Սույն թվականի հունվարի 17-ին, ձմեռային ճամբարի շրջանակներում հասարակագետ-դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի գլխավորությամբ, մի խումբ հետաքրքրված տարատարիք սովորողներով այցելեցինք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Այցելության նախագծին և նախապատրաստական աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում
Իմ նախապատրաստական աշխատանքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ
Այսպիսով, երկար սպասումից հետո մեզ՝ կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներիս հնարավորություն ընձեռվեց այցելելու Հայաստանի Հանրապետության կարևորագույն և անկյունաքարային ինստիտուտներից մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ժամանելուն պես մեզ դիմավորեցին և ընդունեցին Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետն ու աշխատակիցը։


Քննարկում-զրույցի մեկնարկը տվեցինք կարճ ներկայացում-ծանոթությամբ. յուրաքանչյուր սովորող (ուսուցիչ) կես րոպեի ընթացքում ներկայացավ, պատմեց իր նախասիրությունների մասին, կիսվեց իր ապագայի հեռանկարներով, որից հետո մեկնարկեց բուն զրույցը՝ մարդու, և մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Նախ և առաջ, սովորողներն աշխատասեղանին դրված համաշխարհային կոնվենցիայով ընդունված երեխայի իրավունքների մասին ինֆորմացիոն թերթիկից ընտրեցին իրենց համար հոգեհարազատը կամ նախընտրածը, որի շուրջ ցանկանում էին ծավալել քննարկում, խոսակցություն։
Սովորողներից շատերը կենտրոնացան երեխայի կրթության, լավագույն շահի, սոցիալական և տնտեսական օգնության, շահագործումից պաշտպանվածության, մտքի և տեսակետների ազատ արտահայտման և հարգման թեմաների վրա։ Անդրադարձ եղավ հատկապես հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց հետևյալը. նպատակն այն չէ, որ տարբերությունն ու խտրականությունը զարգանան, այլ ստեղծվեն հավասար հնարավորություններ։
Հետաքրքրական և ուշագրավ է, որ հանրության մեջ շատերի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ գրքերի, հարմարանքների, հենարանների մշակումն ու ստեղծումն ընկալվում է որպես խտրականություն, այսինքն՝ ոմանք կարծում են, թե այդպես ոտնահարվում են այլոց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Բայց թույլ տվեք նկատել, որ այդ կերպ, ընդհակառակը, ստեղծվում են հավասար պայմաններ և հնարավորություններ բոլոր խմբերի երեխաների համար։ Մենք այնպիսի պետություն ենք և ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որտեղ խտրականությունն այլևս իրականություն չէ, և պետք է գործադրվի յուրաքանչյուր ջանք, որպեսզի հատուկ կարիքներով մարդիկ, և մասնավորապես՝ երեխաներն իրենց զգան ոչ թե հասարակությունից կտրված, այլ հասարակության լիիրավ անդամ։ Չէ՞ որ ամեն մի մարդ ունի իր արժանիքներն ու տաղանդը, նախասիրություններն ու նախընտրությունները, և պետության զարգացման գործում և պետության կայացման ճանապարհին պետք է ստեղծվի բոլորի համար արժանիքահեն միջավայր, որտեղ բոլորն միմյանց անձի նկատմամբ հարգանքով կվերաբերվեն և համատեղելով ջանքերը կստեղծեն ավելի բարեկեցիկ, ապահով ու անվտանգ պետություն։
Անդրադարձ եղավ նաև օրինազանց, դատապարտված, բանտարկված, իրավախախտ երեխաներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը։ Խոսեցինք, թե հիմնականում ինչ հանցանքների համար են երիտասարդներն ու պատանիները դատապարտվում, ինչ գործիքակազմ ու մեխանիզմներ են գործածվում նրանց իրավունքների արժանապատիվ պաշտպանության, ինչ գործընթացների միջով են անցնում երեխաները, ինչպես նաև ինչ հանգամանքների վրա են հիմնվում հետաքննիչներն ու իրավապահ մարմինները՝ հանցանքի ծայրահեղությունը հաշվարկելու և պատժաչափ սահմանելու գործում, և իհարկե այս ամենի համատեքստում ինչպիսի գործունեություն է ծավալում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։


Ամփոփելով մեր բազմաբնույթ, բազմաբովանդակ ու հետաքրքրաշարժ քննարկում-զրույցը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ այցերի, ուսուցողական ծրագրերում սովորողների ներառման և այլնի վերաբերյալ։ Նաև ամենավերջում «ոտքի վրա» հաջողվեց երկու բառ փոխանակել անձամբ տիկին Մանասյանի հետ և հանդիպումից գոհունակությունն ու արդյունավետությունն հայտնել։