Հանրահայտ հայ անվանի գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը հայ դասական գրականության գոհարներից մեկն է։ Այն ներկայացնում է Հայաստանը 10-րդ դարում, նրա արտաքին ու ներքին ռազմաքաղաքական իրավիճակը ու նեղ վիճակից դուրս պրծնելու հայ ժողովրդի ձգտումներն ու իղձերը։ Գիտենալով հայոց պատմության մեջ գրված տեղեկության հետ անհամաձայնության ու անհամատեղելիության, մասնավորապես՝ առաջնային և երկրորդական հերոսների ու վերջիններիս սխրագործությունների մասին՝ այսուհանդերձ պետք է միանգամայն պնդել, որ սույն վեպը հայոց մտքի ամենահաջողված, լայն տարածում գտած, բազում քննարկումների ու բանավեճերի առարկա հանդիսացած թեմաներից մեկն է, որն անշուշտ, իր տեղն ունի հայ ժողովրդի պատմության մտքի գանձարանում։
Տարօրինակ չէ, որ սույն վեպի վերլուծությունը լինելու է չափազանց երկար, որի պատճառը հանդիսանում են ոչ միայն նեղ հոգեբանական առանձնահատկությունները, ապրումներն ու գործողությունները, այլև հերոսների ու իրադարձությունների մանրակրկիտ նկարագրումներն ու դրանց հետ զուգահեռ նաև դրանց մանրամասն վերլուծությունները՝ դրվագ առ դրվագ։ Կարծում եմ՝ այս պատմավեպը մեծ հենք է տալիս խորհելու, հետ հայացք գցելու և պատմությունը ևս մեկ անգամ թերթելու, հայկական կողմի սխալները ընկալելու ու սերտելու՝ հաջորդ անգամ դրանց թույլ չտալու կամ գոնե դրանցից խույս տալու համար։
Ինչպես վկայում է հենց ինքը՝ հեղինակը՝ պատմավեպը միգուցեև ուղղակի աղերս չունի պատմական այն դեպքերի ու կերպարների հետ, որոնք նկարագրվում են թե՛ դպրոցական, թե՛ ակադեմիական պատմության դասագրքերում, մասնավորապես՝ Աշոտ Բ Երկաթ թագավորի, սպարապետ Գևորգ Մարզպետունու, նրանց հետ փոխկապակցված անձանց, Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Դրասխանակերտցու և այլոց մասին, բայց այնուամենայնիվ իր ուրույն տեղն ունի գրականության շարքերում, որովհետև նման հսկայածավալ, բազմաբովանդակ, ընդարձակ ու մանրազննին ստեղծագործություն, որն այնքան ճշգրիտ ու իրականության մոտ նկարագրի հայ ժողովրդի կացությունն ու պետության առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, մեր բազմադարյա ոսկե գրականությունը շուտվանից չէր տեսել։ Առաջարկում եմ մեր վերլուծությունը տրոհել մի քանի համապարփակ բաժինների՝ կախված բնույթից։
Սկսենք հենց վերնագրից. ինչո՞ւ «Գևորգ Մարզպետունի»։ Ըստ իս՝ սույն հարցի պատասխանը ակներև է, քանի որ Գևորգ Մարզպետունին Մուրացանի նկարագրածով, ինչ Սամվելը՝ Րաֆֆու, այն կերպարներից էր, որ այնքան էլ քաջ հայտնի չէր ո՛չ հանրությանը, ո՛չ էլ ակադեմիական շերտերին։ Ուստի միտք հղացավ պատկերել գլխավոր դերում առաջին հայացքից պարզապես հայրենասեր ու ազգանվեր, բայց խորապես շատ զգայուն, մտազբաղ ու հայրենիքի փրկության համար տառապող, անխոնջ անձնավորության պատմությունն ու դույզն-ինչ կենսագրությունը։ Շատ երկեր են գրվել այնպիսի վեհանձն մարդկանց մասին, ինչպիսիք են Աշոտ Բ Երկաթը, Աբասը և այլոք, որովհետև վերջ ի վերջո նրանք զբաղեցրել են հայոց գահն ու եղել են երկրի դեմքն ու զրահը, բայց այնպիսի անձանց մասին, ինչպիսիք են Գևորգը կամ նրա դյուցազն զավակ Գոռը, քիչ են գրվել կամ ընդհանրապես չեն գրվել։
