Հունվարի 8-ը՝ ձմեռային ճամբարի հերթական զվարճալի օրն էր։ Օրակարգին համապատասխան՝ օրը սկսեցինք մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքի մասնակցելով ու հոգևոր երաժշտություն ու շարականներ երգելով։
Առաջին երկու ժամերի ընթացքում ջոկատով մեկնարկեցինք “Christmas Market” նախագիծը, որի շրջանակներում ուսումնասիրելու ենք միջազգային փորձը, փորձելու ենք համեմատականներ ու զուգահեռներ տանել հայաստանյան փորձի հետ և որն ավարտին ենք հասցնելու մյուս շաբաթ։ Նաև հնարավորություն ունեցանք քննարկելու այնպիսի նուրբ թեմաներ, ինչպիսիք են ռասսայական խտրականությունը, կրոնական փոքրամասնություններն ու դրանց դերը, ինչպես նաև շոշափեցինք աշխարհաքաղաքական կարևորագույն թեմաներ։
Երրորդ և չորրորդ դասաժամերին մեզ մոտ մարզական ստուգատես էր՝ սուսերամարտի դասավանդող-մարզիչ Միքայել Ղազարյանի հետ։ Ստուգատեսի ընթացքում սովորեցինք, թե ինչպես պետք է ճիշտ դիրքավորվել, հրահանգները կատարել ու մենամարտել։ Փոքրիկ անդրադարձ եղավ նաև արքայական մարզաձևի պատմությանն ու զարգացման փուլերին։ Ընթացքային նաև մարզվեցինք, ինչպես ժողովրդի մեջ ասում են՝ «ֆորմայի» մեջ մտանք։
Վերջում ջոկատի որոշ անդամներ մասնակցեցին նաև շրջանավարտի հետ հանդիպմանը, որի թեման էր «Արհեստական բանականությունը»։
Ահա այսպիսին էր երկրորդ ճամբարային օրը։ Սպասում ենք նորանոր հետաքրքիր, զվարճալի նախագծերի…