Այսօրը՝ հունվարի 14-ը մեր ձմեռային ճամբարի յոթերորդ օրն էր, որը լի էր մի շարք հետաքրքիր, կարևոր իրադարձություններով։
Ընդհանուր պարապմունքին մասնակցություն ապահովելուց հետո՝ առաջին դասաժամին քննարկեցինք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այցի մասին (որն ի դեպ այցելելու ենք այս ուրբաթ՝ հունվարի 17-ին)։ Եվս մեկ անգամ աչքի տակով անցկացրինք կատարած նախագիծը, վերհիշեցինք այն կարևոր տեղեկությունները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, նախապատրաստվեցինք այցին՝ շոշափելով մի քանի տրանսպորտա-տեխնիկական հարցեր։
Երկրորդ դասաժամին հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանի հետ շարունակեցինք հեքիաթների ու պատմվածքների թեմայով բանավիճել. խոսեցինք, թե դրանք ինչպիսի ներգործություն են ունենում, ինչպես են ազդում և ընդհանուր առմամբ ինչպիսի կառուցվածք ունեն։ Հիշեցինք բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ և խորքերում գտանք իսկական գաղափարները։ Կարևորն այն էր, որ լսարանը տարատարիք էր, ինչն ավելի էր բազմազանեցնում պատասխանները՝ թույլ տալով համեմատել սովորողների աշխարհայացքներն ու տեսակետերը։
Ընդմիջման ժամանակ հստակեցրինք նաև չմուշկավարության օրը։
Օրվա հաջորդ կեսն անցկացրինք Grand Candy պոնչիկանոցում՝ վայելելով շաքարապատ համեղագույն պոնչիկները՝ տաք, ջերմացնող կակաոյի ընկերակցությամբ։ Լավ գովազդ էր, չէ՞…