Նույն Գևորգ Մարզպետունու մասին քիչ է գրված պատմության դասագրքերում, այն է՝ մի քանի տող կամ նախադասություն։ Հետևապես հարկ է լինում ներկայացնել նման ժողովրդի միջից ծնված ու նրանից սերող հայրենասեր խիզախների մասին, ովքեր անդուլ ու անդադար մաքառում են, մարտնչում՝ հանուն հայոց աշխարհի, գահի, արքունիքի փրկության ու պահպանման համար։ Եվ ես կարծում եմ, որ սա է եղել հիմնական ու առանցքային պատճառը՝ հենց Գևորգ Մարզպետունուն կարգել իբրև առաջնային ու գլխավոր կերպար. և թույլ տվեք անկեղծ լինել, հեղինակի մոտ դա հաջողվել է, անտարակույս։
Ինչ վերաբերում է բուն բովանդակությանն ու ծավալվող սյուժեին, ապա մի կողմ թողնելով պաթոսն ու ներշնչանքը, ինչպես նաև պատմության որոշակի իմացումը՝ վեպը վերլուծելու ենք դրվագ առ դրվագ՝ առանց վերջին հաշվով իսկական համարվող պատմության հետ համեմատելու ու դրա հետ զուգահեռներ անցկացնելու։ Վերլուծելու ենք անաչառ, բայց փորձելու ենք գտնել հայ ժողովրդի այնպիսի հատկանիշներ ու առանձնահատկություններ, որոնք մինչ օրս էլ ակնհայտ են ու մեզ՝ հայերիս բնորոշ։ Մեր վերլուծությունն պարբերաբար ուղեկցվելու է վեպում արծարծված քաղվածքներով ու մեջբերումներով՝ իրողություններն ավելի պատկերավոր ու դյուրըմբռնելի դարձնելու նպատակով։
«Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինեն»
Թերթելով վեպի էջերը՝ մենք հասկանում ենք, որ թշնամության ու իշխանազուն ընտանիքների խռովության կարևորագույն պատճառը հանդիսանում է թագավորի անհավատարմությունն ու նրանց միջև անձնական բնույթի խնդիրը, այն է՝ թագավորը դավաճանել է թագուհուն՝ Գարդմանա աշխարհի մինուճար գեղեցկուհուն մեկ այլ ոչ պակաս դյութիչ ու հմայիչ առանձնյակի՝ Ցլիկ-Ամրամի կնոջ՝ Ասպրամի հետ։ Եվ այստեղից է ծնում յուր ապստամբությունը, և այս դրվագն է ծառայում ամբողջ հայոց աշխարհի խաղաղ ապրումակցման ու գոյատևման խանգարիչ հանգամանքն ու խռովարարը։ Այս թեթևամիտ վերաբերմունքի պատճառով՝ հայոց արքան զրկվում է իր հավատարիմ իշխաններից ու նահանգապետերից, ինչո՞ւ, քանի որ սիրում էր մեկ այլ կնոջ։ Գաղտնիք չէ, որ Գարդմանա իշխանապետության արքայի՝ Սահակ Սևադայի դստեր՝ Սահականույշի հետ ամուսնությունն ուներ քաղաքական պատճառներ, բայց արդյո՞ք այն ուղեկցվում էր միմյանց հանդեպ անշեջ սիրով ու հավատարմությամբ։ Ոչ, քանի որ արքան թագուհուն չէր սիրում, չէր մտածում նրա մասին և ժամանակ առ ժամանակ հիշեցնել էր տալիս նրա իրական վերաբերմունքի մասին։
Տիրող ռազմաքաղաքական իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու համար՝ ասեմ շատ կարճ. դավաճանության պատճառով հյուսիսային նահանգների (Ուտիք, Տայք, Գուգարք, Սևորդյաց թագավորություն և այլն) կառավարչապետերը միավորվել էին ընդդեմ մի թշնամու, այն է՝ հայոց արքա Աշոտ Երկաթի դեմ, ժողովրդի կացությունն անորոշ էր, անդադար ու կործանարար պատերազմներ, նորանոր հասունացող առճակատումներ ու ընդհարումներ, արքունական վերնախավի վիճակը ևս անորոշ էր ու անհասկանալի. անընդհատ վեճեր ու թյուրիմացություններ։ Այսինքն՝ հասկանում ենք, որ վիճակը ծայրահեղ վտանգավոր էր ու երկրի ապագան, կոպիտ ասած, մազից էր կախված։
