«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր քայլք կրթական պարտեզով կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ։
Որպես «Կրթական հաստատությունների ցանկապատում» թեմայի շուրջ հետազոտական վարժարանի սովորողների ուսումնասիրության զարգացում՝ քայլքի նպատակն է համապատասխան իրավական դաշտի փաստական դրսևորումներն ուսումնասիրելը և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելը։
Այս քայլքը հասարակագիտական մասնախմբի կողմից նախաձեռնված երրորդ քայլքն էր. առաջին երկուսին ծանոթացեք ստորև՝
Քայլք կրթական պարտեզով. մաս 1
Քայլք կրթական պարտեզով. մաս 2
Այսպիսով, այս անգամվա մեր ուղղությունն հետևյալն էր. Մայր դպրոց — փառատոնային պուրակ — Զորավար Անդրանիկի փողոց — B2 թաղամաս — Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց, հարակից տարածքներ — Սիրահարների այգի — Զորավար Անդրանիկի փողոցի վերնամաս — B1 թաղամաս — Քոլեջ։
Քայլքը մեկնարկեցինք Մայր դպրոցից։ Այս անգամ մեր քայլքի խմբում բավականին մեծ փոփոխություն-լրացումներ էին կատարվել. խումբը թարմացվել էր։ Խմբի անդամների քանակը չէր փոխվել, քանի որ ավելացել էին նոր ուսանողներ քոլեջից՝ դասավանդող Տիգրան Զոհրաբյանի գլխավորությամբ։


Քայլքի հենց սկզբից մեր ձեռքին էին մեծաթիվ աղբորսիչներ, որոնց օգնությամբ մենք հեշտությամբ հավաքում էինք աղբն այնտեղ, որտեղ նկատում էինք։ Զբոսնելով թաղամասի շենքերի ու այգիների միջով՝ հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանը պարբերական կերպով ներկայացնում էր թաղամասի այս հատվածի ստեղծման և կառուցման պատմությունը։ Հետաքրքիր զրույցի էինք բռնվել հենց ճարտարապետության թեմայով, քննարկում էինք պոստ-սովետական ու սովետական պրոյեկտները, թվարկում նրանց հարմարավետության պայմանները և այլն։
Անցնելով B2 թաղամաս, որոշվեց քայլել դեպի արևմուտք, որից հետո արդեն հնարավոր կլիներ մտնել, ինչպես տիար Բլեյանն էր նկատում, թաղամասի «կենտրոն»։ Մենք քայլեցինք այդ ուղղությամբ՝ ճանապարհին ուսումնասիրելով նորակառույց շենք-շինությունները։ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի մոտ կարճատև դադար ունեցանք, որտեղ հիմնադիր-տնօրենն ու դասավանդողները մեզ պատմեցին ծագման պատմությունը, կրթական որոշ յուրահատկություններ բացատրեցին, ինչպես նաև անդրադարձ եղավ ենթակառուցվածքներին՝ այգիներին, ցանկապատներին, հարմարանքներին, ճաղերին, նորակառույց դաշտերին և այլն։
Քննարկումների ընթացքում հիմնադիր-տնօրենը մասնավորապես նշեց, թե ինչպես են դրանք ազդում բնակիչների հոգեբանության վրա։ Փոքր-ինչ շրջելով և ծանոթանալով տարածքին մենք Սիրահարների այգում կանգառ ունեցանք։ Ասեմ նաև՝ ճանապարհին որոշ ընդհատումներով հետաքրքիր զրույցներ էին ծավալվում հայ հայտնի գործիչների, հատկապես՝ գրողների ու ստեղծագործողների վերաբերյալ։


Բնակիչները ջերմորեն ողջունում էին և սովորողներին բարի օր մաղթում։ Դա իհարկե փոխադարձ էր։ Մեր դասավանդողներից, տարատարիք սովորողներից բաղկացած խումբը ժամանակ առ ժամանակ կանգառներ ունեցավ նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան №190 ավագ դպրոցի, №78 և №87 մանկապարտեզների տարածքներում։
Վերջում, անցնելով փողոցը և «հատելով» թաղամասերի սահմանը, մենք քոլեջում զրույց ունեցանք և ամփոփեցինք մեր ուսումնական-ճանաչողական քայլքը։ Տիար Բլեյանը, դասավանդողները, սովորողներից և ուսանողներից շատերը կիսվեցին իրենց մտահղացումներով, կարծիքներով, խորհուրդներով։ Շատ հետաքրքիր, ինֆորմատիվ, ճանաչողական քայլք ունեցանք, որն արդեն թվով երրորդն էր։