Սույն թվականի հունվարի 22-ին, Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր հանդիպում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանի հետ։
Հանդիպման թեման էր՝
«Հողի տակ թաքնված Հայաստանը. Ի՞նչ է հնագիտությունը և ի՞նչ են պեղել հնագետները 2024 թվականին»
Հանդիպում-քննարկման նախագծին, ինչպես նաև նախապատրաստություններին կարող եք ծանոթանալ համակարգող-դասավանդողի բլոգում
Այսպիսով, երկար սպասված հանդիպում-քննարկումը վերջի ի վերջո կայացավ, շատ ու շատ սովորողների մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել հնագիտության հետ կապված, և հենց այդ օրը հնարավորություն ընձեռվեց հնչեցնելու դրանք։ Հանդիպման սկզբում փոքր-ինչ ներածական խոսքով հանդես եկավ մեր բանախոսը, պատմեց իր կենսագրության և կարիերայի մասին, իսկ տարվա ձեռքբերումներն ու նվաճումները ներկայացրեց վերջում։
Քննարկումն ավելի պատկերավոր ու հետաքրքիր դարձնելու համար, պարոն Գրիգորյանը պատրաստել էր մի հիասքանչ պրեզենտացիա, որում ներկայացնում էր հնագիտության ճյուղերը, պատմում՝ ինչպե՞ս դառնալ հնագետ, ներկայացնում նվաճումներն ու հաջողությունները, կիսվում սեփական մտորումներով ապագա հեռանկարների վերաբերյալ։
Մեր հանդիպում-քննարկումն անցկացվում էր առողջ, ընկերական ու ջերմ մթնոլորտում, որովհետև ինչպես շատ է պատահում, այս անգամ բանախոսն մեզ շատ մոտ, ծանոթ անձնավորություն էր, ում հետ հանդիպումից առաջ էլ համագործակցությունը բարձր մակարդակի էր։ Օրինակ՝ 2024 թվականի ամառային ճամբարի շրջանակներում մենք՝ մի խումբ սովորողներով ու դասավանդողներով մեկնեցինք Վայոց ձորի մարզի Հորս գյուղ՝ անձամբ տեսնելու պեղավայրն ու 14-րդ դարի Չեսար Օրբելյանի ապարանքը, որը հնագիտական խմբին՝ պարոն Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ջանքերի ներդրման արդյունքում հաջողվել էր դուրս հանել հողի տակից։ Ապարանքին ու եկեղեցուն ծանոթանալուց զատ, մենք ծառերի հովի տակ բազմելով քննարկել էինք նաև Ավետիս Գրիգորյանի համահեղինակած «Օպերացիա Զոդ. Ինչպե՞ս Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը։
Նախապատրաստական աշխատանքներին, ճամփորդական լուսաբանումներին ծանոթացեք ստորև՝
- «Օպերացիա Զոդ» գրքի ամփոփումը՝ Հորս բնակավայրում
- Ուսումնահայրենագիտական ճամփորդության ամփոփում. գրքի քննարկում Հորս բնակավայրի պեղավայրում




Մեր բազմաբովանդակ քննարկման ընթացքում անդրադարձներ եղան նաև այնպիսի թեմաներին, ինչպիսիք են հնագիտության դերը պատմության մեջ, ինչպես դառնալ հնագետ, ինչով են զբաղվում հնագետները, ինչպես է պետությունն աջակում հնագիտական արշավախմբերին ու պեղումներ իրականացնող կազմակերպություններին, ինչ օգուտ են քաղում հնագետները և ինչ դժվարություններ է պարունակում իր մեջ հնագիտությունը։
Սովորողների մոտ հստակ կարծիք կազմվեց ներքոհիշյալ հարցերի ու թեմաների վերաբերյալ.