Մի հետաքրքիր ասույթ կա, թե «ծանր ժամանակները ծնում են հզոր մարդկանց, հզոր մարդիկ ծնում են թեթև ժամանակներ, թեթև ժամանակները ծնում են անզոր մարդկանց, անզոր մարդիկ ծնում են ծանր ժամանակներ» և այսպես արատավոր շրջանով։ Ծանր ժամանակները ծնեցին մի հայրենանվեր մարդու՝ Գևորգ Մարզպետունու, ով ոչ մի կերպ չէր համակերպվում պառակտման ու թշնամության հետ ու բանակցություններ էր տանում անվերապահորեն բոլոր կողմերի հետ՝ երբեմնի միասնությունը վերականգնելու համար։ Եվ պետք է վստահորեն ասենք՝ նրա մոտ դա հաջողվեց, և վերականգնված միասնությունը կարողացավ իր շուրջ համախմբել համախոհներին ու հայրենիքի ազատության համար կյանք զոհողներին։
«Փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրում կան»
Շատ սուր, բայց մեկտեղ շատ իմաստալից խոսք է վերոնշյալը։ Այո՛, բոլոր երկրներում էլ այդպիսի հայրենավաճառ մարդիկ կան, և նրանք ազգի համար ոչ այլ ինչ են, քան անազատության գրավական, կյանքի խորտակիչ։ Չէ՞ որ ավելի ձեռնտու ու շահեկան է թշնամիներին, երբ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրենք սեփական զորքերը հայերի դեմ հանեն։
Երբ Սևադա իշխանի մոտ է ժամանում զորապետ Մարզպետունին, միանգամից երկխոսության է բռնվում նրա հետ։ Եվ զորավարը հասկանում է, թե որտեղ է թաքնված այս մարդու վիշտը, չէ՞ որ նա էլ ոչ պակաս հայրենասեր ու ազգանվեր մարդ էր, շատ հաղթանակներ էր տարել ու շատ ոսոխների հալածել։
Այս տանջահար մարդու վիշտը թաքնված էր ոչ թե մտքում, այլ սրտում։ Եթե թաքնված լիներ մտքում, դա դեռ կարելի կլիներ անտեսել՝ հայրենիքը փրկելու համար, բայց այն թաքնված էր ամենախոցելի ու աննվաճ վայրում՝ սրտում, ուստի այն վանելն էր դժվար էր ու կորստաբեր։ Մարզպետունին երկխոսության ընթացքում դա նկատել էր ու հաշվի առել. նա ևս հասկանում էր պահի լրջությունն ու զգուշանալու կարևորությունը։
Սևադային ու նրա որդուն՝ թագաժառանգ Դավթին դաժան ճակատագիր էր մատուցվել. թագավորի հրամանով նրանց երկուսին էլ կուրացրել էին՝ ապստամբության պատճառով, և երկուսին զրկել հետագա արժանավայել կյանք ունենալու հույսից։ Բայց չէ՞ որ առաջին մեղավորը թագավորն էր, եթե նա կարողանար «զսպել» ինքն իրեն, ապա նման անողոք ու դաժանաբարո ճակատագրի նրա վաղեմի դաշնակիցներն ու խնամիները միգուցեև չարժանանային։ Եթե թագավորը դա շուտ գիտակցեր կամ գոնե փորձեր չփախչել իրականությունից, ապա հետագա իրադարձություններն այլ կերպ կզարգանային։
Բայց Մարզպետունուն հաջողվում է համոզել Սևադային թեքվել հայոց արքայի կողմը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ արքան իրեն համարժեք ու արժանի պատիժն արդեն կրել է, այն է՝ զրկվել է դաշնագրային միասնությունից ու մեկուսացել հայրենի հողում։ Սևադան նահանջ արեց, տեղի տվեց հայրենյաց պաշտպանության գործին՝ գերադասելով այն ինչ-որ նեղ անձնական բնույթի հարցից։
Պետք է նկատել՝ Մարզպետունին «կույր» կամ ձեռնածության ու աչքակապության զոհ չէր, այլ գիտակից, ողջամիտ անհատ, որ կարողանում էր ճիշտ կշռադատել ու գնահատել, ուստիև որոշ պաթոսային իրավիճակներից կարողանում էր հմտորեն խույս տալ ու խնդիրը բերել հայրենիքի անվտանգության ու պահպանման դաշտ։ Եվ դա էր նրա բանակցային արվեստի անկյունաքարը. նահանգների միասնությունն էր, որ կկարողանար ծառայել իբրև անսասան առհավատչյա այն բանի, որ երկիրը անվտանգ է ու ապահով։
Ընդհանրապես, խոսելով Մարզպետունու ամբոխավարության, այն է՝ դեմագոգայի մասին, անհրաժեշտ է հիշել, որ այդ մարդը չէր առաջնորդվում սեփական շահով, այլ պետական, հայրենիքի շահով։ Նա հայրենիքը գերադասում էր յուր ընտանիքից ու անվանից։ Առաջարկում եմ հայացք նետել ներքոհիշյալ տողերի վրա.
