«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր քայլք կրթական պարտեզով՝ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ։

Որպես «Կրթական հաստատությունների ցանկապատում» թեմայի շուրջ հետազոտական վարժարանի սովորողների ուսումնասիրության զարգացում՝ քայլքի նպատակն է համապատասխան իրավական դաշտի փաստական դրսևորումներն ուսումնասիրելը և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելը։

Այս քայլքը հասարակագիտական մասնախմբի կողմից նախաձեռնված երկրորդ քայլքն էր, առաջինին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ

Այսպիսով, հունվարի 15-ին մեկնարկեց կրթական պարտեզով թվով երկրորդ քայլքը՝ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանի գլխավորությամբ։ Մեր՝ մի խումբ հետաքրքրված տարատարիք սովորողներիս ուղղությունն հետևյալն էր. Մայր դպրոց — փառատոնային պուրակ — Արևելյան դպրոց-պարտեզ — Քոլեջ (Գինու, խաղողի դպրոց) — հարակից տարածքներ — ավագ դպրոց-հետազոտական վարժարան (ՏՏ լաբորատորիա)։

Ինչպես վերը նշեցի` հերթական քայլքը մեկնարկեցինք Մայր դպրոցից, որտեղ փոքր-ինչ զրույցի ընթացքում տիար Բլեյանը ներկայացրեց «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծն ու դրա գաղափարը, նախորդ քայլքի արդյունավետությունն ու նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։ Մեր ամբողջ քայլքի ընթացքում կանգառները, ինչպես նաև կարճատև զրույց-խոսակցություններն անդադար էին ու անսպառ։

Մեր առաջին կանգառը նկուղային տարածքն էր, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ` տարածքն ուսումնական միջավայրի վերածելու ուղղությամբ։ Սովորողներից շատերը հետաքրքրվեցին, թե արդյոք նմանատիպ տարածքները սեյսմակայունության տեսանկյունից ապահով են ու ինչքանով են պատրաստ ծառայել որպես ապաստարան։ Տիար Բլեյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ վերանորոգումներից ի վեր, նախորդող տասնամյակներում ստորգետնյա հանդիսացած այս տարածքները բարեկարգվել են ու այժմ բավականին կայուն ու անվտանգ վիճակում են, քանի որ կառուցված են հենասյուների վրա և մասնագետները որևէ խնդիր չեն արձանագրել։ Ուշագրավ է, որ թե՛ ներգրավված դասավանդողների, թե՛ սովորողների ջանքերի շնորհիվ, նկուղային հարկերը ծածկող հողակույտերը հետ են քաշվել ու այժմ իրենց տեղերում առաջացել են բլրատիպ թեքություններ (որոնք ի դեպ, միայն Մայր դպրոցի տարածքում չեն, այլ ամբողջ կրթահամալիրի)։

Դուրս գալով Մայր դպրոցի հիմնական տարածքից՝ մենք անցանք փառատոնային պուրակով դեպի №181 դպրոցի տարածք, որտեղ հիմնադիր-տնօրենը նշեց, որ առաջ այդտեղ հնարավոր է՝ ցանկապատ լիներ, սակայն ղեկավարության ու հատկապես՝ սովորողների ջանքերով այդ նախաձեռնությունը չիրականացավ։ Նաև որոշակիորեն համեմատականներ տարանք հանրակրթական (պետական) և հեղինակային կրթական հաստատությունների միջև. որոշ սովորողներ կիսվեցին իրենց կարծիքներով՝ կրթահամալիրի բարեկարգման ու հարմարավետ դարձնելու աշխատանքների մասին։

Հաջորդ մեր կանգառն Արևելյան դպրոց-պարտեզն էր, որի մուտքի մոտ մեզ խինդ ու ծիծաղով դիմավորեցին դպրոցական աղջիկներ։ Նրանք պատմեցին, թե ինչքան աշխատանք են կատարել։ Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մեր ամբողջ քայլքի ընթացքում մեզնից անպակաս էին աղբորսիչները, որոնք շատ սովորողների ձեռքին տեսնելով՝ որոշ բնակիչներ նույնիսկ զարմանում էին։

Քոլեջում մենք ևս մեկ անգամ ծանոթացանք գինու, խաղողի դպրոցի աշխատանքներին ու գործունեությանը, ուսումնասիրեցինք մառանը, կիսվեցինք տպավորություններով ու ապագայի հեռանկարներով, խոսեցինք ձեռքբերումների ու արձանագրած հաջողությունների մասին, այն է՝ տարատեսակ փառատոններին կրթահամալիրի մասնակցության ապահովումն ու ապրանքի առաջխաղացումը՝ իբրև սովորողների ձեռքի գործ։

Կարճատև կանգառ եղավ նաև բուսաբուծության լաբորատորիայում, որտեղ սովորողները ծանոթացան աճեցվող ու պահվող բուսատեսակներին, ինչպես նաև կենդանիների պահման պայմաններին։

Շրջելով հարակից տարածքներում (կրթահամալիրին չպատկանող), ծանոթացանք այնտեղի դրությանը, ցավոք, վատն այն էր, որ անթիվ-անհամար պլաստիկ շշեր, տոպրակներ, գարշահոտի մեջ կորած կենցաղային իրեր, ապրանքներ ընկած էին գետնին։ Ուստի մենք՝ սեբաստացի սովորողներս, ոչ միայն ակտիվ խոսում ու քննարկում էինք նախագիծը, այլև ձեռքի հետ մաքրում տարածքն ու որոշակիորեն վերադարձնում նրա նախկին տեսքը։

Վերջին կանգառը հետազոտական վարժարանի ՏՏ լաբորատորիան էր, որտեղ ընկեր Հերմինեն ներկայացրեց լաբորատորիայի գործունեությունը, սովորողների ձեռքբերումները, կատարած աշխատանքները։ Մոտ երկու ժամ տևած ճանաչողական-ուսումնական քայլքի արդյունքում սովորողներն ավելի լավ պատկերացում կազմեցին ընդհանուր համայնապատկերի մասին, ինչպես նաև ինչ-ինչ եզրահանգումներ կատարեցին շտկման, մաքրման, ցանկապատման վերաբերյալ։