Ես ամանորյա թոհուբոհի հակառակ կողմը կներկայացնեմ սովորողի տեսանկյունից՝ փորձելով որոշակիորեն հիմնավորել, թե ինչու են դրանք խաթարում ամանորյա տրամադրությունն ու տրամադրվածությունը։ Անշուշտ, շատերի համար տարեվերջյան նման իրողությունները նոր ուժ են առաջ ընթանալու, բայց և որոշների համար էլ ընկճվելու և սեփական ուժերին թերահավատորեն մոտենալու նախադրյալ են հանդիսանում։
Ամանորյա պատրաստությունները համընկնում են ուսումնական կիսամյակի կամ սեմեստրի ավարտի հետ, ինչը նշանակում է, որ սովորողները հաճախակի են բախվում քննությունների, ստուգողականների և վերաքննությունների բեռնվածությանը. ամեն դեպքում, առջևում գնահատման մատյաններն են, որում բարձր գնահատական ապահովելու համար սովորողները մղում են աննահանջ պայքար։ Սա միանշանակ առաջացնում է լարվածություն և հոգնածություն, նույնիսկ՝ գերհոգնածություն ու գերծանրաբեռնվածություն, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են քնի պակասի և էմոցիոնալ հավելյալ լարվածության։
Ամանորի նախապատրաստական շաբաթը սովորաբար լցված է տնային աշխատանքներով, գնումներով և այլ պարտականություններով։ Արդյունքում սովորողները պարզապես չեն հասցնում ժամանակ տրամադրել և զբաղվել իրենց նախասիրություններով, հոբբիներով, նույն ընթերցմամբ կամ ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելուն։ Ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ հայության շրջանում ընդգծված կերպով մի տարածված ֆենոմեն կա. տոնական արձակուրդներին, հյուրերի և միջոցառումների առատության պատճառով, շատ դժվար է գտնել պահեր՝ ինքնուրույն վերականգնելու ուժերը նոր ուսումնական շրջանի համար։ Մի՞թե ճիշտ չեն վերոնշյալ խոսքերը, արդյո՞ք մենք ինքներս չենք բախվել այնպիսի նյարդայնացնող, անդուր հյուրերի, որոնք հյուրընկալվելով մեր տանը, ժամերով նստում և զրույցներ են վարում՝ մոռանալով, որ հյուրընկալողներն այլ գործեր ունեն։ Հակաճառելու կամ հեռանալու ակնարկներով ու հորդորներով հանդես գալու պարագայում էլ պնդում են, թե իբր դա անմարդկայնություն է ու «հայավարի» չէ։ Հյուրընկալելով կամ հյուրընկալվելով՝ չպետք է մոռանալ, որ դիմացինն ունի իր անձնական տարածքը, համոզմունքներն ու սպասելիքները, կարծիքն ու դիրքորոշումը, խոսք արտահայտելու իրավունքը և այլն։
Ֆինանսական հարցերը ևս կարևոր գործոն են։ Աշակերտները հաճախ անհանգստանում են ընտանիքի ծախսերի մասին, որոնք կապված են Ամանորի նվերների և տոնական սեղանի հետ։ Նրանք կարող են նաև զգալ պարտավորվածություն՝ նվերներ մատուցելու ընկերներին և հարազատներին, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։ Որոշ աշակերտներ նույնիսկ փորձում են արձակուրդների ընթացքում աշխատել՝ ընտանիքին օգնելու կամ սեփական կարիքները հոգալու համար, ինչը կարող է խանգարել լիարժեք հանգստին։
Տոնական օրերը երբեմն չեն արդարացնում բարձր սպասումները, ինչը կարող է հանգեցնել հիասթափության։ Տոնը միշտ չէ, որ ընթանում է անթերի. կարող են առաջանալ վեճեր, թյուրիմացություններ կամ նվերները չարդարացնեն ակնկալիքները։
Վերջապես, տոներից հետո ուսումնական գործընթացին վերադառնալը ոմանց համար բավականին դժվար է լինում։ Արձակուրդների ընթացքում և դրանից առաջ սերտած, անցած նյութերը կարող են մոռացվել, իսկ ուշադրության կենտրոնացումը՝ նվազել։ Տոնական օրերից հետո դասերին և ուսումնական նոր շրջանին հարմարվելը լրացուցիչ սթրեսի աղբյուր է մեծ թվով երեխաների համար։
Այնուամենայնիվ, Ամանորն ուրախություն, երջանկության տոն է, հետևաբար պետք է պատշաճ պատրաստվել, չէ՞ որ տարին մեկ անգամ է այդ հրաշքը լինում։ Պատահական չէ այն խոսքը, որ ինչպես մարդ սկսի նոր տարին, այնպես էլ այն կընթանա։
Մաղթում եմ բոլորիս բարի Նոր տարի։ Թող այս տարին լինի հաջողությունների, նորանոր ձեռքբերումների, խնդի և ցնծության տարի։ Թող որ հայ ազգն այսուհետ դժբախտություններ չտեսնի։ Աստված բոլորիս օգնական, սիրելի՛ հայրենակիցներ։