— … Բե՛ր խրեմ այս սուրը կողերիդ մեջ, և տե՛ս, թե մահվան տագնապը կպաշարե՞ քեզ թե ոչ (սեպուհ)։
— Կպաշարե։ բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար։
Կամ այս մեկը, որն ուղղված է կաթողիկոսին ու թագուհուն։ Գևորգը խոսեց, երբ հավաքվածներն րոպե առաջ իմացան, որ Այրիվանքում զոհվել են վանականներ՝ իրենց աստվածային ուխտը պահելով ու չդրժելով։
— Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու: Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար: Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն «դնել սանձինս ի վերայ ոչխարաց…»: Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ… Այս բոլորը լավ. բայց մենք ի՞նչ ենք անում. մե՛նք, ժողովրդյան առաջնորդներս. մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք:
Իսկ հիմա ընթերցենք նախորդող դեպքը, երբ վանականներից մեկի խոսքը՝ ուղղված մյուս հոգևոր հայրերին հնչեց՝ թշնամու կողմից Այրիվանքի պաշարման ժամանակ։ Այստեղ մենք պետք է ուշադրության դարձնենք անձնազոհության այն աստիճանին, որին պատրաստ էին դիմել սովորական վանականները՝ եկեղեցու ծառայողները՝ իրենց հայրենիքի փրկության համար։ Անարցունք ընթերցելը խրթին գործ է։
— Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ. այդ ուխտին դրժելու իրավունք չունինք. գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի. գնանք ուրախ և անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ:
— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում:
— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում: Վաղ թե ուշ պիտի մեռնեինք. հավիտենական չէր լինելու մեր կյանքը: Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու: Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկվելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները` շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք «ընտրության անոթ» և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար` հավիտենական բարիքը անցավորից գերադասելով:
«… գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի» …, այս նվիրյալ մարդիկ իսկապես գիտակցում էին իրենց առաքելության կարևորությունը և պատվով ընդունեցին ճակատագրի հեգնանքը և նահատակվեցան հանուն համազգային բարօրության, հայրենիքի պահպանման ու շենացման։
«Ճշմարտությունը ամենից երկչոտ արարածն է»
Եկեք ևս մեկ անգամ պատկերացնենք հայրենիքի դրությունը՝ իշխան Գևորգ Մարզպետունու նկարագրմամբ.
«Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում. Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում. Աբաս արքաեղբայրը քաշվել է Երազգավորս. Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները. Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին. դու էլ ահա՛ հրաժարվում ես գործակցությունից, իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ… էլ ի՞նչ ունինք մտածելու, կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ»:
Այս խոսքն, իմիջիայլոց, ուղղված էր նաև դշխո Սահականույշին, ով սրտատրոփ լսելուց հետո աջակցության պատրաստակամություն հայտնեց։
Իսկ այժմ անդրադառնանք Ամենայն հայոց Հովհաննես կաթողիկոսին, ում հեղինակը նկարագրում է որպես հաղթանդամ մարդ, բայց ներքուստ՝ երկչոտ։ Արդյո՞ք կաթողիկոսին մեղադրելը ճի՞շտ է ու տեղին։ Արդյո՞ք այդ մարդը նվազ հայրենասեր էր կամ վատթարագույն դեպքում՝ հերթական դավաճան ու թիկունքից խփող։ Միգուցե։ Ոմանց կթվա, թե կաթողիկոսը ամեն կերպ խուսափում էր իր վրա դնել հերթական պատասխանատվությունը, որի անհաջողության դեպքում հնարավոր էր, որ կյանքով հատուցեր։ Բայց մի՞թե ամեն ինչ այսքան մակերեսային է։ Իհարկե, ոչ։
Կաթողիկոսը, ով Գևորգ իշխանի պատկերացմամբ փախչելու փոխարեն պետք է համախմբեր ժողովրդին ու գավառից գավառ անցնելով հավատացյալների զորք կուտակեր, պարզապես իր էությամբ երկչոտ մարդ էր։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն բանին, որ իսկական պատմության հետ համեմատական չենք տանում, վերլուծում ենք պատմավեպի մեջ շարադրյալը։
