Ձմեռային ճամբարի շրջանակներում, ջոկատով մասնակցում ենք հասարակագետ-դասավանդող Լևոն Միրզոյանի առաջարկած նախագծին, որը կոչվում է «Պատրաստվում եմ լեռնագնացության»։ Նախագծի շրջանակում ծանոթանում ենք լեռնագնացության պատրաստության հիմունքներին, հասկանում ենք, թե որ պարագաներն են հարկավոր լեռնագնացությանը ճիշտ նախապատրաստվելու համար, ինչպես նաև ինչ մեթոդներով ու միջոցներ պետք է գործածել բարձունքի հաղթահարումներն ավելի հեշտ ու թեթև դարձնելու համար։
Ամփոփ նկարագրությունը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ուսումնական տարում Հետազոտական Ավագ դպրոց վարժարանի սովորողները մի քանի անգամ տարբեր լեռներ են բարձրանում, ինչպես նաև հաճախ են այցելում Արատես ուսումնական ճամբար, որտեղ մի քանի անգամ առիթներ են լինում թեթև բարձունքներ հաղթահարելու և արտատնային պայմաններում ապրելու։ Մեր կրթահամալիրի սովորողները հիմնականում անտեղյակ են, թե ինչպե՞ս կարելի է նախապես պատշաճ կերպով պատրաստվել այդ արշավների․ ի՞նչ հագուստ հագնել, ի՞նչ պահեստային հագուստ և այլ օժանդակ պարագաներ ունենալ պայուսակի մեջ, ի՞նչ սնունդ վերցնել իրենց հետ, նախապես ի՞նչ աստիճանի ֆիզիկական պատրաստվածություն ձեռք բերել և ունենալ նախնական գիտելիքներ տվյալ լեռան վերաբերյալ։
Նախագծի նպատակը՝
- Սովորողները տեսականորեն լավագույնս տիրապետեն լեռնագնացության տարրական «գաղտնիքներին»
- Ունենան ընտիր նախապատրաստվածություն լեռնագնացությունից առաջ
- Սովորողների մոտ փոխել վերաբերմունքը լեռնագնացության նկատմամբ
Այժմ առաջարկում եմ ծանոթանալ անհրաժեշտ պարագաների և միջոցների ցանկին

1. Լեռնային կոշիկներ
Պետք է լինեն՝
- հաստ, տաք, բրենդային (պատենտ պարագաներն հիմնականում հեշտ փչացող ու մաշվող են)
- ունենա հաստ տակացուներ՝ խորդուբորդերով
- կոշիկի կապերը պետք է լինեն ձիգ, սակայն այնպես, որպեսզի արյան շրջանառությունը կանգ չառնի
2. Ուսապարկ / պայուսակ
Պետք է լինեն՝
- պրոֆեսիոնալ լեռնագնացության համար նախատեսված, բրենդային, որակյալ
- ունենա հատուկ ցանց մեջքի հատվածում՝ ավելորդ քրտնարտադրությունից պաշտպանելու համար
- ջրի խողովակի տեղ՝ ճանապարհորդությունների ժամանակ ավելորդ ժամանակ ու էներգիա չծախսելու նպատակով
- կապիչներ, որոնք պետք է լինեն ձիգ և հաստ
- համապատասխան պարկ, որտեղ կտեղավորվեն այլ անհրաժեշտ իրերը
3. Գլխարկ
Պետք է լինեն՝
- պանամայի տիպի արևապաշտպան ու քրտնարտադրությունից պաշտպանող գլխարկներ
- շրջանաձև, որպեսզի գլխի տարբեր հատվածներ ծածվեն ու չարևահարվեն
4. Լեռնագնացի ձեռնափայտեր
Պետք է լինեն՝
- հաստ, ձիգ, ամուր, պինդ
- ունենան հատուկ բռնիչներ, որոնք իրենց հերթին պետք է լինեն հարմարավետ, ունենան խորդուբորդեր
- ներքևի հատվածում ունենան պտուտակատիպի հարմարանք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարգավորվի հեշտ
5. Այլ պարագաներ
- Արևային ակնոց
- Անձրևանոց
- Մետաղական ջրաման
- Ֆլիսե վերնազգեստ
- Արշավական տաբատ
- Տաք գլխարյ
- և այլն
Օգտակար խորհուրդներ
- Սնունդ. լեռնագնացությանն նախորդող օրվա ընթացքում ստամոքսը պետք չէ ծանրաբեռնել կալորային ուտելիքներով, առաջարկվում է ավելի թեթև սնունդ օգտագործել, օրինակ՝ պաստա, վերմիշել և այլն, իսկ լեռնագնացության տանելու համար կարելի է վերցնել խուրմա, չիր-չամիչ, մրգեր, ընդեղեն, այսինքն՝ թեթև սնունդ
- Ընդհանուր նախապատրաստություն. կարող է տարօրինակ թվալ, բայց բարձունքներ հաղթահարելիս ոտքի եղունգները պետք է լինեն կտրած՝ դրան նախորդող 4-5 օրերի ընթացքում
- Ջուր. լեռնագնացության գնալիս շատ սառը ջուր վերցնել պետք չէ, քանզի այն անարդյունավետ է, որովհետև չի հագեցնում ծարավը, նաև կարող է դառնալ հիվանդության պատճառ, պետք է վերցնել գաղջ ջուր
- Դեղորայք. փոքրիկ դեղորայքի տուփւ հաստատ խանգարող չլինի. ճանապարհորդության ընթացքում կարող են լինեն որոշ պատահարներ, ուստի դեղորայք վերցնելը ևս առաջնային է