«Թումանյանական օրերի» շրջանակներում ընթերցում ենք Ամենայն Հայոց Բանաստեղծի ստեղծագործություններն ու վերլուծություններ կատարում։ Շարունակելով պոեմների շարքը՝ ընթերցել եմ «Լոռեցի Սաքոն», որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդհանուր տեղեկություն
«Լոռեցի Սաքո» պոեմի առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1889 թվականին, իսկ առաջին անգամ հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ամսագրի՝ 5-20 էջերում։ Պոեմի երկրորդ տարբերակը առանձին գրքով տպագրվել է 1896 թվականին՝ Թիֆլիսում։ Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել, որտեղ բացատրել է գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ։ Սաքոն մի հուժկու հովիվ էր, որից անգամ գող ու գազաններն էին վախենում։ Սաքոն մի ընկեր ունի, որի հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել։ Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները։
Վերլուծություն
Չնայած այն հանգամանքին, որ պոեմը գրվել է 20-րդ դարի սկզբին, այն շատ լուրջ հոգեբանական խնդիրներ է շոշափում՝ միստիկ տագնապից մինչև հալյուցինացիաներ։ Ուշագրավ է, որ պոեմի գլխավոր հերոսը, ինչքան էլ որ պոեմն հստակ սյուժե չունի, հաղթանդամ ու զորեղ մի հովիվ է, ով վախ չունի, սակայն միակ երևույթը, որ կարողանում է պարզապես վերացնել նրա այդ երևակայելի ու մտածացին զորեղությունը, միայնակությունն է։
Լոռեցի Սաքոն մի ընկեր ուներ, ում հետ ոչխարներին էին տանում արածացնելու. մի օր իր ընկերը չէր եկել, ինչպես Սաքոն էր կարծում՝ զոքանչի ուտեստները համտեսելու էր գնացել։ Ժամանակ առ ժամանակ պրոտագոնիստը չարիքների, թուրք կանանց և այլ մութ երևույթների մասին է մտածում, անդուլ-անդադար փշաքաղվում, մտասուզվում հիշողությունների ծովը։ Սակայն ի վերջո, այդպես էլ չի կարողանում հաղթահարել ինքն իրեն ու միստիկ տագնապ է զգում, ինչքան էլ, որ տարածքը մաքուր է ու ամայի։ Սրանից մենք կարողանում ենք եզրակացնել, որ միայնակությունը, որը ներկայիս իրականության մեջ շատերի կարծիքով սթափեցնող ու կենտրոնացնող դեր է տանում, ինչ-որ պահի վերածվում է ախոյանի, մրցակցի, չարակամի, մի այնպիսի երևույթի, որը տագնապ է հարուցում ոչինչ չկասկածող մարդու սրտում և մտքում։ Միայնակությունը խելագարեցնող է, և դա է պատճառը, որ վերջում մեր հերոսը խելագարվում է ու փախչում։
Բոլոր այն միֆերն ու կարծրատիպերը, թե նա հուժկու մի հովիվ է, անվախ ու անահ, պոեմում խորանալուն պես հետզհետե հօդս են ցնդում, քանի որ ընթերցողը սկսում է ավելի լավ ճանաչել Սաքոյին, ով սիրում էր իր լեռները, տունը, բայց ում անընդհատ տանջում էին դեսից դենից եկած մտքերը թուրք կանանց մասին, որոնք միախառնվելով նրա վատ հիշողությունների հետ ու դառնալով չարիքներ, ահռելի սարսափ էին առաջացնում նրա մոտ։
Անկեղծ պիտի ասեմ՝ ըստ իս՝ հեղինակը կատարելապես հասկանում է մարդկային հոգեբանության նուրբ կոմպոնենտը խելագարության եզրին հասած ու մտատանջումներից խուսանավել ցանկացող անձի մոտ։ Այդ կոմպոնենտը շատ նուրբ, փափուկ մի բան է, որը ստիպում է մարդուն առողջ բանականությունն ու սթափ մտածողությունը մի կողմ դնել ու տրվել հույզերին։ Անշուշտ, մարդիկ ունակ են որոշ հանգամանքներում տարանջատել հույզն ու միտքը, այսինքն՝ հոգեբանությունն ու ողջամտությունն իրարից, ու դատել, ինչպես ասում են, սառը գլխով։ Բայց տագնապահարույց իրավիճակներում այդ հնարավորությունը գնալով քչանում է, որովհետև մարդն աստիճանաբար սկսում է ավելի շատ լարվել և իր մոտ առաջ են գալիս ոչ այնքան սառը դատողությունն ու ողջամտությունը, ինչքան ռեֆլեքսները, ինստինկտներն ու բնածին ռեակցիաները։
Ամենասարսափելի աղքատությունը միայնությունն է և չսիրված լինելու զգացումը։
Մայր Թերեզա
Հենց սա է կարողանում հեղինակն անուղղակիորեն բնութագրել Սաքոյի մոտ, մի մարդու, ով դաժան կյանք որպես այդպիսին չի էլ տեսել, սակայն այն տեսիլքները, որոնք նա տեսնում ու զգում է, կասկածի տեղիք են տալիս։ Այսուհանդերձ, հեղինակը կարողանում է ընթերցողին փոխանցել, ինչքանով որ դա հնարավոր է, հերոսի էմոցիաները, ապակողմնորոշվածությունը, և ես կարծում եմ, որ հենց դա է պոեմը պոեմ դարձնում։ Ինչպես հայտնի է՝ սույն ստեղծագործությունն ինչ-որ ուղերձ հղելու նպատակ չունի, այն պարզապես ցույց է տալիս մի շնչավոր էակի, ով միայնակությունից խելագարվում է։ Ահա թե ինչպիսի «նստվածք» է ունենում երկար մտածելը. շատ դեպքերում այն հասցնում է նաև հոգեբանական մահվան, երբ մարդ, ով չորս կողմից շրջապատված է չար մտքերով ու վատ հուշերով, հասկանում է, որ կորած է, իր ապրած կյանքը կորած է. նա սթրես է տանում, տխրում է, իր մեջ փակվում։ Իսկ Սաքոն հենց այդ մարդն էր, ով անվերջ մտածում էր ու մտածում, նրա մեջ հասունանում էին նոր մտքեր, նոր տեսիլքներ չարիքների ու թուրք կանանց մասին, և այդ ամենն ավելի էր վատթարացնում նրա այն էլ թույլ ոգին։ Եվ դա էր պատճառը, որ նա վերջ ի վերջո խելագարվեց։ Ես կարծում եմ, որ չափից դուրս շատ մտածելն ահավոր վնասակար է, կյանքում լինում են պահեր, երբ պետք է ուղղակի «անջատվել» կամ «կյանքից կտրվել»։ Կյանքում բազում են վատ դեպքերը, և դրանք են որոշում, թե ինչքանով է հոգեբանական տեսանկյունից մարդն ուժեղ ու դիմացկուն։
Ամփոփելով այս հոգեբանավերլուծական նյութը՝ խորհուրդ եմ տալիս երբեք չխուսափել հասարակությունից և երբեք հասարակությունից դուրս չլինել, որովհետև ամենալավ հայելին մարդիկ են և մարդկանց միջոցով ենք մենք մեզ բացահայտում։ Պետք է կյանքում մեկ անգամ փորձել, թեկուզ ձախողել, բայց գիտենալ, որ հետագայում ամեն ինչ ճիշտ կընթանա, ամեն ինչ լավ կլինի։