Այսպիսով, կաթողիկոսը հայրենիքի նվիրյալներից մեկն էր, ուղղակի զոհ էր դարձել սեփական անզորության ու վախկոտության, երկչոտության։ Նա սիրում էր իր հայրենիքը, ծառայում էր իր հայրենիքին, ինչպես որ կարողանում էր, բայց ներքուստ շարունակում էր մնալ անզոր ու տկար։ Եվ դրա պատճառով նա Աշոտ բռնավորի նենգ ու դավադիր խորհրդին լսեց ու գնաց Վասպուրական՝ Գագիկ Արծրունու մոտ, այլ ոչ թե Մարզպետունուն, ում նույնիսկ խոստացել էր օգնության հասնել Դվնո դաշտի Ծննդոց անտառում՝ Դվինը հետ գրավելու ու կաթողիկոսարանն ազատելու նպատակով։ Նա կարծում էր, որ քաղաքից քաղաք, նահանգից նահանգ փախչելը արդարացված է կաթողիկոսական գահը փրկելով, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, նման դժվարին պայմաններում պետք էր մտածել միմիայն համաժողովրդական համախմբման, այլ ոչ թե գահի փրկության մասին։ Չէ՞ որ համախմբվելով կփրկվեր նաև Աթոռը…
Նորին Սուրբ Օծությունը փախնում էր, ուր որ աչքերն էին տեսնում։ Գառնիից Սևան, հետո Սևանից Այրիվանք, Բյուրական, Բագարան, Վասպուրական։ Կաթողիկոսը տառապում էր երկչոտությամբ այնքան, ինչքան որ Աշոտ Բ Երկաթը իր կրած մեղքերի համար։ Նրանք երկուսն էլ թողեցին երկրային կյանքը՝ հասկանալով, որ շիտակ չի եղել իրենց կյանքը և որ գործած սխալներն ու թերություններն իրենց մասին դեռ երկա՜ր են հիշել տալու։
«Արտասուքից մինչև ծիծաղ մի քայլ է»
Իսկ արքան, ինչո՞վ էր տառապում նա. անփոխադարձ-փոխադարձ սիրուց, որն այլևս վերադարձնել հնարավոր չէր։ Նա սիրում էր Ասպրամին, սիրում էր անվերջ ու մտածում, վերհիշում, բացթողումների պատճառով տանջվում, նեղսրտում, բայց իրեն մոռանալ չէր կարողանում։ Արքան նույն արքան չէր, ինչ պատմավեպի սկզբում, նույն հաղթանդամ ու հաղթանակածը չէր, ավելի շատ նման էր տկար, անուժ, անզոր մի էակի, ով գոյաբանական պայքարի մեջ էր մտել իր կյանքի հետ, խորհում էր, թե վերջին օրերն է անցկացնում։ Եվ ամենակարևորը՝ նա հասկանում էր, որ իր անփոխարինելի սիրո պատճառով էր հայրենիքը հայտնվել նման դժվարագույն կացության ու դրության մեջ, ինքն էր մեղավոր բոլոր գժտությունների, խռովությունների համար։ Նա դա գիտակցում էր ամբողջ հոգով ու սրտով, սակայն դրա դեմն առնել չէր կարողանում։ Բայց վերջում դա էլ հաղթահարեց՝ շնորհիվ մեծափառ Գևորգ իշխանի, ով կարողացավ հեղափոխություն կատարել թագավորի մտքում ու հոգում և նրան վերադարձնել ճիշտ հուն։
Իսկ մեծափառ տիկի՞նը՝ Սահականույշը, ինքն ինչի՞ց էր տուժել ու ինչո՞վ էր տառապում։ Հենց ինքն էր անփոխադարձ սիրուց տառապում, չէ՞ որ նա սիրում էր Աշոտին, հիանում ու հպարտանում նրա քաջագործություններով ու սխրագործություններով ու նեղ պահին նրան օգնության հասնում, բայց հիշելով այն դրվագները, երբ թագավորն Ասպրամի գիրկն էր նետվում, դառնալիորեն խորասուզվում էր մտատանջությունների մեջ ու ժամերով, նույնիսկ օրերով փակվում ինքն իր մեջ։ Թագուհին ու թագավորը միմյանց փոխլրացնում էին ինչ-որ չափ, սակայն ոչ լիարժեք, և երևի թե դա էր պատճառը, որ նրանք առերևույթ իսպառ մոռացան իրար և բաժանվեցին։
«Ճշմարիտ սէրը այնքան նւազ է աշխարհում, որ եթէ կեղծիքների մեծ մասը ճշմարտութեան տեղ ընդունենք, այն ժամանակը կեանքը դժոխք կը դառնայ մեզ համար»
Ինչը՞ փոխեց թագուհուն իշխանը՞, մտերիմները՞։ Ոչ, ինքն իրեն։ Հիշում եք, թե նա ինչպես էր ունկնդրում Շահանդուխտի և Գոռ իշխանիկի մենախոսությունը, ինչպե՞ս էր հուզվում ու հիշում անցած-գնացած օրերը։ Այդ ժամանակ նա հասկացավ իր իսկական առաքելությունը, այն է՝ հայրենիքի ու հայոց գահի կողքին կանգնելը, և այդ ժամանակ վճռեց, որ պետք է գտնի արքային և ընկավ որոնումների մեջ։ Հնարավոր է, որ գլխի վերնագիրը, այն է՝ «Մի դալար բողբոջ չորոցած ծառի մոտ» արտացոլում է հին ու նոր սերերն ու ընկերակցությունները, կամ ուրիշ տեսանկյունից դիտելով, նոր սիրո հայտնիությունը (թագավորի և թագուհու)։ Թագուհին վերածնվեց՝ վերագտնվելով ու վերաիմաստավորելով իր իսկական դերը հայրենիքի մեջ։
«Մենք դժբախտ ենք, թող հաջորդ սերունդներն էլ դժբախտ լինեն» սկզբունքը թագուհին ջախջախեց՝ ծնելով նոր իմաստություն։ Ինչի՞ համար սերունդները պիտի զրկվեն կյանքի բարիքներից, բերկրանքից, երջանկությունից, պետք է անել ամեն բան, որպեսզի նրանք դա արժանվույն կերպով վայելեն, այլ ոչ թե միայն տանջվեն ու կոտորվեն։
Ընդհանրապես, շատ գովելի է, որ հեղինակը հմտորեն նկարագրում է շատ բարդ, ու բազմափորձ մասնագետների փորձառություն պահանջող հոգեբանական պրոցեսներն ու հերոսների առանձնահատկությունները։ Նման բան վերջին անգամ նկատել էի մեկ այլ անվանի գրող Շիրվանզադեի «Քաոս» վեպում։
Անցնելով Հայաստանի թեմային՝ հետաքրքրական է, որ հենց հեղինակն է նկատել Հայաստանի՝ քաղաքակրթությունների խաչմերուկ լինելու հանգամանքը։ Նա լիարժեք ըմբռնում էր Հայաստանի դերն ու դիրքը և տարածաշրջանի խաղաղությունը կապում էր հենց Հայաստանի խաղաղության հետ։ Նա գրել է.