- Ինչպիսի՞ գիտություն է հնագիտությունը
- Ի՞նչ են ուսումնասիրում հնագետները
- Ինչպե՞ս են ուսումնասիրում հնագետները
- Ինչո՞ւ է կարևոր հնագիտությունը
- Ինչպե՞ս է փոխվում պատմությունը
- Ինչպե՞ս դառնալ հնագետ
- Ո՞ւր գնալ պեղելու այս տարի
Ես գնահատեցի այն, որ սահիկաշարերից մեկը նվիրված էր հասարակության որոշ շերտերի մոտ կարծրացած պատկերացումներին ու կարծրատիպերին հնագիտության ու հնագետների մասին և դրանց վերացմանը։ Պարոն Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց, թե կոնկրետ ինչ են մարդիկ մտածում ու ընկալում հնագիտություն ասելիս կամ լսելիս. հետաքրքրական է, բայց փաստ, որ շատերի մտքում միանգամից հասունանում են ոսկի փորելու, վաճառելու կամ գրավատուն դնելու ու շահ ստանալու մտքերը։ Իմիջիայլոց, մի հետաքրքիր թեմայից էլ խոսեցինք, որը վերաբերում էր Թութանհամոն III փարավոնի անեծքին։ Լինեմ անկեղծ՝ որոշ ժամանակ կարծում էի, որ նման պարադոքսալ ու գերբնական ուժերն իրականում գոյություն ունեն, բայց դիտելով մի շարք տեսաշարեր ու լսելով պարոն Գրիգորյանի խոսքը, այժմ հավատում եմ, որ դա հերթական սովորական միֆերից է, որոնք մարդիկ հնարում են՝ սեփական վախերը քողարկելու կամ արդարացնելու միտումով։ Խոսք եղավ նաև ֆիլմերի մասին, որոնցից շատերն ազդվում են և սկսում են հավատալ, որ իրականության մեջ մարդիկ ևս գանձերի քարտեզով թաքնված ոսկիների տեղավայրեր են որոնում, գտնում, քրտնաջան աշխատում, փորում ու ոսկիները վերցնելով փախնում։
Քննարկման հաջորդ հատվածում սովորողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի ընթացակարգերի ու աշխատակարգերի միջով են անցնում մասնագետները, որպեսզի համապատասխան վարչություններն ու գերատեսչությունները համապատասխան թույլտվությունները տրամադրեն։ Չէ՞ որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընդերքը հանդիսանում է պետության սեփականություն։
Մենք պարբերաբար խոսեցինք այն մասին, թե օրինակ ինչ նախադրյալներ են ունենում ու ինչ հետևանքների են հանգեցնում, երբ.
- մարդ իր հողատարածքի տակ ոսկի կամ հնագիտական արժեք ներկայացնող իր է գտնում
- մարդ որոշում է ինքնուրույն պեղել՝ առանց պետության թույլտվության
- մարդ ցանկանում է իրեն պահել գտնված արժեքավոր նմուշները
- մարդ փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից
- մարդ փորձում է զբաղվել գտածոների վաճառքով կամ փոխանակմամբ



Քննարկման վերջին հատվածում պարոն Գրիգորյանը ներկայացրեց 2024 տարվա նվաճումներն ու ձեռքբերումները, մասնավորապես՝ բարդ ու խրթին աշխատանքի շնորհիվ պեղված Կապանի թագավորության Բաղաբերդ ամրոցն ու Հորս բնակավայրում պեղված Չեսար Օրբելյանի ապարանքը, որի մասին վերոնշյալում անդրադարձ կա։ Խոսվեց նաև ապագայի հեռանկարների մասին, որի հիմնական բաղադրիչներից մեկն համագործակցությունն է երիտասարդության ներկայացուցիչների հետ և նրանց ներգրավվումը պեղումների պրոցեսների մեջ։ Մենք այդպիսի փորձ ունեցանք Հորսում, սակայն հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Բաղաբերդի պեղումներին կկարողանան մասնակցել նաև հետազոտական վարժարանի սովորողներն ու սեփական աչքով տեսնել, թե ինչպիսի բարդ, քրտնաջան աշխատանք, նվիրվածություն ու կամքի ուժ է պահանջում հնագիտությունը։ Չէ՞ որ հնագիտությունը մարդու մասին է, մարդու ձեռքով ստեղծված յուրաքանչյուր առարկայի մասին է, որը դարեդար պահպանվելով ու մեզ հասնելով կարող է բացել հազարամյակներ առաջ ապրած ու ստեղծագործած մարդու կենցաղն ու առօրյան, թույլ տալ խորասուզվել այդ դարաշրջանում և ինչ-ինչ պատկերացումներ կազմել ապրելակերպի ու հասարակական փոխհարաբերությունների մասին։
Հանդիպման ամենավերջում դասավանդող Վարդան Կարապետյանը ներկայացրեց Խաղողի, գինու դպրոցում պատրաստվախ գինին և այն կրթահամալիրի անունից որպես պատվավոր հյուրի նվիրեց պարոն Գրիգորյանին։
Ես անձամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանին ժամանակ տրամադրելու, գեղեցիկ սահիկաշարով պատմական կարևոր արժեք ներկայացնող արտեֆակտներ ու տվյալներ ներկայացնելու, մեզ հետ ինֆորմատիվ և ինտերակտիվ զրույց-քննարկում կազմակերպելու և մեզ տանջող հարցերին համապարփակ պատասխաններ հնչեցնելու համար։