Ձմեռային ճամբարի ընթացքում ավագ դպրոցի հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանի հետ համագործակցային նախագծի շրջանակներում ուսումնասիրում ենք հայկական ազգագրական, բանահյուսական որոշ յուրահատկություններ, որոնք ստեղծվել ու զարգացել են ու շարունակում են զարգանալ մեր տարածաշրջանում։ Մեր ուսումնասիրություն-ամփոփումը կբաժանենք մի քանի բաժնի, որից յուրաքանչյուր կուսումնասիրենք սպեցիֆիկ թեմա։

Հեքիաթներ

Ընդունված սահմանում. Ժողովրդական պատմողական գրականության ձևերից մեկը, որ պատմում է մտացածին իրադարձությունների մասին, որոնց հաճախ միահյուսվում է երևակայական՝ կախարդական ուժերի միջամտությունը: Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում։

Ճամբարային օրերի ընթացքում ընկեր Հասմիկի հետ քննարկել ենք հեքիաթները, դրանց ծագման պատմությունը, գրելու ու խմբագրելու գործընթացը ու տարբերությունը մյուս արձակ կամ չափածո ստեղծագործություններից։ Վերընթերցելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մշակած «Ծիտը» հեքիաթը և ոչ միայն՝ մենք վերջինս խորաթափանց ու մանրակրկիտ ուսումնասիրության և վերլուծության ենթարկեցինք՝ պարզելով, թե ինչքան խրթին ու քողարկված իմաստ պարունակող կարող է լինել առաջին հայացքից մանկական թվացող այս ժողովրդական բանահյուսության գոհարը։ Քննարկումների վերջում անդրադարձ ենք կատարել նաև ուրիշ հայ դասական գրողների ստեղծագործություններին, վեպերին ու պատմվածքներին։

Հեքիաթները, ինչպես նշվեց վերևում, բանահյուսության ձևեր են, որոնք ժողովուրդները ստեղծում են որոշ ազգային յուրահատկություններ, բնավորության գծեր, նույնիսկ մտածելակերպ ու վարվելակերպ ցույց տալու համար։ Իհարկե, որոշ հեքիաթներ ու առասպելներ մեր հայ ժողովրդական փայլուն մտքի արտացոլումն են, որոնք, ցավոք, իրականություն չեն, այլ հաճախ կամ ցանկություն, կամ ձգտում։

Հեքիաթները խրատներ ու գաղափարներ են փոխանցում մարդկանց. հաճախ նրանք անուղղակիորեն ցույց են տալիս անտարբերության, ժլատության, անքաղաքավարության ու ագահության դառնագին հետևանքները՝ խորհուրդ տալով հրաժարվել դրանցից։ Հեքիաթները, իմ սուբյեկտիվ կարծիքով, սովորաբար հյուսվում են երիտասարդ ու անգետ մարդկանց շուրջ, որպեսզի հատուկ ցույց տան, որ նույնիսկ առաջին հայացքից անմեղ թվացող հերոսները կարող են լինել հեքիաթի չարագույնները։ Մեր բանահյուսությունը հարուստ է նաև հատուկենտ համեմատություններով, երբ հասարակական տարբեր խավերին ու շերտերին պատկանող անձանց (նաև կենդանիներին) համեմատում են ու միմյանց միջև զուգահեռներ տանում՝ նշելով նրանց արժանիքները, առավելություններն ու թերությունները։ Նման հեքիաթներից են «Տերն ու ծառան», «Շունն ու կատուն» և այլն։

Կառուցվածքային առումով ավելի թեթև ստեղծագործություններ են առակները, որոնք շատ հպանցիկ ներկայացնում են սյուժեն, բայց ավելի շատ են կենտրոնանում խրատի, մորալի վրա։

Հանելուկներ

Հանելուկը բանահյուսական ժանրի ստեղծագործություն է, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն։ Հանելուկն առարկան կամ երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։ Դիտարկենք մի քանի օրինակ.