«Հայաստանը, գտնվելով Միջին և Փոքր-Ասիայի, այլև Կովկասային երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր կամ իբրև կամուրջ և կամ իբր պատնեշ: Այնպես որ` հարավից դեպի հյուսիս, կամ արևելքից դեպի արևմուտք անցնել ուզող աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը, ամենից առաջ ընդհարվում էին Հայաստանցոց հետ: Եթե սրանց ընկճում էին, այն ժամանակ ազատորեն դիմում էին դեպի մտադրյալ նպատակը, իսկ եթե, ընդհակառակը, հաղթվում էին սրանցից, այն ժամանակ հետ էին քաշվում և այդպիսով Հայոց դրացիները, նույնիսկ Հայոց զոհաբերության գնով, ազատվում էին սպառնացող չարիքից:
Այդպես սկսվել էր դարերից ի վեր և այդպես շարունակվում էր: Եվ հենց այդ պատճառով, Հայաստանի խաղաղ եղած ժամանակ, նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում: Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ Հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը` Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրանց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ»:
Փոխանակ շնորհակալ լինելու, մի հատ էլ դեմ էին գնում հայերին…
Պակաս չէին նաև դավաճաններն ու մատնիչները վեպում։ Երբ Բյուրականի ժողովուրդը համախմբվել էր՝ իմանալով, որ կաթողիկոսը իբրև թե այնտեղ է, երկու հայ զինվոր գուշակել էին, որ վեհափառը տեղում չէ, այլ փախած է և որոշել էին գիշերը բերդի դարպասները բացել ոսոխի առջև՝ չարամտությունից ու վրեժխնդրությունից ելնելով։
Կամ մի ուրիշ ուշագրավ օրինակ. Աշոտ բռնավորը, ով ինքն իրեն հռչակել էր հայոց աշխարհի միապետ ու թագավոր, նույնիսկ հարազատ եղբոր՝ Աշոտ Երկաթի հուղարկավորության ժամանակ ցանկացավ դավադրաբար ու նենգաբար կալանավորել նորաթուխ Աբաս Ա թագավորին ու Մարզպետունուն և Նսըր ոստիկանի միջոցով կարգվել արքայից արքա։ Իհարկե դա ևս անհաջողության մատնվեց։
Ինչպես հասկանում ենք՝ դավաճանությունն ու թիկունքից հարվածելն արմատացած արատ են ու սուր՝ խրված հայ արդարամիտ, արդարադատ սրտի մեջ։
Պատմավեպը կառուցված է երեք հիմնական բաղկացուցիչների հիման վրա. միասնություն, ընտանիք, հայրենիք։ Եվ այս եռյակ միություն է, որ հիմք է ծառայում ամուր, ուժեղ, հզոր ու թշնամահալած պետության, զորավոր, ազդեցիկ ու միասնական ժողովրդի համար։
Երբ նույնիսկ հաղթանակն անիրատեսական էր ու անհնարին, Մարզպետունին իր 20-հոգանոց փոքրիկ վաշտով (ուխտի քաջերով) կարողացավ կտրականապես փոխել մարդկանց կարծիքը, հեղափոխել նրանց մտքերը ու միացնել նրանց ազատագրական շարժմանը։ Մարզպետունին մեծազոր ու ազդեցիկ մարդ էր, իր հայրենիքի իսկական զավակ ու ժառանգորդ, նա կարողանում էր մարդկանց համոզել, քաջալերել, մոտիվացնել (դրան ապացույց մի շարք ճակատամարտերն ու դիմամարտերը, երբ հաղթանակն անհնար էր թվում)։ Նա ուժեղ ու սիրող հայր էր իր մինուճար որդու՝ Գոռ իշխանիկի նկատմամբ, և մինչև վերջ իր ուխտը պահելով՝ արժանապատվորեն կնքեց իր մահկանացուն։ Նա հզոր զորավար էր, դիվանագետ ու ռազմագետ, ինչն, ի դեպ, շատ քիչ է հանդիպում, զորեղ, հեղինակավոր բանակցող ու ամբոխավար։
«Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել»
Միտքը կատարելապես բնութագրում է մեր գլխավոր հերոսի վարմունքն ու սկզբունքը։ Կարող ենք դիտարկել մի քանի հետաքրքիր օրինակ՝ ռազմագիտական գիտելիքները գնահատելու համար.
