով։ Ակնկալում եմ, որ մեր աշխատանքը կգտնի իր արժանի արձագանքը հանրության շրջանում, քանի որ յուրաքանչյուր տեսահոլովակի պատրաստման, բովանդակության մշակման, տեխնիկական խմբագրման, դիզայնի և վերջնական ձևավորման գործընթացում ներդրվել են զգալի ջանքեր, ժամանակ ու եռանդ։ Հուսով եմ, որ մեր ջանասիրական աշխատանքն ու նվիրվածությունը կգնահատվեն՝ հնարավորություն ընձեռելով ավելի լայն լսարանի հաղորդակցվել տվյալ ստեղծագործությունների խորքային ասելիքին։
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Ամփոփում։ Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» Ամանորի մասին ամենահայտնի, ամենահուզիչ և տխուր պատմություններից մեկն է։ Այն մի աղջկա մասին է, ով կորցրել էր իր կոշիկները և օրվա ընթացքում չէր կարողացել վաճառել գեթ մեկ լուցկի։ Նա մտատանջումների մեջ էր, թե՝ վերադառնալով տուն, նրա հայրը նրան կծեծի։ Այդպիսով, որոշելով մնալ դրսի պատի տակ, նա իրար հետևից լուցկի էր վառում և ամեն անգամ տարօրինակ բաներ տեսնում. առաջինը մի մեծ վառարան՝ պղնձե գնդերով ու կափարիչներով, երկրորդը՝ տապակած բադ, երրորդը՝ եղևնի, և չորրորդը՝ իր մահացած տատիկին։ Այս պատմվածքն, ըստ իս, հիմնական ինչ-որ միտք չի փոխանցում, այլ պարզապես ներկայացնում է մարդկանց անտարբերությունը ու մի դժբախտ աղջնակի կյանքի վերջին ակնթարթները, թե ինչպես էր նա տանջվում, սակայն ինչ-որ տեղ նաև երջանկանում։ Նա վերջում մահացավ՝ բռնելով աշխարհում իրեն սիրող միակ էակի՝ իր տատիկի հավերժության ճամփան։
«Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Հիվանդությունից տառապող երեք տարեկան Ալիսը, ով կաթ ըմպելիս հանգստանում էր, մայրիկը, ով բողոքվում էր ամեն անցորդին իր կյանքից, Հարի Իֆոն՝ հայրը, ով իր երեխային սպասեցնել էր տվել ցուրտ եղանակին, Դոնալդ Իֆոն՝ վեցամյա տղան, ով երկար ժամանակ սպասելուց հետո մուտք էր գործել բար, և որտեղ որ ծավալվել էին հետագա իրադարձությունները։ Վերը թվարկված հերոսներից և ոչ մեկը, բացառությամբ Դոնալդի, էական դերակատարում չուներ, սակայն հեղինակն ամենասկզբից մեծ ուշադրություն էր դարձրել յուրաքանչյուր հերոսի վիճակի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու ճշգրիտ նկարագրմանը։ Ըստ իս՝ այս մոտեցումը ոչ այլ ինչ է, քան պարզապես ցուցադրում այն բանի, որ պարտադիր չէ, որ պատմվածքի գլխավոր դերակատարների շուրջ ծավալվեն իրողությունները։ Պատմվածքում հերոսները չեն ձգտում որևէ արտասովոր բանի. նրանք ապրում են առօրյա կյանքով, որտեղ փոքր բաներն ունեն մեծ նշանակություն: Սա վկայում է այն բանի մասին, որ Սարոյանը մարդու էության կարևորության և կյանքի իմաստը պարզության մեջ գտնելու նկատմամբ ունի հավատ:
Շատ չեմ խորանա սյուժեի մեջ, պարզապես կկատարեմ կարևոր մի արձանագրում. պատմվածքում շատ ակնհայտ երևում է բարմենի հոգատարության զգացումը տղայի նկատմամբ այն պարագայում, երբ այդ տղան նույնիսկ իր սեփականը չէր։ Դիտարկենք մի քանի օրինակ. թվացյալ վտանգից՝ Էլգեյլեր անունով ծերուկից հեռու պահելու ձգտումը, տղային բոլորի աչքից թաքցնելու միտումը, իրենց տանը մոլորյալին հյուրընկալելու ցանկությունը։ Այս ամենը ցույց են տալիս, թե ինչպես են պատահական անցորդներն ավելի մեծ նշանակություն ունենում, քան թե իսկական բարեկամները։
Չարլի Չապլինի նամակը դտսերը
Չարլի Չապլինի նամակը իր դստերը՝ Ջերալդինային, սրտառուչ և խորիմաստ ուղերձ է՝ ծնողի սիրո և կյանքի դասերի մասին։
Չապլինը կոչ է անում իր դստերը չմոռանալ կյանքի բուն և կարևորագույն արժեքները, ինչպիսիք են հարգանքը, համեստությունը, հանդուրժողականությունը, սերը։ Նա զգուշացնում է փառքի կուրացնող ազդեցության մասին՝ հիշեցնելով, որ դերասանի կյանքը պետք է արտացոլի նաև մարդ լինելու կարևորությունը:
Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.
Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով:
Նամակում ասվում է, որ, չնայած փառքին, միշտ պետք է հիշել հասարակ մահկանացուներին, որոնց կյանքը կարող է ավելի դժվար լինել։ Այն տաքսու վարորդին, ով բեմում հոտնկայս անվերջ ծափահարող հանդիսատեսից փախցնում է պարուհուն։ Հեղինակը կոչ է անում լինել կարեկցող և շնորհակալ՝ հիշելով, որ այդ մարդիկ էլ են արվեստագետի հանդիսատեսն ու աջակցողը: Նա թույլ է տալիս դտսերը ծախսել այնքան, որքան ցանկանում է, սակայն նա չպիտի մոռանա, որ երրորդ ֆրանկը այն անծանոթին է պատկանում, ով դրա կարիքն իսկապես ունի։
Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը:
Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: — կարծես թե ամենաէական ուղերձն ու հորդորը հենց սա էր։
Ինչքա՜ն սեր ու հոգատարություն է նկատվում այս պարզ թվացող տողերում։ Ինչքա՜ն շատ է Չարլին սիրում իր դստերը։ Եվ ի՞նչն է այս սերը դարձնում ավելի զորեղ, իհարկե, հայրիկի անկեղծ կարեկցանքն ու հոգատարությունը փոքրիկ դստեր նկատմամբ։
Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»
Ամփոփում։ Այս պատմվածքը ևս հետաքրքիր, դույզն-ինչ թախծոտ, սակայն հաղթական ավարտ ունեցող պատմվածք էր։ Մենք ականատեսն եղանք այն բանի, որ երեք մայրիներից յուրաքանչյուրը, որոնք դարերից ի վեր ծաղկում-կանաչում էին, ավելի խորացնելով իրենց արմատները, երազանք էր պահել։ Մինը ցանկանում էր դառնալ թագավորանիստ գահ, մյուսը՝ ինչ-որ գերհզոր բանի մասնիկ, որն ունակ է չարը վերափոխել բարու, իսկ վերջինը՝ լինել Աստծո և մարդկանց միջև կապը։
Սակայն իրենց երազանքները իրականություն չդարձան, իսկ ավելի ճիշտ՝ այլ կերպ իրականացան։ Երբ ծառահատներն իրենց չար գործն արեցին, առաջինը դարձավ գոմ, երկրորդը՝ գեղջկական կոպիտ սեղան, իսկ երրորդը՝ մաս-մաս անելով, տեղավորեցին պահեստներից մեկում։
Այսպիսով, այսքանով չի ավարտվում այս պատմվածքը։ Ի հեճուկս շատեր ընթերցողների հոռետես պատկերացումների՝ այս երեք մայրիների անմոռաց իղձերը ի կատար ածվեցին, և դրանց գլխավոր իրականացման գլխավոր դերակատարը դարձավ համայն աշխարհի Հզորագույն Աստվածածին Թագավորը, Աշխարհի Լուսատուն։
Առաջին մայրին հասկացավ, որ իր փայտից պատրաստվել է գոմ, որի տանիքի ներքո մայրը լույս աշխարհ է բերել Մեծագույնին։ Երկորդը գլխի ընկավ, որ տարիներ հետո իր վրա ճաշակելու պատրաստ մարդիկ նեցուկ են լինելու Մարդու և Աստծու միջև միությանը։
Իսկ երրորդը, որն արդեն հուսահատվել էր, թե իր բախտն անիծված է, հանկարծ հասկացավ, որ այն խաչը, որի բնափայտն ինքն էր ծառայել, դարձավ հաղթության և բարության խորհրդանիշ։
Ի վերջո, ի՞նչ եք հասկանում այս պատմվածքից։ Այն որ մեր երազանքները կարող են չիրականանալ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, բայց դրանք իրականություն են դառնում Աստծո մեծ ծրագրի միջոցով՝ ավելին, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել։
Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»
Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ երեխաներն եք:
Պատմվածքը բարության և ունեցածով կիսվելու մասին էր։ Հերոսը կորցրել էր կնոջը, իսկ ընկերները հեռացել էին երկրից՝ թողնելով նրան միայնակ։ Մեկուսացած լինելով՝ նա որոշում է ընթրիք պատրաստել Աստվածների համար։ Սակայն, երբ Աստված գալիս է, նա խորհուրդ է տալիս այդ ընթրիքը նվիրել այն մարդկանց, ովքեր առավել կարիքն ունեն՝ աղքատներին և անտուններին։ Հերոսը հրավիրում է իր տուն տարբեր կարիքավոր մարդկանց, ովքեր ոչ միայն օգտվում են ընթրիքից, այլև գիշերում նրա տանը։ Առավոտյան, երբ նա արթնանում է, նկատում է, որ տունը բոլորովին մաքրված է, կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել։ Այս դրվագը ընդգծում է, որ այդ մարդիկ արժանի էին օգնության և խորապես գնահատեցին ցուցաբերված բարությունը, իսկ գլխավոր հերոսը փոխվեց, դառնալով ավելի բարի, համեստ, կարեկցող ու ամենակարևորը՝ երջանիկ…
Ստորև ներկայացնում եմ «Ամանորյա ընթերցարան» նախագծային աշխատանքի երկրորդ մասը՝ բանաստեղծությունները։
Առաջարկում եմ նաև դիտել իմ տեսանյութերից մեկը, որը նկարվել է 2017 թվականին։ Ես՝ 9 տարեկանում, արտասանում եմ անվանի գրող, բանաստեղծ Պարույր Սևակի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Քիչ ենք, բայց հայ ենք»։
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ հայոց լեզվի դասավանդող Ելենա Սարգսյանի բլոգում
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Օպերատոր՝ Կամո Գրիգորյան
Ղեկավար՝ Ելենա Սարգսյան