Հունվարի 7-ը կրթահամալիրի մասնաճյուղ-դպրոցների, այդ թվում՝ հետազոտական վարժարանի ձմեռային ճամբարի մեկնարկային օրն էր։ Այսօրվանից է սկսվում չորսշաբաթյա զվարճալի ձմեռային ճամբարը, որն ուղեկցվելու է տարատեսակ նախագծերով, հանդիպումներով, այցերով և իհարկե անմոռանալի ու հրաշալի ճամփորդություններով։

Օրվա օրակարգը հրապարակված է ջոկատի ղեկավար Անժելա Մովսիսյանի բլոգում։

Օրվա մեկնարկը, մարմարյա սրահում տեղի ունեցած ընդհանուր պարապմունքից հետո, տվեցինք հետազոտական վարժարանի ընթերցասրահում՝ քննարկելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ գալիք հանդիպման առանցքային կետերի մասին։ Այցելություն-նախագիծը, որը ղեկավարում է ավագ դպրոցի հասարակագետ-դասավանդող Վարդան Կարապետյանը, նախատեսված է իրավունքի, քաղաքագիտության և հասարակագիտության ոլորտներով հետաքրքրված սաների համար, ովքեր ցանկություն ունեն ավելացնելու իրենց գիտելիքներն այդ բարդ բնագավառներում։

Խոսեցինք նաև ՄԻՊ-ի կրթահամալիր այցից, ինչպես նաև անդրադարձանք ընթերցասրահում կայացած հանդիպում-քննարկմանը, որի ավարտին համաձայնեցվեց փոխադարձ այցերի ու համագործակցության ուղիների ընդլայնումը։

Ավելի մանրամասն կարող եք ընթերցել լուսաբանման մեջ.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ամփոփում

Օրակարգին համապատասխան՝ հաջորդ մեր «կանգառը» հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանի մոտ էր։ Ընկեր Հասմիկի հետ քննարկեցինք հեքիաթները, դրանց ծագման պատմությունը, գրելու ու խմբագրելու գործընթացը ու տարբերությունը մյուս արձակ կամ չափածո ստեղծագործություններից։ Վերընթերցելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մշակած «Ծիտը» հեքիաթը՝ մենք վերջինս խորաթափանց ու մանրակրկիտ ուսումնասիրության և վերլուծության ենթարկեցինք՝ պարզելով, թե ինչքան խրթին ու քողարկված իմաստ պարունակող կարող է լինել առաջին հայացքից մանկական թվացող այս ժողովրդական բանահյուսության գոհարը։ Վերջում անդրադարձ եղավ նաև ուրիշ հայ դասական գրողների ստեղծագործություններին, վեպերին ու պատմվածքներին։

Ընդմիջումից հետո ջոկատով հետաքրքիր զրույցի բռնվեցինք, այն է՝ ազգային արժեքների պահպանումը՝ պետության ինքնիշխանության տեսանկյունից։ Տարբերակեցինք, թե ինչ ենք հասկանում «ազգային արժեք» ասելով, առաջ քաշեցինք մի քանի բնորոշումներ։ Շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ ստացվեց, շոշափեցինք այնպիսի նուրբ թեմաներ, ինչպիսիք են հայ ազգային, ժողովրդական, նահապետական արժեքները, դրանց պահպանման դժվարությունը՝ գլոբալիզացիայի (համաշխարհայնացում) ֆոնին և այլն։ Դասաժամերից մեկի ընթացքում կարողացանք նաև իրականացնել «Ես եմ» նախագիծը՝ ջոկատի անդամ-սովորողների հետ ծանոթանալու ու ավելի լավ ճանաչելու նպատակով։