Այն ժամանակ, երբ զորքը փոքրաթիվ էր, Գևորգ իշխանն այնպես էր դասավորում իր զորքը, որ իմիտացիա էր ստեղծվում մի հսկայական զորագնդի, և թշնամին կամա-ակամա վախենում էր ու խույս տալիս։
Դվնո դաշտի կռիվը երևի թե ամենավառ ապացույցն է Գևորգի՝ ռազմագետ լինելու վերաբերյալ. նա եռանկյունաձև այնպես դասեց իր զորաջոկատները, որ երկրորդ հարձակման ժամանակ նրանք կարողացան ավելի սաստիկ գործել ու ոչնչացնել արաբացիներին ու հագարացիներին։ Ուշագրավ է, որ կանխատեսելով Արտաշատի կողմից նոր թշնամական ջոկատների հարձակումը՝ Մարզպետունին իր զորքի վերջնահատվածը՝ Գոռ իշխանիկի ղեկավարությամբ, ուղղել էր հակառակ կողմը՝ դիմագրավելու թշնամու՝ հանկարծահաս հարձակումն ու վերահաս վտանգը։
Դիվանագիտական ու բանակցային հմտությունների մասին խոսք չունեմ ասելու. եթե ուժը չէր գործում, գործում էր խոհեմությունն ու իմաստնությունը։
Գևորգ Մարզպետունին, ինչքան էլ, որ փոքր-ինչ հորինված ու ուռճացված կերպար է, միևնույնն է իսկական հայ ազգի մասնիկի ու «ՀԱՅ» կոչվելու արժանի զավակի մարմնավորումն է։ Նա ցույց է տալիս, որ անհնարինը դառնում է հնարավոր, եթե կա անսասան կամքի ուժ ու վճռականություն, եթե նույնիսկ վիճակը ծայրահեղ է ու մազից է կախված, միևնույնն է բարին հաղթելու է, եթե այն ունի բավարար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական ուժ։
Մենք պատմավեպում հանդիպում ենք մի շարք առանձնահատկությունների, որոնք բնորոշ են հայ ազգին նաև այսօր, դրանք են՝ դավաճանությունը, շողոքորթությունը, երկերեսանիությունը, դավադրությունը, «եղբայրասպանությունը», միամտությունն ու դիմացինին արագ վստահելը։ Բայց բացասական այս հատկանիշներին հաջորդում են դրականները, ինչպիսիք են կամքը, վճռականությունը, սերը առ Աստված ու դեպի հայրենիք, դժվարին պահին օգնության հասնելը, համախմբվածությունը, ուժը, կորովը, զորությունը, միևնույն ժամանակ նաև հանդուրժողականությունն ու ներումը, գթասրտությունն ու բարեխղճությունը, դիվանագիտորեն հաղորդակցվելու էական հատկությունը։
Դիվանագիտության արտացոլման շատ պայծառ օրինակ է Բերի ու Գոռ իշխանիկի երկխոսությունը.
— Գնա՛ և ասա՛ քո թագավորին, — որոտաց դեպի Գոռը, — որ ես կարևոր չեմ համարում բացատրել նրան, թե ի՞նչ պատճառով եմ յուր երկիրը մտել: Այսքանը միայն կասեմ, որ ես լսե՛լ եմ թե` նա նոր ու հոյակապ եկեղեցի է կառուցել Կարսում և պատրաստվում է նրա օծման նավակատիքը կատարել: Ասա՛, որ ես եկել եմ այդ եկեղեցին Վրաց ծեսով օծել տալու և մինչև որ ես չմտնեմ Կարս, նա չպիտի համարձակի որևէ հանդես կատարել… (Բեր)
— Շատ բարի, Մեծազօր Թագավոր, մենք ուրեմն կընդառաջենք քեզ ավելի պատվով մեր մայրաքաղաքը տանելու համար, — պատասխանեց Գոռը հեգնությամբ և դուրս գալով թագավորի վրանից, ժողովեց իսկույն յուր մարդիկը և վերադարձավ Վանանդ:
Նման առաջին հայացքից թույլ թվացող արտահայտություններին հաջորդում են համարժեք հետևանքները, այն է՝ ենթարկում ու հպատակեցում։
Կամ մեկ այլ դրվագ, երբ Գուրգենդուխտ նորաթուխ թագուհին ցանկանում է իմանալ, թե ինչ ճակատագիր է սպասվելու իր եղբորը՝ ապստամբ Բեր իշխանին, ինչին Մարզպետունին պատասխանում է հետևյալ կերպ.
