Սույն թվականի հունվարի 9-10-ը, հետազոտական վարժարանի հասարակագետ-դասանադող Աշոտ Տիգրանյանի և «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանի գլխավորությամբ, կրթական փոխանակումներով ուղևորվեցինք Արագածոտնի մարզ։
Հունվարի 9-ին նախօրոք որոշված վայրից մեկնեցինք և մեկ ու կես ժամ անց արդեն ժամանել էինք Լոռու և Արագածոտնի մարզերի սահմանագծում գտնվող Սիփան գյուղ։ Ժամանելուն պես հյուրընկալվեցինք Ֆերիկե Ուսըվի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ դիմավորման փոքրիկ արարողությունը տպավորիչ էր և ուրախալի։ Մեզ դիմավորեցին, պտտեցրին դպրոցով, ցույց տվեցին դասասենյակները, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց անձամբ մասնակցելու որոշ դասաժամերի։
Ընդունելության ընթացքում մեզ ուղեկցում էին դպրոցի փոխտնօրենն ու դասավանդողները, ինչպես նաև սովորողները, որոնցից մեկի՝ Նուրի Իբոյանի հետ մենք իրականացնում ենք հետազոտական աշխատանք` քրդական մշակույթի վերաբերյալ, որը ներկայացնելու ենք հունվարի վերջին մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ հանրապետական աշխատարանի ընթացքում։ Մեր համագործակցությունն ու համատեղ աշխատանքն այս երկու օրերի ընթացքում շատ բարձր մակարդակի ստացվեց, և ուրախալին հենց այն էր, որ մենք աշխատեցինք այս անգամ ոչ թե «առցանց», այլ «անցանց» ձևաչափում, և դրա շնորհիվ էր, որ երկխոսությունն ու նախօրոք հավաքված տվյալների վերլուծությունն ու շարադրումն արդյունավետ և դյուրըմբռնելի ստացվեց։ Աշխատանքի հետ զուգահեռ մենք նաև վերհիշում էինք մեր անցկացրած օրերը կրթահամալիրում՝ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի գլխավորությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Իմ և Նուրիի համատեղ իրականացված հետազոտական աշխատանքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ.
Հանրապետական աշխատարանի, դրա պատրաստության ու ծրագրի մասին մանրամասն կարող եք ընթերցել պրն. Աշոտ Տիգրանյանի բլոգում։
Դպրոցում նաև մասնակցեցինք քրդերենի դասին, որտեղ մեզ սովորեցրին որոշ շատ օգտագործվող, հեշտ բառեր ու նախադասություններ։ Պիտի ընդգծեմ, որ սա իմ առաջին փորձն էր քրդերեն լեզու սովորելու. քրդական մշակույթին ու պատմությանն առնչվել էի, բայց լեզուն չէի լսել։
Երեկոյան կողմ մենք տեղավորվեցինք հյուրընկալող անձանց տանը, բայց մինչև գիշերելը փոքրիկ քայլք ունեցանք գյուղի տարածքում։ Ես գիշերեցի իմ ընկերոջ Նուրի Իբոյանի տանը, որտեղ ժամանակ ունեցանք քննարկելու նաև արտադպրոցական թեմաներ, խորասուզվելու պատմության մեջ, արծարծելու որոշ արդի զգայուն թեմաներ։
Հաջորդ օրը՝ հունվարի 10-ն ավելի ծանրաբեռնված ու հագեցած չէր, ինչպես նախորդ օրը։ Հետևյալ օրը մենք ևս մեկ անգամ վերանայեցինք ու խմբագրեցինք մեր աշխատանքը, ուղղումներ կատարեցինք, ինչպես նաև քննարկեցինք որոշ օրակարգային-արարողակարգային նրբություններ. խոսեցինք նաև զեկուցման մասին /որոշեցինք, որ համատեղ զեկուցումով ենք հանդես գալու/։
Մեզ տեխնիկական, բովանդակային, կազմակերպչական ու կառուցվածքային հարցերում օգնություն ու աջակցություն էին ցուցաբերում թե՛ պարոն Տիգրանյանը, թե՛ պարոն Դրբոյանը։ Մենք միասին ընթերցում էինք զեկուցման նախնական տարբերակները, փոխանակվում էինք առաջարկներով, ընդհանրացնում էինք որոշ գլուխներ և պատրաստվում էինք այցին։




Ցերեկվա կողմ միմյանց հրաժեշտ տալով և ապագա համագործակցության նոր ուղիների որոնման համոզմունք հայտնելով՝ մենք ճամփա ընկանք։ Ճանապարհին մենք նաև մեկ այլ գյուղ պետք է այցելեինք, այն է՝ Ալագյազ։ Ալագյազ համայնքում մեզ ողջունեց Շաքրո Մհոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռեզո Մախմուդովը, ով մեզ ներկայացրեց դպրոցը, ցույց տվեց դասասենյակները, ծանոթացրեց ուսուցչական անձնակազմի և ուսումնական ծրագրերի հետ։
Պատահական խոսակցության ընթացքում առաջարկվեց ինձ մտնել 10-րդ դասարան և ներկայացնել սաներին մեր աշխատությունը։ Այդ առաջարկը ես սիրով ընդունեցի։ Մտնելով 10-րդ դասարան՝ ողջունեցի սովորողներին և միասին սկսեցինք փոքրիկ զրույցների ձևաչափով քննարկել քրդական թեման. ես պատմեցի նախորդող իրադարձությունների մասին, պատմեցի, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել և ինչ է սպասվում առջևում։ Սովորողներն ուշադիր լսում էին և պարբերաբար հարցեր հնչեցնում։ Մեր քննարկում-զրույցը ստացվեց շատ արդյունավետ, մենք որոշ հարցեր ևս շոշափեցինք, որի ավարտին համաձայնության եկանք տնօրինության հետ հետագա համագործակցության վերաբերյալ։
Տնօրենին և հետաքրքրված սովորողներին մենք այնուհետև ուղարկեցինք մեր կատարած ուսումնասիրությունների փաթեթը և այժմ սպասում ենք նրանց արձագանքին։
Ալագյազը լքելով՝ մուտք գործեցինք բոլորի կողմից սիրված Ապարան, որից հետո երեկոյան կողմ հասանք Երևան։ Ուսումնական-կրթական փոխանակումներով այս ուղևորումը շատ հագեցած էր, հետաքրքիր, պետք է ասեմ՝ հաջողված ու արդյունավետ։ Մենք կարողացանք մեր առջև դրված նպատակներն իրականացնել, այն է՝ հստակեցնել ու ճշգրտել հավաքված տեղեկությունները, համագործակցության ուղիներ որոնել այլ համայնքների հետ։
Հայ-քրդական համագործակցությունը նոր ոլորտների ընդգրկման փուլում է։