Պատմության առաջադրանքներ 11-րդ դասարանի համար

1. Ի՞նչ ակնկալիքներ ունեին հայերը սկսված աշխարհամարտից։ Ինչպե՞ս սկիզբ առավ ու ծավալվեց կամավորական շարժումը։ Առաջին փուլում ո՞ր ջոկատները կազմվեցին․ թվարկե՛ք ջոկատների հրամանատարական կազմը։

Հայ ղեկավարող ուժերը հույս ունեին վերադարձնել հայկական նահանգները, Կիլիկիան ու ինքնավարություն հաստատել Ռուսաստանի հովանու ներքո։ Մի շարք բանակցությունների արդյունքում սկսած 1914թ.-ից Ռուսաստանը պարզել էր, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգա հայաստանյան ղեկավարությունը Թուրքիայի դեմ պատերազմում։ Երկու տերություններն էլ մեծապես կարևորում էին Հայաստանին՝ իրենց կողմը ներգրավելու խնդիրը։ Հայոց ազգային բյուրոյի նպատակն ինքնավարության հաստատումն էր։

Կամավորական շարժումն, ըստ էության, ծագեց այն ժամանակ, երբ հայությունը, մասնավորապես՝ երիտասարդությունը, վստահեց Ռուսաստանին և ինքն իրեն համոզեց այն բանում, որ Ռուսաստանն ունակ է մի քանի օրում գրավել Էրզրումը, Վանը, Բիթլիսն ու փրկել արևմտահայությանը վերահաս վտանգից։ Այս նորությունն այնքան մեծ ներգործություն էր ունեցել հայության վրա, որ նրանք բազմահազարանոց ցույցեր ու հավաքներ էին նույնիսկ կազմակերպում, ինչի մասին վկայում է ՀՀ երկրորդ վարչապետ Խատիսյանը։ Կամավորական շարժման կազմակերպչական աշխատանքները գլխավորեց Հայոց ազգային բյուրոն։ Ձևավորվեց գործադիր մարմին՝ Հովսեփ Արղությանի գլխավորությամբ։

Կամավորական ջոկատների գլուխ էին անցնում նախկին հայդուկները /ֆիդայիները/։ Կամավորական շարժմանն էին միանում սփյուռքից ժամանած հայերը։ 1914թ. նոյեմբերին արդեն ձևավորվել էին չորս ջոկատներ՝ դրուժինաներ։ Առաջին ջոկատը գլխավորում էր Անդրանիկը, և որը գտնվում էր Սալմաստում։ Երկրորդ ջոկատը, որը կազմավորվեց Սուրմալույում՝ Իգդիրում, գլխավորեց Դրոն։ Երրորդը Համազասպի հրամանատարությամբ ստեղծվեց Կաղզվանում, իսկ Սարիղամիշում ձևավորվեց չորրորդը՝ Քեռու հրամանատարությամբ։

2. Նշանավոր ի՞նչ ճակատամարտերի մասնակցեցին հայ կամավորները 1915-1916 թթ․։ Ովքե՞ր աչքի ընկան։

Առաջին ջոկատը, որը 1914-ի նոյեմբերի սկզբին մասնակցեց մարտական գործողություններին Անդրանիկի ջոկատն էր։ Հաջորդ օրն առաջնագիծ մեկնեց նաև Դրոյի դրուժինան։ Վանի հայերի հերոսական պայքարը թուրք-քրդական բանակի դեմ սկսվել էր 1915 թվականի ապրիլի 7-ին։ Ապրիլի 24-ին վանահայությանն օգնության էր հասել հայոց գունդը։ Արարատյան գնդի խմբերը, որոնք մայիսի 5-ին Խեչոյի հրամանատարության ներքո մտան Վան, հետագայում ազատագրեցին նաև Շատախի ու Մոկսի շրջանները։

1915թ.-ի ապրիլի 16-18-ը տեղի ունեցավ Դիլմանի ճակատամարտը, որին հերոսաբար ու անձնվիրաբար մասնակցում էր Անդրանիկի գլխավորած զորաջոկատը։

Հայկական ջոկատներում տիրող կարճատև հիասթափությունից հետո, որն առաջացել էր ռուսական բանակի հանկարծակի նահանջի պատճառով, ջոկատները վերակազմակերպվեցին ու շարունակեցին պայքարել։ Դրոյի երկրորդ ջոկատը, որի մարտիկների թիվը մոտ 1200 էր, կռվում էր Խնուս-Մուշի շրջանում։ 1916 թվականի սկզբին ջոկատը մտավ Խնուս, հետո՝ Մուշ։ Զուգահեռ տեղի էին ունենում ուրիշ ընդհարումներ ու կռիվներ, որոնց արդյունքում Անդրանիկն իր 1500-հոգանոց զորաջոկատով գրավեց Բիթլիսը։ Համազասպի գլխավորած երրորդ ջոկատը հաջողություններ ունեցավ Խիզանում, որտեղ նաև ազատեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Չորրորդ և յոթերորդ ջոկատներն անձնուրաց կռիվներ էին մղում հարավային սահմանագծում։ Կռիվների ժամանակ զոհվում է մեծ հայդուկապետ Քեռին։

3. Վերհանե՛ք հայ կամավորական շարժման նշանակությունը։

Ինչպես գրված է պատմության դասագրքում՝ հայ կամավորական շարժումն էական նշանակություն ունեցավ ռուսական զորքի հաղթանակների համատեքստում։ Հարյուրավոր զինվորներ արժանացան Գեորգիևյան խաչերի ու մեդալների, իսկ խաչի բոլոր չորս աստիճաններին արժանացան Դրոն, Սմբատն ու Ղազարը. կռիվներում զոհվեց շուրջ 800 հայ կամավորական։ Շարժման կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը։ Այս ամենից հետո Հայոց թագավորության երբեմնի մայրաքաղաք Վանի իշխանությունը ստանձնեց Հայաստանի նորանկախ հանրապետության հիմնադիր հայրերից մեկը՝ դիկտատոր Արամ Մանուկյանը, որի գլխավորությամբ ձևավորվեցին նահանգային մի շարք կառավարական մարմիններ, կրթության և ոստիկանության վարչություններ, քաղաքապետարան և այլն։

4. Ինչու՞ հայ կամավորական ջոկատները վերածվեցին կանոնավոր զորամիավորների։

Երբ հայ կամավորական զորաջոկատները դուրս էին գալիս Ռուսաստանի «թույլատրելիության» սահմաններից, ակնհայտ էր, որ դա ոչ մի կերպ չէր նպաստում վերջինիս շահերի առաջխաղացմանը։ Դուրս գալու նպատակը կանոնավոր ազգային բանակ ստեղծելու գաղափարն էր ու ձգտումը։ Սակայն, լուծարելով կամավորական ութ ջոկատները, կազմակերպվեցին վեց գումարտակներ, որոնք համալրեցին ռուսական զորքի շարքերը, և որոնց գլուխ էին անցել հայտնի ու ականավոր գործիչներ, ինչպիսիք են Պողոս Բեկ-Փիրումյանը և այլոք։ Այսպես՝ Կովկասյան ճակատում երկու տարի մարտնչած հայ կամավորական զինուժը վերակազմավորվեց ազգային կանոնավոր մարտական ուժի, որն արժանիորեն շարունակեց կամավորների ռազմական տարեգրությունը, ինչպես որ նշված է դասագրքում։