— Թագուհին ինքն է կամենում այդ իմանալ:
— Թագուհի՞ն… Օ, այդ չպետք է ինձ հայտնեիր, ես արդեն գուշակում էի: Բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել: Գնա՛, ուրեմն, և ասա նրան թե` պատերազմի դաշտում մենք կորցրել ենք հինգ հարյուր քաջարի զինվոր և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և հարցրել ինձանից, թե ո՞ւր մնաց յուր եղբայրը և ի՞նչ արինք նրան:
Այսպիսով, այս վեպը միշտ արդիական է ու միշտ բնորոշելու է մեր ազատատենչ կամքը, սերը առ Աստված ու առ հայրենիք։ Մենք միշտ ոտքի ենք կանգնում, երբ ամեն ինչ ծայրահեղ վտանգի մեջ է։ Բայց կարծում եմ, որ նման հայեցակարգը շտկման անհրաժեշտություն ունի. պետք է միշտ զգոն և ուշադիր լինել, համախմբվել ու միասնական ուժերով հասնել համընդհանուր նպատակին, այն է՝ հայրենի եզերքի պաշտպանությունը, իհարկե չմոռանալով նաև նրա բարգավաճումն ու զարգացումը։
Այո՛, նեղ ու խորդուբորդ ժամանակներին հաջորդեցին բարգավաճման տասնհինգ տարիները՝ Աբաս Ա-ի գլխավորությամբ։ Պետությունն այդպես է կայանում. արտաքուստ լինելով պաշտպանված, ներքուստ՝ զարգացած։ Սա է միակ ճանապարհը ուժեղ ու զորավոր պետություն կերտելու, որը և արեց Աբաս թագավորը։
Գնահատում եմ նաև այն, որ պատմավեպում արծարծվում է Հայ առաքելական եկեղեցու ուրույն դերը, և մասնավորապես՝ նրա հավատարիմ ծառայողների՝ վանականների, եկեղեցականների, հոգևոր հայրերի դերը պետության կայացման ու նրա պաշտպանման, արժեքների պահպանման գործում։ Վեպը ցույց տվեց, որ երբ երկու բևեռները միասնական են, ու ինչն ավելի կարևոր է՝ գործում են փոխհասկացվածության ու փոխօգնության մթնոլորտում, ոչ մի թշնամի առանձնապես ոչինչ չի ներկայացնում իրենից։
Վերջում, կհիշատակեմ մի կարևոր դրվագ. ճակատամարտերից մեկի ընթացքում Գևորգ Մարզպետունին տատանվում էր ու դժգոհում, թե ինչու համաձայնվեց իր տղային վերցնել իր հետ և տանել կռիվ, որտեղ ողջ մնալու և նահատակվելու հավանականությունը հավասար էին։ Երբ նա դա մտածում էր, Վահրամ սեպուհը նրան մոտեցավ և ասաց, որ հայրենիքի փրկության համար բոլորս էլ իրար եղբայր ենք ու զավակ, ուստի չպիտի մտածենք՝ ով գնա, ով մնա, այլ միասին պետք է գործենք։ Այս խոսքերից հետո Գևորգը հասկացավ ու որոշեց, որ Գոռը լինելու է իր հետ միշտ, թե՛ ուրախության, թե՛ վշտի, թե՛ պատերազմի օրերին։ Ես գնահատեցի այն, որ նա չթողեց, որ իր տղան (ինչքան էլ, որ նա չէր ցանկանում լքել) լքի մարտադաշտը։
Եվ այս երկարատև վերլուծությունը թույլ տվեք ավարտել զորեղ, հաղթանդամ, ոսոխների սարսափ համարվող Գևորգ սպարապետ Մարզպետունու խոսքերով՝ ուղղված իր որդուն և հարսին.
— Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, — ասաց ծերունին, — զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող` հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, աստուծո երկյուղը:
Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք: Ձեզ օրինակ Աշոտ-Երկաթի ընտանիքը… որքա՛ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում և որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին…
Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ, այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. «Սիրեցե՛ք միմյանց»:
Սիրեցե՛ք միմյանց…
Հարմարավետության համար, նույն վերլուծությունը կարող եք ընթերցել նաև pdf-ձևաչափով.