Այսօրը՝ հունվարի 14-ը մեր ձմեռային ճամբարի իններորդ օրն էր, որի ընթացքում ամփոփեցինք մի շարք նախագծեր։
Ընդհանուր պարապմունքին երգելուց ու պարելուց հետո առաջին դասաժամի ընթացքում հստակեցրինք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այցի նախապատրաստական աշխատանքի փաթեթը, քննարկեցինք օրակարգը, մշակեցինք հարցեր։ Անդրադարձ եղավ նաև Հակակոռուպցիոն կոմիտե այցին, որն իրականացնելու ենք հաջորդ՝ ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ընթացքում։
Երկրորդ դասաժամին ամփոփեցինք հեքիաթների ու պատմվածքների և նրանց գաղափարների վերաբերյալ նախագիծը, որն առաջարկել էր հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանը։ Այսօր դասաժամի ընթացքում քննարկեցինք տոները, հատկապես՝ ազգային, պետական ու ժողովրդական, խոսեցինք դրանց ծագման պատմության ու զարգացման վերաբերյալ։ Հետաքրքրականն այն էր, որ մեր ազգային տոներից որոշները սերում են հեթանոսական տոներից, ավանդույթներից, մասնավորապես՝ նրանք, որոնք կապված են բնական տարերքների՝ ջրի, կրակի, հողի ու հողմի հետ (օրինակ՝ Վարդավառն ու Տյառնընդառաջը)։ Օրինակում բերված երկու տոները կապված են համապատասխանաբար ջրի և կրակի հետ. իսկ ո՞ւր մնացին հողմն ու հողը։ Այդ մի հարցին պատասխանելը դժվար է, քանի որ մեզնից շատ առաջ դրանք իսպառ վերացել են, կոպիտ ասած, դուրս են եկել գործածությունից, այդ իսկ պատճառով ոչ մի նշույլ անգամ չկա նրանց գոյության։ Չնայած՝ ուսումնասիրություններն այդ ոլորտում կողջունվեն ու կխրախուսվեն։
Երրորդ դասաժամին հետաքրքիր մի խաղ խաղացինք. թղթերի վրա գրեցինք ինչ-որ իրի, առարկայի անվանում կամ մարդու անուն, և փորձեցինք գուշակել դրանք։ Ճամբարի ջոկատից անջատ՝ ես իմ օրն ավարտեցի պարասրահում՝ ռազմապար Յարխուշտայի փորձից հետո։