Հագեցած ճամբարային օրակարգը, անշուշտ, մեծ էներգիա է պահանջում, սակայն հետաքրքիր է, որ մեկտեղ այն լրացնում է՝ փոխանցելով անմոռանալի հիշողություններ, նորանոր գիտելիքներ ու ծանոթություններ, և իհարկե անգնահատելի փորձ։

Այսպիսով, այս շաբաթվա ընթացքում հանդիպեցինք ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանի հետ, ում հետ քննարկեցինք հնագիտության արդի խնդիրները, նոր նվաճումներն ու ձեռքբերումները։ Անդրադարձ եղավ նաև երիտասարդության ներկայացուցիչների ներգրավվածության մասին հնագիտական պեղումների գործընթացներում։

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանի հետ. ամփոփում

Ճամբարային շաբաթվա երկրորդ մասում այցելեցինք Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հանդիպեցինք նախագահի տեղակալ պարոն Բաբայանի հետ։ Շատ ինֆորմատիվ, հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույց ծավալվեց սեբաստացի սովորողների և կոմիտեի աշխատակիցների միջև, քննարկեցինք հակակոռուպցիոն գործունեության արդի խնդիրները, խոչընդոտներն ու ապագայի հեռանկարները։ Սովորողները կիսվեցին իրենց կոռուպցիայի կանխարգելման օրինակներով, ինչպես նաև հնչեցրին իրենց հուզող խնդիրները։

Մեդիաուրբաթից առաջ մենք հասցրեցինք նաև սահադաշտ գնալ, որտեղ և՛ հաճելի էր, և՛ ցավոտ, կարողացանք միմյանց օգնելով ու բարձրացնելով մեզ հատկացված մեկ ժամն արագ անցկացնել։ Բայց այնուամենայնիվ, ինձ շատ դուր եկավ, և ես կարծում եմ, որ այդ սպորտաձևը զարգացման պոտենցիալ ունի նաև մեր երկրում։

Եվ իհարկե, ճամբարի գլխավոր իրադարձությունն ավագ դպրոցի մեդիաուրբաթ-համերգն էր, որն ուղղակի հիասքանչ էր։ Պարերի, պարերգերի ու երգերի ոգին փոխանցվեց սովորողներին, և ներշնչված այդ ոգով սովորողները կարողացան ի ցույց դնել իսկական համախմբվածություն, փոխօգնություն ու սատարում։ Ես ինքս շատ ուրախ էի ու հպարտ, որ նման միջավայրում ենք մեծանում՝ իրար հարգելով ու օգնելով։