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

Հասկանալի է դառնում, որ ժամանակ առ ժամանակ լուծման տարբերակը պատկերվում է ոչ ուղիղ, մեկ մեկ՝ աբսուրդ կամ երևակայելի ձևով։ Այսինքն՝ հանելուկներ հորինողները հատուկ այս մեթոդն են օգտագործում ուռճացնելու, ավելի հետաքրքիր դարձնելու և պատասխան որոնողներին շփոթեցնելու նպատակով։ Շատ դեպքերում սովորական իրերն ու երևույթները նկարագրվում են վեհ ինչ-որ կերպարներով, գերբնական ուժերով ու հզորությամբ օժտված, կամ էլ երբեմն անշունչ առարկաներին գրողները տալիս են շունչ, դարձնում են շնչավոր, տալիս են մարդկային կերպար։

Ազգային խաղեր ու ավանդույթներ (տոներ)

Սահմանում. ազգային տոնը երկրի կամ ազգի պաշտոնապես (օրենսդորեն) սահմանված տոնն է, առավել հաճախ (բայց ոչ անպայման) կապված նրա պետականության կայացման և անկախության հետ

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այժմ մի քանի դիտարկում մեր անցած դասերից.

  • Տոները հեթանոսության ժամանակաշրջանում հիմնականում կապվել են տարերքների, բնական երևույթների, այն է՝ ջրի, քամու, հողի ու կրակի հետ. մարդիկ տոներ են նշել՝ ցույց տալով, որ հավատարիմ են հեթանոսական արժեքներին։ Որպես օրինակ՝ Տրնդեզը՝ Տյառընդառաջը. կրակի վրայով ցատկելը խորհրդանշում է արեգակը, հաղորդում է ջերմության, արեգակի, լույսի գաղափար։
  • Ինչպես արդեն նշվեց, մեր ազգային տոներից որոշները սերում են հեթանոսական տոներից, ավանդույթներից, մասնավորապես՝ նրանք, որոնք կապված են բնական տարերքների՝ ջրի, կրակի, հողի ու հողմի հետ (օրինակ՝ Վարդավառն ու Տյառնընդառաջը)։ Օրինակում բերված երկու տոները կապված են համապատասխանաբար ջրի և կրակի հետ. իսկ ո՞ւր մնացին հողմն ու հողը։ Այդ մի հարցին պատասխանելը դժվար է, քանի որ մեզնից շատ առաջ դրանք իսպառ վերացել են, կոպիտ ասած, դուրս են եկել գործածությունից, այդ իսկ պատճառով ոչ մի նշույլ անգամ չկա նրանց գոյության։ Չնայած՝ ուսումնասիրություններն այդ ոլորտում կողջունվեն ու կխրախուսվեն։
  • Շատ տոներ կապվել են նաև աստղերի ու աստղաբանության հետ, ինչը վկայում է այն մասին, որ աստղերն ու տիեզերքը դեռ հեթանոսության շրջանում ակտիվ ուշադրության և ուսումնասիրության աղբյուր են հանդիսացել։

Փոքր-ինչ ազգային տոների մասին

Վարդավառ. Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ծաղկազարդ. Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական հարցերին, քննարկել ենք, թե ինչպես են կազմակերպվել խնջույքներ ու տոնախմբություններ հայկական գավառներում, գյուղերում և քաղաքներում։ Մեծ սեղանը զարդարել ես պես-պես ուտելիքներով ու համեղագույն խորտիկներով, որոնց ընկերակցել են գինին ու հացը։ Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ տոնակատարության հանդիսավոր, ծիսական ավանդությունները մինչ օրս էլ գործածական են ու արդիական։ Նաև այդ կերպ ենք մենք պահպանում մեր բազմադարյա ինքնությունը։

Այսպիսով, ամփոփում ենք ազգագրական, ինչպես նաև ազգաճանաչողական բնույթով նախագիծը, որի արդյունքում վստահաբար ձեռք են բերվել նորանոր գիտելիքներ, թարմացվել են հները։ Սովորողներն ավելի ճշգրիտ են պատկերացնում ծեսերի ու տոների կատարությունները, ավելի լավ են ըմբռնում հեքիաթներն ու նրանց իսկական իմաստներն ու հանելուկների միջոցով փոխանցում են իրենց՝ սովորական իրերի ու երևույթների նկատմամբ հեթանոսական հավատալիքներն ու դրանք չափազանցված ցույց տալու, մարդկային կերպարներ հաղորդելու անսպառ ցանկություններն ու ձգտումները։ Ամենակարևոր եզրակացությունն այն է, որ մենք պետք է ճանաչենք մեզ՝ մեր առավելություններով ու թերություններով հանդերձ։

Կայքեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.